Կոոպերատիվները սովխոզներ լինել չե´ն կարող

Գյուղացու միակ փրկությունը կոոպերատիվներն են

Անկախացումից հետո, երբ քանդվեցին շատ կոլտնտեսություններ և հողը տրվեց գյուղացուն, առաջին բացահայտումն այն էր, որ հողի մշակը մնաց միայնակ իր խնդիրների ու հոգսերի հետ: Շատ արագ պարզ դարձավ նաև, որ գյուղում մնացած մեկ տրակտորը է´լ գյուղացունը չէ, և նա ստիպված է լինելու նախնադարյան մեթոդներով մշակել հողը: Տարիներն անցան և շատ հողեր մնացին անմշակ ու անջրդի: Գյուղացին էլ մնաց երկու «քարի» արանքում. մի կողմից` որպես հողի սեփականատեր, պարտավորութ յուններ էր ստանձնել, մյուս կողմից` եղանակային անակնկալները, ոռոգման, թունաքիմիկատների օր-օրի աճող գները ավելի մեծացրեցին նրա հոգսը` տանելով դեպի կործանում: Հողը գյուղացուն հանձնելուց 20 տարի անց պարզվեց, որ գյուղացու միակ փրկությունը կոոպերատիվների ստեղծումն է, որը միակ հնարավորությունն է` բոլորի ջանքերը համատեղելու և միահամուռ ուժերով գյուղատնտեսության այս կամ այն ոլորտում առկա խնդիրների լուծումները գտնելու համար:

Արդեն 5 տարի է` ՀՀ ԳՆ ԾԻԳ-ն իրականացնում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր, որն ունի մի քանի բաղադրիչներ: Հիմնական բաղադրիչը բարձր լեռնային սահմանամերձ համայնքերում անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվող ֆերմերներին մեկ տանիքի տակ հավաքելն ու կոոպերատվներ հիմնելու միջոցով նրանց միավորելն էր, որն այսօր արդեն կարծես թե կարողացել է հաղթահարել տարիների ընթացքում ոլորտում կուտակված ռիսկերն ու խթանել անասնապահության զարգացումը: Ծրագրի շրջանակներում գրանցված այս և այլ հաջողությունների մասին է «Ավանգարդ»-ի զրույցը` ԳՆ ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

- 2011-ից մեկնարկել է կոոպերատիվներ հիմնելու ծրագիրը, սակայն մինչ օրս տարբեր համայնքների բնակիչներ տարբեր մոտեցումներ ունեն այդ գաղափարին: Մեր հարցախույզի արդյունքում պարզ դարձավ, որ այն գյուղերում, որտեղ արդեն կան կոոպերատիվներ` բավական գոհ են: Իսկ որտեղ դեռ չկան, մտածում են, թե սա պետության կողմից մտածված հերթական ծուղակն է, որը հրամցվում է ֆերմերներին: Ինչու՞ են այսքան հակասական կոոպերատիվների մասին ընկալումները:

- Ինքնանպատակ չեն ծրագրերը: Դրանք ունեն նախապատմություն, նախ` դրանք հաստատվում են համապատասխան իրավասու մարմինների կողմից, որից հետո իրականացվում են` վարկային միջոցներ ներգրավելու շնորհիվ: Այսինքն, բավական լուրջ աշխատանք է կատարվում և լուրջ միջոցներ են ներդրվում` դրանք կյանքի կոչելու համար, որոնք նաև հեռուն գնացող նպատակներ ունեն: Մենք այս ծրագիրը սկսել ենք իրականացնել 2011-ից, որը կավարտվի այս տարի: Դրա շրջանակներում նախատեսված էր 55 համայնքում իրականացնել այն, սակայն իրականացվեց 81 համայնքում:

- Եվ ի՞նչ տվեց այն գյուղացուն:

- Առաջինն արոտավայրերի լիարժեք օգտագործման խնդիրը լուծվեց, քանի որ Հայաստանի տարածքների 1/3-ը արոտավայրեր են, որոնք չի կարելի չօգտագործել: Ի դեպ, արոտավայրերի սեզոնը տևում է 6 ամիս. հետո սկսվում է մսուրային սեզոնը, որի համար անհրաժեշտ է կերի կուտակում իրականացնել: Դրա կազմակերպման համար անհրաժեշտ է տեխնիկա ունենալ: Երրորդ հարցը, որը պակաս կարևոր հարց չէ` կենդանիների առողջության և տոհմային աշխատանքների բարելավման խնդիրն է: Այս երեք հարցերի լուծ-մանն է ուղղված մեր ծրագրի երեք բաղադրիչներից մեկը: Սկզբում ընտրեցինք այն համայքները, որտեղ կուտակված էին այդ խնդիրները, իսկ ծրագրի իրականացման արդյունքում անասնապահությամբ զբաղվելը դարձավ շահութաբեր:

- Կոոպերատիվ ստեղծելը հավելյալ բեռ չի՞ դառնում գյուղացու համար, և, արդյո՞ք, վտանգ չկա, որ գյուղացին կրկին կկանգնի կոտրած տաշտակի առջև:

- Կոոպերատիվի հիմնական նպատակը բոլոր խնդիրները համատեղ ուժերով լուծելն է. այլ նպատակ կոոպերատիվները չունեն: Եվ նման ձևով խնդիրներն ավելի հեշտ են լուծվում քան առանձին-առանձին: Սկզբնական շրջանում, երբ համայնքներում նոր էինք կազմավորում կոոպերատիվները, մարդիկ հրաժարվում էին: Մտայնությունն այն էր, թե ցանկանում ենք կրկին կոլտնտեսություններ ստեղծել, միացնել ֆերմերների ունեցածը և այլն: Բայց, հետագայում հասկանալով, որ նման խնդիր չկա, հիմա էլ համայնքներն իրենք են ցանկանում կոոպերատիվներ հիմնել և մասնակցել մեր ծրագրին, որովհետև իրենց աչքով տեսան և համեմատեցին իրենց ու այն համայնքները, որտեղ արդեն կան կոոպերատիվներ: Այսօր արդեն ցանկացողների թիվն ավելի է աճել:

- Պարզ է, որ ֆերմերները միայնակ չէին կարողանա ինքնուրույն լուծել խնդիրները: Ավելին, շատերը նույնիսկ իրենց կովերը արոտավայր չէին կարողանում տանել` ռեսուրսների բացակայության պատճառով: Բացի այդ, վեճեր էին լինում` այս կամ այն արոտավայրից օգտվելու դեպքում: Կոոպերատիվների արդյունքում նման խնդիրներ չկա՞ն:

- Ծրագրի արդյունքում միջինը 20-25 տոկոս կաթի և մսի արտադրության աճ է գրանցվել: Ի դեպ, շուտով կամփոփվի առաջին ծրագիրը, և կան տեղեր, ուր մինչև 50 տոկոս է կազմում աճը: Ավելացել է նաև անասնագլխաքանակը: Տեսնելով ծրագրի հաջողությունները` կառավարությունը ձեռնարկել է ծրագրի շարունակականությունն ապահովել, և անցյալ տարվանից արդեն սկսվել է ծրագրի երկրորդ փուլը, որը կավարտվի 2020 թ.: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 8 մարզի 100 համայնքներում, բայց արդեն դիմել է 130 համայնք և վտանգ կա, որ կարող է գումարները չբավարարեն բոլորի համար: Ի դեպ, նշեմ, որ մինչև ծրագրի իրականացումը կատարվում է ուսումնասիրություն և համայնքներում կոոպերատիվերի ներկայացուցիչների համար կազմակերպվում է ուսուցում` ինչպես կառավարել, ինչպես վերահսկել ֆինանսական հոսքերը, ինչպես հաշվապահություն վարել և այլն: Այսինքն, մինչ ծրագրի իրականացումը լուրջ պատրաստում են անցնում տեղերում:

- Իսկ եթե պետական կոոպերատիվներ ստեղծվեն, դրանով ավելի չի՞ բարելավվի գյուղացու վիճակը, ինչպես օրինակ` նախկինում էր: Գյուղացին վարձատրվում էր իր աշխատանքի դիմաց, պետությունը կազմակերպում էր ոռոգման, վառելիքի, գյուղտեխնիկայի հետ կապված հարցերը, հետագայում էլ մթերում էր ապրանքը և կազմակերպում դրա իրացումը: Այդ դեպքում և´ հողը մշակելու, և´ գյուղմթերքի իրացման խնդիրներ չեն լինի:

- Դուք նկարագրում եք խորհրդային տարիների տնտեսությունները, բայց որևէ ֆերմեր իր հողը չի տա կոոպերատիվին: Բացի այդ` դա կնշանակի հետքայլ դեպի անցյալ, որն իրեն երբևէ չի արդարացրել:

- Բայց այն ժամանակ գոնե իրացման խնդիր չկար:

- Դա արդեն այլ հարց է, և կոոպերատիվների միջոցով նման հարցերը հետևյալ ձևով են լուծվում. գյուղը միավորվում է կոոպերատիվի շուրջ, կառուցում է սառնարան` այն ընդգրկելով կոոպերատիվի մեջ, որից հետո պայմանագիր է կնքում վերամշակողի հետ և կազմակերպում իր ապրանքի իրացումը: Այդտեղ արդեն քաղաքակիրթ հարաբերություններ են ձևավորվում` կոոպերատիվի անդամների և վերամշակողների միջև:

- Ձեր կարծիքով, պետական քաղաքականություն չպե՞տք է մշակվի` մթերման նվազագույն գին սահմանելու հարցում, որպեսզի ֆերմերները չտուժեն մթերման սեզոնի ժամանակ:

- Պետությունն այսօր վարկ է վերցրել և տրամա-դրում է կոոպերատիվներին, որպեսզի դրանք կայանան և նման հարցերը կարողանան լուծել: Ինչ վերաբերում է ֆերմերների բողոքներին` ապա դա շատ պետություններում կա: Օրինակ` եղել է ժամանակ, որ իսպանացի ֆերմերները դույլերով կաթը բերել և թափել են, ցույց տալու համար, որ ավելի էժան գնով չեն հանձնի վերամշակողներին: Այսինքն, նման խնդիրներ ամեն տեղ էլ կան, բայց իմ կարծիքով, պետությունը պետք է օժանդակի ֆերմերներին` բացի գին սահմանելուց: Ուրիշ հարց է պետական պլանավորումը, որի ժամանակ հաշվարկվում է պահանջարկը, ապա այն բաժանվում է համայնքների միջև: Այսօր պետությունը որքանով կարողանում` կանգնում է գյուղացու կողքին` սուբսիդավորում է պարարտանյութը, սերմերը, վառելիքը: Մտածում է նաև այլ հարցերի մասին: Իմ կարծիքով` ամենամեծ խնդիրը բերքի իրացման խնդիրն է: Եվ եթե պետությունը կարողանա այդ հարցում ևս աջակցել, ապա չի բացառվում, որ մենք բոլորս էլ թողնենք մեր գործերը և գյուղատնտեսությամբ զբաղվենք: Քանի որ իրացման խնդիր այլևս չի լինի: Այդ դեպքում անմշակ հողեր էլ չեն լինի: Պետք է գտնել դեպի այդ ուղին տանող ճանապարհ ները:

- Իսկ արդյո՞ք մտավախություն չկա, որ կոոպերատիվների ստեղծման այս ծրագիրը պետական այլ ծրագրերի նման կարող է հօդս ցնդել, երբ պետության կողմից վերցված վարկային գումարները վերջանան, և պարզվի, որ այն շատ ծրագրերի նման արդյունավետ չի եղել ու այս ծրագրի շրջանակներում վերցված վարկային գումարների վերադարձը կրկին ծանրանա պետության և մնացած հարկատուների վրա:

- Իմ կարծիքով սա բավական լավ մշակված ծրագիր է և ակնհայտ է, որ հաջողություններ կան: Ավելին, ծրագիրը հաջող իրականացնելու արդյունքում այլ խնդիրներ են առաջանում, օրինակ` կաթի, մսի իրացման հարցում: Հիմա մեզ ֆերմերներն ասում են` այն ժամանակ 5 լիտր կաթ էինք ստանում` կարողանում էինք իրացնել, հիմա 15 լիտր ենք ստանում ու չենք կարողանում իրացնել: Հիմա արդեն փորձում ենք այդ հարցում օգնել ֆերմերներին, որ կարողանան նաև վերամշակման հարցերը կազմակեր պել: Արդեն կան դեպքեր, երբ մի քանի կոոպերատիվներ միավորվել են և ցանկություն են հայտնել, օրինակ, պանրի արտադրություն հիմնել: Այդ ժամանակ արդեն մենք տրամադրում ենք պանրի վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումները, իսկ կոոպերատիվներն էլ կառուցում են սննդամթերքի` անվտանգության չափանիշներին համապատասխան շենքը, որտեղ պետք է այդ սարքավորումները տեղադրվեն: Այնպես որ, կոոպերատիվների կողմից գրանցված հաջողությունները գնալով ավելանալու են, և ամենակարևորն այն է, որ նրանք իրավաբանական անձի կարգավիճակ ունեն. կարող են շատ հարցեր նախաձեռնել ու զարգացնել գյուղատնտեսությունը:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ