«ՔՈՒՅՐԻԿ ԼԵՎՈՆԻ» ԳՐԳԻՌՆԵՐԸ


ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանի` ԱՊՀ ակադեմիայի ռեկտոր դառնալուց հետո նրա մանդատին տեր կանգնեց բոլորին «Քույրիկ Լևոն» մականունով հայտնի` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա Լևոն Դոխոլյանը: Նա նաև Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպի» գործադիր տնօրենն է: Խորհրդարան գալու առաջին օրվանից այս նորաթուխ պատգամավորը հայտնվեց սկանդալների մեջ, որովհետև ծանոթ չէր խորհրդարա նական էթիկային, պատգամավորի պահվածքի պահանջներին և այլն: Նրա համար կարևորն այն էր, որ դառնար պատգամավոր, խորհրդարանում դառնալով «աննկուն» Բիշարյանի ստվերը և լուծեր իր անձնական հարցերը: ՕԵԿ-ում ներկուլիսային քննարկումների ժամանակ շատերն էին իրենց դժգոհությունը հայտնել, որ ընդամենը մեկ տարի առաջ անդամագրվելով կուսակցությանը և նրա համար, ըստ էության, ոչինչ չանելով, այս մարդը հիմա էլ պատգամավոր է դառնում` ունենալով Բիշարյանի աջակցությունը, որով էլ դարձել էր «Հայասի գրուպի» գործադիր տնօրեն:

«Չար լեզուներն» ասում են, որ Հեղինե Բիշարյանը ևս մասնաբաժին ունի այդ ընկերությունում: Ուրեմն, կեցցե հայկական ժողովրդավարությունը, որը հնարավորութ յուն է տալիս երկար ժամանակ գործարանում որպես բանվոր աշխատած, ապա ուսուցչի պարտականություններ կատարած հայուհուն այնքան հարստանալ, որ դառնա խոշոր ընկերության փայատեր… Դե, եթե փայատեր է և խմբակցության ղեկավար, ուրեմն, ամեն ինչ կարող է անել, անգամ քրոջ փեսային պատգամավոր դարձնել` արհամարհելով այդ կուսակցության հիմնադրման օրվանից նրա կայացմանը նպաստած շատ ու շատ արժանավորների…

Հիմա մի նոր սկանդալի մեջ է ներքաշվել Լևոն Դոխոլյանը: Պարզվում է, որ երբ թերթերից մեկը գրել է, որ նրա մականունը «Քույրիկ Լևոն» է, նա խիստ վիրավորվել և որոշել է իր պատվին ու արժանապատվությանը վնաս հասցնելու համար այդ թերթին դատի տալ ու ստանալ 3,5 մլն դրամ… Ուշագրավն այն է, որ երբ հայտնի դարձավ, որ Դոխոլյանը վերցնելու է Խաչիկ Հարությունյանի մանդատը, մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան այս փաստին և գրեցին նրա մականվան մասին, ու նա չվիրավորվեց, իր արժանապատվությունը խոցված չհամարեց: Բայց երբ արդեն մանդատը ստանալուց հետո հիշատակվեց մականունը, իր արժանապատվությունը խոցված զգաց… Երևի ոչ պատգամավորին կարելի է մականուն ունենալ, իսկ ահա պատգամավորին` ոչ… Կամ էլ Դոխոլյանին «վիզ փող» է պետք, գուցե շատ ծախսեր է արել պատգամավոր դառնալու համար, ուզում է թերթի հաշվին ինչ-որ չափով իր ծախսերը փոխհատուցել…

Չմոռանանք, որ Լևոն Դոխոլյանը հայհոյանքներ էր տեղացել լրագրողների հասցեին, սպառնալիքներ հնչեցրել: Եվ այս ամենը` գրավոր…

Բայց, իհարկե, այս ամենի մեջ շատ ավելի կարևոր բան կա: Հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր հայտնի են ոչ հաճելի մականուններով: Ուստի նրանց պատգամավոր և պետական պաշտոնների առաջարկողները պիտի լրջորեն մտածեն, թե ինչպիսի արձագանք կարող է լինել հանրության շրջանում… Ի վերջո, իսկապես պետք է հրաժարվենք մականունավորներից, քանի որ նրանք երբեմն հեղինակազրկում են օրենսդիր և գործադիր մարմինները…