ՄԻ՞ԹԵ ՍԿԻԶԲ Է ԱՌԵԼ ՌՈՒՍԱԿԱՆԱՑՈՒՄԸ


Օրավուր նյութականանում են խոսակցությունները, որ շուտով Հայաստանում գործելու է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը: Ու ոմանք էլ խիստ խանդավառված են: Թե ինչու՞ հատկապես Մոսկվայի այս բուհի մասնաճյուղը: Ռուսական կողմը պնդում է, որ դա Հայաստանի ցանկությունն ու նախաձեռնությունն է: Իսկ Հայաստանում առայժմ չեն բացատրում, թե ինչու են որոշել հատկապես այս բուհի մասնաճյուղը ստեղծել, երբ այսօր երբեմնի հռչակավոր և հինավուրց բուհն այլևս չի մտնում աշխարհի նշանավոր բուհերի հարյուրյակի մեջ:

Հայաստանում արդեն տասը տարի գործում է Հայ-սլավոնական համալսարանը, որտեղ ուսուցումը տարվում է ռուսերեն լեզվով: Նշանակում է, արդեն մեկ բուհ կա, որը լիակատար կրթություն է ապահովում ռուսաց լեզվով:

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 2013 թվականին Հայաստանի բուհերի ընդունելության քննությունների ժամանակ միայն 1300 դիմորդ է ռուսերենն ընտրել որպես օտար լեզու: Այսինքն, ռուսաց լեզվով ուսուցման պահանջարկը մեծ չէ Հայաստանում: Ուրեմն, ինչու՞ է բացվում ՄՊՀ-ի մասնաճյուղը:

Ինչպես ենթադրում ենք, սա շատ ավելի քաղաքական ակցիա է, Ռուսաստանի ներկայությունն ապահովելուն միտված քայլ: Սակայն նախաձեռնության հեղինակները հաստատ չեն մտածել այն մասին, որ այդ բուհի հայտնությամբ բավական կթուլանան Արմեն Դարբինյանի գլխավորած համալսարանի դիրքերը, կպակասեն դիմորդները: Դիմորդները կպակասեն նաև Երևանի պետական համալսարանում, ինչը նշանակում է, որ մեր բուհերում կլինեն դասախոսների կրճատումներ, առանց այն էլ պակասող բնակչության ֆոնին մեր մի շարք բուհերում կփակվեն բաժիններ:

Ի վերջո, մի կարևոր հարց ևս. Մոսկվայի պետական համալսարանը միայն շենքը չէ, այլ ուսումնական գործընթացներն են, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմն է, ձևավորված ավանդույթներն են: Արդյո՞ք ՄՊՀ դասախոսները տեղափոխվելու են Երևան, արդյո՞ք Երևանում դասավանդելու են այդ բուհի նշանավոր պրոֆեսորները: Այս հարցերի պատասխանները դեռևս չկան: Եվ չեն էլ լինի, որովհետև հազիվ թե մեծ թվով հռչակավոր պրոֆեսորներ թողնեն Մոսկվան և բնակություն հաստատեն Երևանում. ովքե՞ր և ինչպե՞ս են լուծելու Մոսկվայից եկած դասախոսների բնակարանային խնդիրները...

Սրանք անկարևոր հարցեր չեն, մինչդեռ առայժմ լռում են և ընդամենը խանդավառված հայտարարում, թե բացվելու է ՄՊՀ մասնաճյուղը... Մենք հայաստանյան մի շարք բուհերի մասնաճյուղեր բացեցինք մեր մարզերում և կանգնեցինք ամենակարևոր` դասախոսական կադրերի բացակայության խնդրի առջև: Եվ մասնաճյուղային կրթությունը շատ դեպքերում դարձավ ձևական և մեխանիկական: Հիմա նույն խնդրի առջև չե՞նք կանգնելու: