«ԱՄԵՆԱՈՂՋԱՄԻՏ» ՖԻԴԵ-ն


 

Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում որոշվել է ոչ միայն 2015 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացնել Բաքվում, այլև Ադրբեջանի մայրաքաղաքին տալ 2016 թվականի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպման իրավունքը: Միջազգային ֆեդերացիան շախմատային աշխարհի այդ երկու խոշորագույն իրադարձություններին հայ շախմատիստների մասնակցության նպատակով մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Այս տեղեկատվությունն արդեն մի քանի օր է լուրջ անհանգստություններ է ծնում: Անհանգստություն, որովհետև ՖԻԴԵ-ն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ արդեն պարզ էր, որ Հայաստանի հավաքականը դարձել է օլիմպիական չեմպիոն: Այսինքն, տեսնելով հայ շախմատիստների փայլուն հաղթանակը, աշխարհում օրավուր աճող հայկական շախմատի հեղինակությունը, Կիրսան Իլյումժինովը մտադրվել է մի այնպիսի որոշում կայացնել, որը 2016-ի օլիմպիադան կդարձնի ինտրիգային, աղմուկ կձևավորի նրա շուրջ` ի վերջո հարցականի տակ դնելով Հայաստանի հավաքականի մասնակցությունը: Իսկ սա ձեռնտու կլինի բոլոր նրանց, ովքեր չկարողացան առաջ անցնել Հայաստանից, ովքեր կարող են հաջորդ օլիմպիադային, Հայաստանի բացակայությամբ, հռչակվել չեմպիոններ:

Հայաստանին կրնկակոխ հետևում էին Ռուսաստանի և Չինաստանի հավաքականները: Բնականաբար, Ռուսաստանի դաշնային սուբյեկտներից մեկի` Կալմիկիայի նախագահի համար, այնքան հաճելի չէր, որ լինելով ՖԻԴԵ-ի նախագահ, չի կարողանում հաղթանակ ապահովել իր երկրի հավաքականի համար: Պարզ է նաև, որ այս առթիվ Վլադիմիր Պուտինը կարող է ոչ հաճելի զրույց ունենալ Իլյումժինովի հետ: Իսկ ահա Բաքվում կայանալիք օլիմպիադային կարող են հայերը չմասնակցել, ինչն էլ հնարավորություն կտա ՖԻԴԵ-ի ու Կալմիկիայի նախագահին` հպարտորեն մտնել Կրեմլ և իր նախագահին զեկուցել նոր հաղթանակի մասին:

Սպորտը երբեք չպետք է քաղաքականացնել, սակայն ՖԻԴԵ-ի որոշումն առնվազն պետք է անբարոյականություն համարել, քանզի ողջ աշխարհում այսօր հնչում են Ադրբեջանին և Հունգարիային դատապարտող կոչեր, Ադրբեջանը դիտարկվում է չարիքի կայսրություն, ուր հանցագործին արդարացնում ու հերոսացնում են: Իսկ ահա ՖԻԴԵ-ն որոշում է կայացնում օլիմպիադան և գավաթի խաղարկությունն անցկացնել այդ երկրի մայրաքաղաք Բաքվում: Սա անբարոյականությունից զատ` նաև ցինիզմ է: Ուստի պետք չէ կասկածել, որ հենց Ադրբեջանն է կարողացել այս անգամ էլ իր նավթային դոլարներով կաշառել ՖԻԴԵ-ին` միաժամանակ հուշելով Ռուսաստանին, որ իր համար էլ «ցանկալի» քայլ է անում…