ԵՎՐՈՊԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՏԵԶԻՑ

Քանզի հետևում է Ամերիկային

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կարծիքն է սա, որը հնչեցրել է մեծբրիտանական TV2 հեռուստաալիքով: Նա հայտարարել է, թե որպես քաղաքական ուժ, ներկայում Եվրոպան բացակայում է միջազգային ասպարեզից, քանի որ ամբողջովին հետևում է ԱՄՆ-ին (հաղորդել է ՏԱՍՍ-ը):

Ասադը նշել է, որ եվրոպական որոշ երկրներ նույնիսկ «չեն համարձակվում առանձին անկախ ընթացք ընտրել քաղաքականության մեջ»:

Արդեն քանի˜ տարի պատերազմական բոցերում այրվող ու ավերվող Սիրիո նախագահը չի մոռացել նաև նրբանկատորեն նշել, որ Եվրոպայի ժողովուրդները բնավ էլ երկրի թշնամիները չեն: Նրա կարծիքով, սակայն, «առկա է մեծ տարբերություն նրանց (իմա` ժողովուրդների-խմբ.) և նրանց երկրների կառավարությունների քաղաքականության միջև»:

Տեսնես աշխարհում քանի՞ պետություն է դժվարին պահերին Եվրոպայի ու Ամերիկայի աջակցությունն ակնկալում ու պահանջում: Չստանալու դեպքում էլ` դառնաղի դատապատում ու գանգատվում: