Սուլոցներ Մերկելին


Իսկ ե՞րբ են սուլում. դահլիճում, երբ արտիստը կամ երաժիշտը վատ են կատարում իրենց դերը. նաև` փողոցում, երբ անցորդն արտառոց անվայելչությամբ է իրեն պահում: Գերմանիայի ու Եվրոպայի իսլամացման դեմ պայքարող ՊԻԳԻԴԱ շարժման ակտիվիստները Դրեզդենում սուլոցներով են ընդունել Գերմանիայի միասնության օրվան նվիրված տոնին մասնակցելու ժամանած բարձրաստիճան գործիչներին: Նրանց շարքում է եղել նաև կանցլերուհին` Անգելա Մերկելը:

Աջ ցուցարարները սուլել են Յոահիմ Գաուկին և Նորբերտ Լամերտին` Մերկելին անվանելով «ժողովրդի դավաճան». նրան նաև խորհուրդ են տվել «մաքրվել այստեղից»: Վանկարկումներով հնչող պահանջներից են եղել` «Մերկելին` Սիբի´ր: Պուտինին` Բեռլի´ն»:

Եվրոպական չափանիշնեով «ներդրված» խոսքի ազատության չարաշահումը գռեհիկ պահվածքի է վերածվել այնքան, որ տոնակատարությանը ներկա գտնված պաշտոնյաներից մեկի կինն արտասվել է հուզմունքից ու վիրավորանքից:

Մինչ այս միջադեպն էլ խոսվում էր, որ հետզհետե նվազում են Մերկելի վարած քաղաքականության կողմնակիցները: Ինչ վերաբերում է այսօրինակ ընդվզմանը` ապա, հավանաբար, դրա հիմնական պատճառն, այսպես կոչված, «բաց դռների քաղաքականությունն» է, որի արդյունքում ահագնացած ներգաղթի չափերն արդեն զայրացնում են գերմանացիներին: Վերջին տվյալներով` հակամիգրացիոն տրամադրություններով համակված են Գերմանիայի քաղաքացիների 60 %-ը (uznΖyvse.ru):