Առաջին օդակայանը` 7000 տարի առաջ


Իրաքի տրանսպորտի նախարար Կազեմ Ֆինջանն անցյալ շաբաթ այսպիսի սենսացիոն հայտարարություն է արել` լրագրողներին պատմելով, որ աշխարհի առաջին օդանավակայանը կառուցել են այլմոլորակայինները` մեր թվարկությունից առաջ` 5000 թվականին:

Իր այս համոզմունքը նախարարը ներկայացրել է Էն Նասի քաղաքի օդանավակայանի բացման առիթով հրավիրած ասուլիսում: Ֆինջանը հավաստիացրել է, որ Երկիր մոլորակի առաջին թռիչքահարթակը եղել է հենց նույն վայրում: Այն կառուցել են հին շումերները` այլմոլորակայինների օգնությամբ (գրել է ExΘress-ը):

Նախարարի կարծիքով հնագույն այդ օդակայանն օգտագործվել է որպես կոսմիկական հետազոտությունների հրապարակ: Տիեզերակայանից մեկնարկած օդանավերն էլ հենց հայտնագործել են Պլոտոն և առասպելական Նիբերու մոլորակները:

Իր հայտարարությունը հիմնավորելու համար Ֆինջանը վկայակոչել է Սեմյուել Կրամերի գիրքը, որտեղից էլ քաղել է մեջբերած տեղեկատվությունը: Նա լրագրողներին նախ խորհուրդ է տվել ծանոթանալ այդ հեղինակի` պատմությանն այլընտրանք հանդիսացող աշխատություններին: