Սովահարություն` հոգևորականի խորհրդով


Ինչերի˜ միայն պատրաստ չեն ծնողները` հանուն իրենց զավակների հոգու և մարմնի առողջության: Բայց որ հանուն բիզնեսի զոհաբերեն անչափահաս դստեր առողջությունը... Սա արդեն կրոնամոլներն ու հոգեբանները կկարողանան մեկնաբանել:

Տարաբախտ 13-ամյա այս աղջնակի հարազատների ոսկերչական ձեռնարկությունում գործերը սկսել են վատանալ: Բրահմանը խորհուրդ է տվել համոզել դեռահաս աղջկան, որ նա հուլիսի կեսերից մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը պահքի մեջ մնա, և դա կվերադարձնի բիզնեսի հաջողությունը:

Արադխանին (այդպես է աղջկա անունը), մի կերպ հիվանդանոց են հասցրել պահքի 68-րդ օրը` վնասված աղիներով և երիկամներով (հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն´): Թե ինչ են զգում ծնողներն ու հարազատները, դժվար չէ կռահել: Իսկ հոգևորականն իր մեղքը գիտակցո՞ւմ է արդյոք: Լրատվականն այս մասին ոչինչ չի ասում, սակայն տեղեկացնում է, որ ողբերգությունը հարուցել է իրավապաշտպանների զայրույթը, և նրանք պահանջում են պատժել ծնողներին: