Որոշ կանանցից փորձեք խուսափել


Իհարկե, որոշ կանանցից պետք է զգուշանալ: Որոշ տղամարդկանցից` նույնպես: Բայց քանի որ իրեն ուժեղ սեռ հորջորջած մարդկության երկրորդ կեսը շատ հաճախ ամեն ինչ կապում է թույլ ու գեղեցիկ համարվող սեռի ներկայացուցիչների հետ, դասակարգել է նաև կանանց այն տասը տեսակները, որոնց հետ առնչվելն իսկապես տհաճ է, երբեմն էլ` վտանգավոր:

ՏԶՐՈՒԿՆԵՐ. այս տիպի կանայք անվերջ համառում են, որ տղամարդն ամբողջ ազատ ժամանակն անցկացնի միայն իր հետ. արգելում է հանդիպել ընկերների կամ ուրիշ մեկի հետ: Դիցուք, դուք ուզում եք ֆուտբոլ նայել ու նրան առաջարկում եք այդ ընթացքում զբոսնել կամ սուրճ խմել ընկերուհու հետ: Անմեղ այդ առաջարկը կարող է մի քանի ժամ (գուցե օր) վեճի առիթ դառնալ: Վեճ, որի ընթացքում նա հարյուր անգամ կհարցնի, թե դեռ սիրում եք իրեն: Սիրային այս ստրկությունն, իհարկե, չի կարող երկար տևել:

ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ընկերների, հարազատների շրջապատում գտնվելիս անգամ այս տիպի կինը պահանջում է բոլորի ուշադրությունը: Ու դրա համար նա ունի սեփական մեթոդները. կարող է բարձրաձայն խոսել, ինչ-որ ժեստերով ուշադրություն գրավել, չեղած բաներ ու անեկդոտներ պատմել: Կարող է նաև ցնցող ու սադրիչ անակնկալներ մատուցել: Խոստովանենք, որ այդպիսի կինը ձանձրացնող է, չնայած որոշ տղամարդիկ սիրում են արտառոց կանանց: Ուրեմն, կանանց այս տեսակի հետ մտերմանալիս նախ կողմնորոշվեք, թե որքանով է հարմարավետ ընկերակցությունը նման կնոջ հետ:

ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴ. բարեբախտաբար, այս տեսակին հնարավոր է ճանաչել մինչև մտերմանալը: Այս կանայք, սովորաբար, հաճոյախոսություններ չեն խնայում ոչ թե ձեզ, այլ ձեր թանկարժեք ժամացույցի ու հագուստի, շքեղ մեքենայի և այլնի մասին: Ձեզնով հետաքրքրվելիս նրանք նախ հարցնում են, թե որտե՞ղ եք աշխատում, որտե՞ղ եք ապրում, ի՞նչ մեքենա ունեք և այլն: Եթե դուք հարուստ չեք, ուրեմն զգուշանալու առիթ չունեք. նա ինքն իսկույն կկողմնորոշվի, որ ձեզանից ստանալու ոչինչ չունի: Իսկ եթե ունևոր եք և չեք ցանկանում տվյալ կնոջ ֆինանսական պահանջները բավարարել, ուրեմն ուշադիր եղեք:

ՄԱՅՐԻԿ. եթե ձեր ընկերուհին մշտապես ուղղում է ձեր մազերը, շտկում փողկապը, փչում կամ թափ է տալիս ձեր հագուստի փոշին, ուրեմն ձեր հանդեպ նրան առաջնորդում են մայրական բնազդները: Չնայած շատ առումներով այդպիսի կինն իսկական գյուտ է, սակայն նրա ծայրահեղ հոգածությունը կարող է պարզապես ձանձրացնել: Իհարկե, դա այնքան էլ անհույս չէ: Շատերը կարող են ձեր իսկ օգնությամբ ձերբազատվել ձեր իսկ հանդեպ մայրական հոգածությունից: Բայց եթե դիտողություն ներից ու ընդդիմանալուց հետո էլ նա չի զսպում իր բնազդները, ուրեմն փրկվեք:

ՇԱՂԱԿՐԱՏ. այսպիսի մի արտահայտություն կա` ինչ տեսնում եմ, այն էլ երգում եմ: Այս պարագայում` ինչ տեսնում, այն էլ` ասում եմ: Նորմալ հարաբերություններում տանելի չէ այն կնոջ ընկերակցությունը, ում բերանը չի փակվում, ով անընդհատ խոսում է` կարևոր չէ, թե ինչ և երբ: Անվերջ խոսում է` թույլ չտալով ձեզ և ուրիշ մեկին արտահայտվել: Նրանք նաև չեն լսում կամ լսում են կես ականջով` լրիվ չընկալելով ասվածը:

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ. այս տիպի կինն իր հանդեպ մեծ ուշադրություն է պահանջում: Նաև` շատ փողեր. ընդ որում ոչ թե եկամուտ ստանալու համար, այլ, որովհետև նա խիստ նրբաճաշակ է և ձեզանից թանկարժեք նվերներ է ակնկալում, սիրում է թանկ ռեստորաններ, սրահներ ու խանութներ մտնել: Մանկուց նրան վերաբերվել են որպես արքայադստեր, ու նա կարծում է, որ արժանի է լավագույնին: Ավելին, դիցուք, եթե հանկարծ կոտրվի նրա եղունգը, դուք ստիպված եք լինելու թողնել բոլոր գործերն ու նրան մատնահարդարի մոտ տանել:

ԼԱԼԿԱՆ . նա սոսկ զգացմունքային կին չէ: Նա աղաղակում, լալիս է անտեղի, ամենադատարկ պատճառներով: Օրինակ, եթե այդ պահերին չի կարողանում գտնել իր սիրելի պայուսակը կամ նման չնչին այլ առիթներով:

ՍԵՔՍՈՒԱԼ ԱՐՏԱՔԻՆՈՎ ՀԻՄԱՐԻԿ. շատ տղամարդիկ դեմ չեն սիրախաղ ունենալ այս տիպի կանանց հետ: Բայց և գիտեն, որ լուրջ հարաբերություններում սեքսից բացի այլ հետաքրքրություններ էլ կան: Մինչդեռ այս տեսակի կանայք խելացի ոչինչ ասել չեն կարող: Ունակ են միայն գեղեցիկ ժպտալ, սեթևեթել ու անհեթեթություններ թույլ տալ:

ՎԵՃԵՐԻ ՎԱՐՊԵՏ. վեճը նրա տարերքն է ու կենսակերպը: Նա կարող է անվերջ բախումներ հրահրել` ընտրելով հատկապես վտանգավոր թեմաներ: Վեճի ժամանակ նա ունակ է ձեզ մեղադրել ամեն տեսակի մեղքերում և տվյալ խնդրի հետ որևէ առնչություն չունեցող այլ հարցերում: Այս տեսակի կինը հմտորեն ձեր մեջ մեղքի զգացում է հարուցում` նույնիսկ ձեր չկատարած արարքի համար: Նա էլ այս ձևով է վերահսկում ու իշխում ձեզ:

ԱՆՈՒՂՂԵԼԻ ՍՏԱԽՈՍ. խաբեբաների երկու տարատեսակ գոյություն ունի: Դրանցից մեկն առաջին իսկ հանդիպման ժամանակ ձեզ կպատմի իր ունեցած ու չունեցած փոքրիկ առանձնահատկությունների մասին, որոնցով ինքն իբր հպարտանում է: Երկրորդ տեսակը համառորեն կխաբի, եթե նույնիսկ նրան բռնեք հանցանքի վայրում: Այս պարագայում ստիպված եք զինվել համբերությամբ ու Շերլոկ Հոմսի հնարամտությամբ, որպեսզի գտնեք կամ ապացուցեք ճշմարտությունը: Սակայն առավել ուշադիր պետք է լինեք, որպեսզի նման պարագաներում չդառնաք ծայրահեղ կասկածամիտ ու վերածվեք նորօրյա Օթելոյի: