ՍԱ ՄԵՆՔ ԵՆՔ, ՍԱ ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է


 

Երկրի մոտ 500 համայնքում ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Առջևում էլի ընտրություններ կան` սեպտեմբերի 25-ին, որոնցից հետո արդեն ձևավորված կլինեն բոլոր ՏԻՄ կառույցները, ու երկիրը կգնա դեպի նախագահի ընտրություններ: Ու հենց ՏԻՄ ընտրությունների այսպես կոչված առաջին փուլն էլ լուրջ մտորումներ ու անհանգստություններ ծնեց, պարտադրեց հերթական անգամ ցավով նշել, որ այդպես էլ չենք կարողանում կազմակերպել ժողովրդավարությանը համահունչ ընտրութ յուններ` արդար ու թափանցիկ հասկացությունները հեռու վանելով մեզանից:

Այս ընտրություններին, անկախ դրանց արդյունքներից, մեր ուշադրությունը սևեռված էր ՀՀ երկու խոշոր քաղաքի` Վանաձորին և Գյումրուն, քանզի այստեղ յուրովի արտացոլվում է ողջ ընտրական խճանկարը, պատկերացում ձևավորում քաղաքացիական հասարակության կայացման մեր ըմբռնումների մասին:

Ընտրությունների օրը Գյումրիից դատախազություն և ԿԸՀ հղվել է ավելի քան 100 ընտրախախտումների մասին տեղեկացնող բողոք: Փոքր-ինչ պակաս է եղել բողոքների թիվը Վանաձորից: Պատճառն այն էր, որ Վանաձորում գրանցվել է ընտրություններին մասնակցողների զարմանալի պասիվություն:

Ընտրությունների ընթացքում Գյումրիում անսպասելիորեն հայտնաբերվեց մի յուրօրինակ պայմանագիր, որով խոստացվում էր Բալասանյանին շատ ձայներ բերողներին, ըստ տոկոսային հարաբերությունների, վճարել 50-ից մինչև 100 հազար դրամ (տես լուսանկարը): Բազմաթիվ խախտումները, ամենուրեք բաժանվող ընտրակաշառքները փաստեցին, որ ընտրողների մի զգալի մաս տակավին սպասում է կաշառքի, որպեսզի արտահայտի իր քաղաքացիական դիրքորոշումը, իսկ ահա ընտրվողներից շատերն էլ ապավինում են փողին` այսպես կամենալով տեղեր զբաղեցնել ՏԻ մարմիններում: Իհարկե, ի տարբերություն ԱԺ ընտրությունների, երբ անգամ 20-80 հազար դրամ կաշառք էին տալիս, այս անգամ Գյումրիում անգամ 1000 դրամ ընտրակաշառք բաժանողներ կային: Ու զարմանալին և վիրավորականն այն է, որ մարդիկ 1000 դրամով վաճառում էին իրենց ձայնը, քաղաքի ապագան, 1000 դրամով ջանում էին ավագանի դարձնել ու քաղաքապետի պաշտոնի բերել մարդկանց, ովքեր ոչ թե ընտրողի, այլ սեփական բարօրության մասին են մտածում: Ուրեմն, մեր գլխավոր մտահոգություններից մեկը` ընտրակաշառքը, այս անգամ ևս հիշեցնել տվեց իր մասին, այս անգամ ևս մենք չկարողացանք արձանագրել արդար և թափանցիկ ընտրութ յուններ...

Ընտրությունների ընթացքում ծավալվող քարոզչությունը ևս դատապարտելի է, բայց ահա ամենուրեք ընթանում էր այդ քարոզչությունը` անգամ ներգրավելով օրենսդիրների և պաշտոնատար անձանց: Սա Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է, սակայն ոչ ոք այս մասին չի մտածում: Ոչ ոք չի մտածում, որ չի կարելի ընտրատեղամասում կամ նրա տարածքում ուղղորդել ընտրողներին, հուշել, ոչ ոք նաև չի մտածում, որ չի կարելի ընտրությունների օրը հրապարակային գնահատականներ տալ թեկնածուներին, բայց ահա Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հայտարարեց, որ «կարգին թեկնածուներ չկան»... Մի՞թե այս մասին նա չէր կարող ասել 2 օր առաջ, առաջադրումների ընթացքում... Ոչ ոք չի մտածում նաև, որ չի կարելի խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը, բայց խոչընդոտելու բազմաթիվ փաստեր արձանագրվեցին:

Տխուր է պատկերացնել, որ ընդդիմանալով մեր հանդեպ գործվող անարդարություններին, խոսելով մեր ժողովրդավարական ձեռքբերումների մասին, շարունակում ենք գնալ դեպի կեղծված ընտրությունները, թվանկարչությունը, ընտրակաշառքները... Մենք մեր իսկ ձեռքերով աղավաղում ենք մեր նկարագիրը, հարված ենք հասցնում ինքներս մեզ: Մենք մեր ձեռքերով կանխում ենք մեր առաջընթացը: Փետրվարին արդեն նախագահի ընտրություններ են, փետրվարին ևս մի փորձության ենք ենթարկվելու: Ու վա˜յ մեզ, որ այդ ընտրություն ներին առաջնորդվենք նույն բարոյական խոտորումներով, օրենքների նմանօրինակ ոտնահարումներով: Ինքներս հետո մեզ չենք վստահելու, մեզ չենք հավատալու...

Լ.Մ.