Հա´մ Շեքսպիր, հա´մ Մոցարտ, հետն էլ` Արմսթրոնգ


Համաշխարհային մշակութային գանձարանի այս անմահների անունը կրող չիլիացին նաև շատ դյուրազգաց է և որոշել է դատի տալ իր անվան հետ կատակողին:

Ընտրական հանձնաժողովի անդամ, 20-ամյա Էնրի Էլիաս Հադուե Պալման, տեսնելով քվեարկության եկած 19 տարեկան տղայի անձնագիրը, որոշել է զվարճացնել սոցցանցի իր ընկերներին: Նա լուսանկարել է անձնագիրը և տղայի լուսանկարն ու անուն(ներ)ը տեղադրել FΖcebook-ում: Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգ Կորեա Պերես պատանու անվան շուրջ ծայր են առել զվարճախոսություններ, ծաղր ու կատակներ:

Միջադեպի հեղինակը հետո պատմել է, որ լուսանկարն իր էջում տեղադրել է ընդամենը 5 րոպե, և դա կարող էին տեսնել միայն իր ընկերները: Բայց այդ ընկերներից ոմանք էլ իրենց ծանոթներին են ներկայացրել փաստաթուղթը, և այն հասու է դարձել չիլիացի բոլոր օգտատերերին:

Արվեստի հսկաների անվանակիր տղան նախ անակնկալի է եկել. իր անունը երբևէ որևէ մեկը չէր ծաղրել, իսկ հիմա վիրավորական զազրախոսություններ են հնչում: Ընտրական հանձնաժողովի անդամն արդեն խոստովանել է իր մեղքը և ներողություն խնդրել: Սակայն մինչև հոգու խորքը վիրավորված չիլիացին մտադիր չէ բավարարվել այդ ներողությամբ: Նա դատական պատասխանատվության է կանչելու իրեն անվանարկողին: