Միլիարդատերը փոխում է քաղաքացիությունը


 

Նրանց, ում համար ամեն ինչ առանձնահատուկ է` վայելքների տեսքով, հարկերն էլ պետք է հատուկ լինեն: Երևի այսպես է մտածել Ֆրանսիայի նախագահը` տարեկան 1 միլիոն եվրոն գերազանցող եկամուտ ունեցողների համար 75 %-անոց եկամտահարկ առաջարկելով:

Կիրակի օրն իր հեռուստաելույթում նա խոստացել է վերականգնել երկրի տնտեսությունը: Այդ ուղղությամբ իր ծրագրերից գլխավորը նա համարել է հարկերի բարձրացումը: Նա հաստատել է նաև այսպես կոչված` 75 տոկոսանոց հարստության հարկի ներմուծումը (գրել է «Գոլոս Ռոսիի»-ն):

Մարդու համար հայրենիքը մեկն է` եթե նույնիսկ այնտեղ ապրել չես կարողանում: Իսկ փողերը հայրենիք չունեն, թեև ամենուր իրենց տեր են զգում, որովհետև առանց դրանց մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքը:

Արագընթաց մեր դարում նոր երկընտրանք է ծագել. փո՞ղն է մարդու ձեռքում, թե՞ մարդը` փողի. մա՞րդն է փողն օգտագործում, թե՞ փողերը` մարդուն: Այս հարցի պատասխանը փիլիսոփաներն ու տեսաբանները երևի չեն գտնի, իսկ օգտագործող-օգտագործվողներին պետք էլ չէ: Ու մինչ կհասունանա հարցը, նորին մեծություն ֆինանսները ռոմանսներ են երգում երկրե-երկիր: Դիցուք, Եվրոպայի թիվ 1 մեծահարուստ ֆրանսիացի Բեռնար Առնոն որոշել է փոխել քաղաքացիությունը: Պնդողներ կան, որ նա հայրենիքը չի փոխի` կշարունակի ապրել Ֆրանսիայում, բայց` որպես Բելգիայի քաղաքացի:

Առնոյի կարողությունը Forbes-ը գնահատել է 41 միլիարդ դոլար: Նրա տարեկան եկամուտները գերազանցում են 1 մլն եվրոն, իսկ առաջիկայում Ֆրանսիայում ընդունվելիք նոր օրենքը 75 %-անոց հարկ է նախատեսում միլիոնը գերազանցող եկամտից (նշել է «Էխո Մոսկվի»-ն):

Բեռնար Առնոն արդեն քաղաքացիություն է խնդրել Բելգիայում: Այստեղ հարկերը բարձր չեն, և չկան կապիտալի աճի և հարստության հարկը:

Անցյալ չորեքշաբթի Առնոն կոշտ զրույց է ունեցել վարչապետ Ժան-Մարկ Էրոյի աշխատասենյակում` ևս մեկ անգամ իր բացասական վերաբերմունքն արտահայտելով ներկա տնտեսական քաղաքականությունից: Դրանից 2 օր անց արդեն հաղորդագրություն տարածվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից նրա հրաժարվելու մասին:

Փորձագետները կարծում են, որ միլիարդատերը կշարունակի ապրել Ֆրանսիայում (հավանաբար կհաստատվի Մոնակոյում), բայց հարկեր կվճարի բելգիական «արտոնյալ» հաշվարկով:

Ճկուն մտածողություն, հնարամիտ հայրենասիրություն: