ԳՅՈՒՂԱՑԻՆ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ


 

Գյուղատնտեսության ոլորտը, կարծես, շահեկանորեն սկսել է տարբերվել այլ ոլորտներից: Շահեկանորեն` այն առումով, որ հանձին Գյուղնախարարության պետությունը փորձում է մասնակի պահանջատիրություն հանդես բերել ի շահ արտադրողի: Գյուղացիների հետ հանդիպումների ընթացքում երկրի նախագահը ևս կարևորում է այն փաստը, որ գյուղացին չպետք է միայնակ մնա:

Իրականությունը բոլորին է տեսանելի. մթերողները ծայրահեղ ցածր գներով բերքը գնում են դրա իրական տիրոջից և չափազանց բարձր գներով հրամցնում սպառողին: Էլ չենք խոսում միջնորդ-վերավաճառողների մասին...

Մինչդեռ ամենաազատական շուկայի պարագայում իսկ պետությունը չպետք է մոռանա կարգավորողի իր պարտականությունը: Ու դա զգացվում է վերջին ամիսներին: Որոշ ընկերություններ, սակայն, շարունակում են հին գործելաոճը: Դիցուք, դեղձ մթերելու պատրաստակամություն հայտնած «Բորոդինո» և «Բյուրակն» ընկերությունները մինչ օրս հապաղում են (մեղմ ասած): «Բորոդինոն» պարտավորվել էր մթերել հազար տոննա, սակայն առ այսօր չի գնել ոչ մի կիլոգրամ: Իսկ «Բյուրակն»-ը` Էջմիածնի պահածոների գործարանը, իր իսկ ստանձնած` հազար տոննա պարտավորությունից մթերել է ընդամենը 35 տ:

Սա սոսկ անբարեխղճություն չէ:

Երկու ընկերություններն էլ լավ գիտեն, որ հասունացող բերքը չի կարող սպասել իրենց քմահաճույքներին: Ու հավանաբար այդպես են վարվում, որպեսզի գյուղացին ստիպված լինի չնչին գներով իրենց «ջուրը լցնել» դժվարությամբ աճեցրած միրգը: