Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-13-ում)

Երկրորդ հարվածն ավելի ուժեղ էր, որին հաջորդեցին մի քանի կրակոց: Սամվելի ականջին հասան ատրճանակի պահունակը փոխելու ձայնը: Պետք էր շտապել` քանի դեռ հակառակորդը պատրաստ չէր: Այդ պահին երրորդ հարվածը չուշացավ, ու դուռը գրեթե ամբողջովին բացվեց, իսկ Սամվելն ու Տաթևը հայտնվեցին դռան ու պատի արանքում: Սամվելին թվաց, որ մարդասպանն արդեն մտնում է ներս ու որքան ուժ ուներ` ոտքով հարվածեց դռանը: Դուռը մեծ ուժով դիպավ ներս մտնողին: Սամվելն արագ դռան դիմաց հայտնվեց, իսկ Տաթևը ձեռքն առավ կողքին դրված սկահակն ու փորձեց հետ չմնալ Սամվելից: Դռան մոտ ոչ մեկը չկար: Սամվելը հույս ուներ հարվածից հետո անակնկալ հարձակվել ու կարողանալ դուրս գալ սենյակից, բայց ոչ մեկին չտեսնելով ու հասկանալով, որ մարդասպանն անվնաս է, փորձեց հետ գնալ: Մինչ կհասցներ դռան մյուս կողմն անցնել, շեմքին հայտնվեց Անահիտը, իսկ նրա հետևում անվտանգության աշխատակցի հագուստով մի տղամարդ, ով ատրճանակն ուղղեց աղջկա ճակատին:

- Չշարժվե´լ…

***

Ոստիկանության օպերատորն առաջին իսկ զանգից վերցրեց խոսափողը:

- Ոստիկանություն: Ինչո՞վ կարող եմ օգնել:

Հեռախոսի մյուս ծայրից լսվեց տղամարդու բավականին խռպոտ ձայն.

- Ես ուզում եմ հայտնել,- մի պահ ձայնը կորավ, ապա լսվեց հազի ձայն,- Կառավարական տանն այս պահին գտնվում են մարդիկ, ովքեր անմիջական կապ ունեն երկու ժամ առաջ տեղի ունեցած սպանության հետ:

Երիտասարդ օպերատորն անմիջապես սեղմեց ստեղնաշարի մի քանի ստեղն, որով համակարգը սկսեց փնտրել զանգահարողի հեռախոսահամարը և գտնվելու վայրը, բայց, տարօրինակ կերպով, համակարգը կարծես դանդաղում էր: Ավելին, հեռախոսահամարն արդեն իսկ պետք է հայտնված լիներ էկրանին, բայց համակարգիչը չէր կարողանում վերծանել, իսկ եթե կապն անջատվեր, հեռախոսահամարը գտնելն էլ ավելի կբարդանար:

- Կներեք, ո՞ր դեպքի մասին է խոսքը, և ո՞ր Կառավարական շենքը նկատի ունեք, - հարցրեց օպրատորն ու փորձեց մյուս աշխատակիցների ուշադրությունը գրավել` վեր բարձրացնելով ձեռքը:

Մի պահ զանգահարողը լուռ էր, սակայն օպերատորի ականջին հասավ որոշակի աղմուկ, որը կարող էր միայն մեքենայի ընթացքի ձայն լինել:

- Փոխնախարարի սպանության…

Նույն պահին էկրանին հայտնվեց փոքրիկ պատուհան, որը հայտնվում էր բացառիկ դեպքերում միայն:

«Հեռախոսահամարը պաշտպանված է:

Զանգահարողի գտնվելու վայրն այս պահին անհայտ է»:

Մինչ օպերատորը կհասցներ հարց տալ, լսափողում լսվեց կապի ընդհատումն ազդարարող սուլոցը:

Օպերատորը զարմացած հայացք ձգեց գործընկերների ուղղությամբ ու սեղմեց կապի բաժնի պատասխանատուին կանչող կոճակը:

- Համարն հատուկ պաշտպանված է, իսկ զանգը փոխնախարարի սպանությանն է վերաբերվում,- զարմացած հայացքներին պատասխանեց օպերատորն ու տվյալներն ուղարկեց հատուկ բաժին` համարի վերծանման համար: Հեռախոսահամարների վերծանման պատասխանը չպետք է ուշանար, բայց մինչ այդ արագ արձագանքման բաժնի ողջ անձնակազմը հասցրել էր լսել հեռախոսազանգի ձայնագրությունը: Երևանի ծառայության պետն էլ տեղեկացրել էր ոստիկանապետին, և ոստիկանության աշխատակիցներն արդեն ճանապարհին էին…

Րոպեներ անց` հեռախոսահամարի վերծանմամբ զբաղվող հատուկ բաժնի պատասխանը զարմանք ու միևնույն ժամանակ զայրույթ պատճառեց ծառայության պետին: Պարզվում է` հեռախոսահամարն ունի առավելագույն պաշտպանություն, որը նշանակում է այն կառավարության որևէ անդամի հեռախոսահամար է, իսկ նման դեպքերում ԱԱԾ-ը պետք է տեղյակ լինի բոլոր մանրամասների մասին:

- Տեղեկացրեք ազգային անվտանգությանն ու վերծանեք համարը,- հրահանգեց ծառայության պետն ու շտապեց մեկնել Կառավարական տուն` մինչ ոստիկանապետը տեղ կհասներ` նրան անձամբ զեկուցելու համար:

***

- Չշարժվել,- երկրորդ անգամ բղավեց բարձրահասակ տղամարդն ու ատրճանակի փողն ավելի մեծ ուժով սեղմեց Անահիտի քունքին:

Տղամարդն արտաքնապես ընդհանրապես հայի նման չէր, իսկ հատուկ շեշտադրումով ասված մի քանի բառը վկայում էր, որ հանցագործը հայ չէ:

Սամվելն ու Տաթևն ակամա վեր բարձրացրին ձեռքերը, իսկ Տաթևի ձեռքից սկահակը, ընկնելով հատակին, փշուր-փշուր եղավ:

Սամվելի ուշադիր հայացքից չվրիպեց Տաթևի ընկճված, վախեցած, բայց միևնույն ժամանակ նաև` խրոխտ կեցվածքը, իսկ Անահիտի դեմքին վախից գույն չէր մնացել: Սամվելը փորձում էր հասկանալ բոլոր հնարավոր տարբերակները, որով կարող էր պաշտպանվել ու միևնույն ժամանակ դուրս գալ այս թակարդ դարձած աշխատասեն յակից:

«Ո՞ւր են անվտանգության աշխատակիցները: Այս ամենն ուղղակի ահաբեկչություն է և վերջ: Ներխուժել նախարարություն, այն էլ զինված»,- մտածում էր Սամվելը:

Հանցագործը մեկ քայլ հետ գնաց ու Անահիտին ավելի ամուր գրկելով` ոտքով ներս հրեց սև փոքրիկ ուսապարկը:

- Լցնե´լ,- հրամայեց տղամարդը` ցույց տալով չհրկիզվող պահարանը, ապա բռունցքը մոտեցնելով շուրթերին` ինչ-որ բան շշնջաց:

Սամվելն ու Տաթևը միմյանց նայեցին, բայց ոչ մեկը տեղից չշարժվեց: «Հավանաբար տեղյակ է պահում մյուս հանցագործներին»:

- Լցնե´լ, շո´ւտ,- բղավեց տղամարդն ու ատրճանակն ուղղեց Սամվելի վրա:

Սամվելը վարանեց: Հանցագործի հաջորդ զգուշացումը չուշացավ: Ատրճանակի խլացուցիչով փողը ուղղվեց դեպի Սամվելն ու լսվեց ճայթյուն: Մեկ ակնթարթ հետո Սամվելը հասկացավ, թե ինչ կատարվեց: Կրակեցին, ու ձախ ձեռքը մեծ ուժով հետ գնաց, ապա սուր ցավից չկարողացավ զսպել գոռոցը: Անահիտն ու Տաթևը վախից ճչացին, բայց հանցագործի նոր սպառնալիքը ստիպեց, որ լռեն:

Սամվելը գետնին տապալվեց, իսկ ատրճանակի փողն այս անգամ ուղղվեց Տաթևի վրա: Նորից նույն պահանջը`

- Լցնե´լ,- բղավեց կանգնած տղամարդն ու թափ տալով ատրճանակը, Անահիտին հրեց ու գցեց գետին:

Տաթևին ոչ մի ելք չէր մնում, քան կատարել հանցագործի պահանջը` միաժամանակ հայացքը չկտրելով Սամվելից:

Սամվելին մի պահ թվաց` գիտակցությունը կկորցնի: Երբ բացեց աչքերը, իրավիճակը նրան այլ կերպ ներկայացավ: Նրա շուրջը փշուր-փշուր եղած սկահակի կտորտանքներն էին: Անահիտը ևս հատակին էր, իսկ Տաթևը դատարկում էր չհրկիզվող պահարանի պարունակությունը պայուսակի մեջ: Երբ նորից բացեց աչքերը, նկատեց Տաթևի հայացքը: «Պետք է մի բան ձեռնարկել, հակառակ դեպքում այս ապուշը կսպանի մեզ բոլորիս ու կհեռանա»:

Ու հենց այդ պահին կատարվեց անսպասելին: Տաթևը ձեռքի պայուսակը մեծ ուժով նետեց կանգնած տղամարդու դեմքին: Մեկ վայրկյան անգամ հապաղելը կարող էր երեքի կյանքն արժենալ: Անակնկալի եկած հանցագործը հերթական անգամ քաշեց ձգանն ու սենյակում լսվեց ճայթյունի ձայնը, բայց այդ պահին Սամվելն աջ ձեռքով վերցրեց կոտրված սկահակի ամենամոտ ընկած կտորը և, որքան ուժ ուներ, սուր կողմով հարվածեց կանգնած տղամարդու ոտքին: Խոշոր ապակե կտորը խրվեց ոտքի մեջ ու մինչ հանցագործը կհասցներ հետ պտտվել, Սամվելը ոտքով հարվածեց կանգնածի արդեն վիրավոր ոտքին: Տղամարդը, անկանոն կրակ բացելով, տապալվեց հատակին: Սամվելն ինքնաբերաբար վերցրեց մյուս կտորն ու մի նոր հարված հասցրեց արդեն ընկածին, մինչ վերջինս կհասցներ ատրճանակն իր վրա ուղղել: Փամփուշտները վերջացան: Սամվելի ուժեղ բռունցքի մեկ հարվածը բավական էր, որ տղամարդն ուշագնաց լինի:

Տաթևը դռան մոտից նորից հետ վազեց դեպի Անահիտը: Երիտասարդ կնոջ պարանոցին նկատվում էր արյան բիծ: Սամվելը ուշքի եկավ ու դադարեցրեց հարվածներ տեղալ ընկած տղամարդու դեմքին:

Նրա ձեռքերն ամբողջությամբ արյան մեջ էին. ձախ ձեռքը փամփուշտից առաջացրած վերքի, իսկ աջ ձեռքի ափը հասցրել էր վնասել ապակյա սուր կտորը, որով հարվածել էր զինված հանցագործին: Սամվելի ականջին հասան ոտնաձայներ: «Հավանաբար անվտանգության աշխատակիցներն են»: Մյուս կողմից Տաթևի հուսահատ ձայնն էր լսվում, նա գրկել էր Անահիտի գլուխն ու հեկեկում էր: Փամփուշտը վնասել էր Անահիտի պարանոցը:

Ոտնաձայներն ավելի էին ուժգնանում: «Իսկ եթե հանցակից ընկերնե՞րն են»,- անցավ Սամվելի մտքով ու փորձեց ոտքի կանգնել: «Պետք է հեռանալ, արագ»: Վայրկյաններ անց Սամվելն ու Տաթևն արդեն ընդունարանում էին: Միջանցքում շարժում կար, բայց կարծես «հյուրերը» զգուշավորությամբ են մոտենում: Սամվելը փորձեց կամաց առաջ գնալ, սակայն Տաթևը կանգնեցրեց: Պետք էր ուրիշ ելք գտնել: Սամվելի գլխում նոր միտք ծնվեց: Արագ մոտեցավ պատուհանին ու ամբողջ ուժով հարվածեց ապակուն: Փակ պատուհանի ապակին մեծ աղմուկով կոտրվեց ու փողոցի աղմուկը խուժեց սենյակ` խլացնելով միջանցքից եկող աղմուկը:

***

Վայրկյաններ անց սենյակ մտան երեք տղամարդ: Ընդունարանի պատուհանի ապակին ամբողջությամբ կոտրված էր: Նրանցից մեկը մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս` նկատելով հետաքրքրասեր անցորդների հայացքները: Մյուս երկուսն արագ մտան աշխատասենյակ: Նրանցից մեկը մոտեցավ գետնին պառկած տղամարդուն, իսկ մյուսը սկսեց ուսումնասիրել ընկած պայուսակի պարունակությունը: Հենց աշխատասենյակի դռան դիմաց գտնվող պահարանի դռան ճեղքից երկու զույգ աչքեր հետևում էին, թե ինչ է կատարվում ներսում: Հանկարծ կնոջ աչքին երևաց ատրճանակն ու հազիվ կարողացավ ձեռքով փակել բերանը չգոռալու համար: Պատուհանի մոտ կանգնած տղամարդու ականջին ինչ-որ ձայն հասավ, բայց ոչ թե փողոցից, այլ պահարանի կողմից: Երբ հայացքը շրջեց դեպի թվացյալ աղմուկի կողմը, լսվեց ատրճանակի խլացուցիչ ձայն: Երկու կրակոց: Չգիտես որտեղից լսվեց անվտանգության ազդանշանային համակարգի ձայնը:

- Ի՞նչ արեցիր,- խոսեց առաջինը ռուսերեն լեզվով:

- Վստահ լինելու համար, որ չի հայտնվի ոստիկանությունում,- առավել սառն ու կոպիտ պատասխանեց մյուսը` վերցնելով ուսապարկը:

(Շարունակելի)