Մերօրյա հերոսները


Ինչքան է խոսվել ու դեռ ինչքան պիտի խոսվի ապրիլյան պատերազմի, մեր երիտասարդ հերոսների, նրանց գործած սխրանքների մասին: Զինվորներից Գևորգ Մանուկյանը, ով մի տարի առաջ շարքային զինծառայող էր. անկեղծ ասում է.

- Դժվարն առաջին անգամն էր, հետո բոլորին նույն բանն էինք պատմում:

Ապրիլի սկզբին օրերը ծանր էին, մարդիկ փորձում էին ամեն կերպ դիմանալ տիրող իրավիճակին. արդյունքում` հաղթեց հայ զինվորը, 18-20 տարեկան այն զինվորը, ում միգուցե ուսուցիչը ցածր է գնահատել կամ ումից դժգոհել են տատիկ-պապիկները, թե իրենց սերունդն ուրիշ էր: Պատերազմը շատ բան փոխեց բոլորիս կյանքում, լսեցինք մեր զինվորների սխրանքների մասին, ովքեր Արցախում թողեցին իրենց մանկությունն ու վերադարձան հերոսի կոչումներով: Նրանք դաստիարակվել էին Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի, Թաթուլ Կրպեյանի օրինակով ու այդ օրերին կերտվեցին նոր Մոնթեներ ու Կրպեյաններ:

ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի ռազմահայրենասիրական հանձնաժողովը ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպել էր միջոցառում նվիրված մերօրյա հերոսներին:

Ուսանողներին սպասում էր մեծ անակնկալ. միջոցառմանը ներկա էին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ Արիության մեդալակիր Գևորգ Մանուկյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալակիր Շուլի Հակոբյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետներ Հարություն Բադալյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, ԼՂՀ և ՀՀ Արիության մեդալակիր Գոռ Դարմանյանը, հետմահու Արցախի հերոս, ԼՂՀ բարձրագույն կոչմամբ և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Ռոբերտ Աբաջյանի պապիկը: Նրանց խոսքերի մեջ այնքան անկեղծություն, պարզություն, հումոր կար, որ ամբողջ ընթացքում ծափերը չէին դադարում: Այդ ծափերով ուսանողներն ասես փորձում էին իրենց շնորհակալությունը հայտնել :

Ապրիլի 2-ին հակառակորդի ուղղաթիռը խոցած Գևորգ Մանուկյանն իր սխրանքը ներկայացնում է որպես սովորական արարք.

- Նշան բռնեցի ու խփեցի, իմ փոխարեն բոլորն էլ այդպես կանեին:

Կապը վատն է եղել, լարված իրավիճակ, պատմում է, որ 4 ամիս ծնողներին չի զանգահարել. ավելին, 2 տարի մոռացել է ծննդյան օրը նշել: Փոխարենն ազատ ժամանակն անիմաստ չի կորցրել. գրքեր է կարդացել:

Հարություն Բադալյանի քույրը պատմում էր, որ իրենց եղբայրը տանն ամեն ինչ չէ, որ ուտում էր, իսկ բանակում` հակառակը:

- Մեզ միշտ թվում էր, թե ճանաչում ենք մեր եղբորը, բայց նրա վերադարձից հետո հասկացանք, որ մինչ այդ չենք ճանաչել:

Հարությունը նույնպես ծնողներին չի տեղեկացրել, որ դիրքեր է բարձրանում. չի կամեցել, որ անհանգստանան: Նրա խոսքով, եթե արդեն դիրքում ես, ուրեմն չպետք է վախենաս:

- Այս դիրքն իմ տունն է, պատկերացնում եք` ինչ ամոթ կլինի, որ տանս մեջ վախենամ:

Շուլի Հակոբյանը հպարտությամբ ասում է, որ Գյումրին Թալիշում 6 տանկ է խփել, 3-ը ինքը, 3-էլ մի քանի պոստ այն կողմ գտնվող ընկերը` Ռաֆայել Հովհաննիս յանը:

- Առաջին տանկը, որ խփեցի, տղերքի ուրախությանը չափ չկար, հետո արդեն հավեսի ընկանք, մեկը մյուսի ետևից խփում էինք, աչքներս սովորեց, էլ տենց չէինք ուրախանում:

Պատմում է, որ առաջին անգամ 2013 թվականին է բախվել թշնամու հետ, երբ Թուրքիայում մրցումների ժամանակ մենամարտել է թուրք մարզիկի հետ ու որակազրկ վել` «Լավ ծեծել եմ»: Ռաֆայելը նաև ընկերների հաստատակամությունն է արտահայտում` ասելով.

- Եթե մի անգամ կռվել ենք, էլի կկռվենք` եթե վաղը հանկարծ Ադրբեջանը որոշի վերսկսել ռազմական գործողությունները: Այս հողը թաց է, այն թողնել չի կարելի:

Նրա կարծիքով պատերազմը դեռ չի ավարտվել. կավարտվի այն ժամանակ, երբ դադարենք խոսել այդ մասին:

Նրանց կողքին նստած թալինցի Գոռ Դարմանյանը դեռևս մարտի19-ին կանխել էր թշնամու դիվերսիոն գործողությունը և հրազենային ու բեկորային վիրավորում ստացել: Գոռը դպրոցական տարիքում նույնպես սիրել է պատմությունը և մասնակցել, հաղթել պատմության օլիմպիադաններում: Ինքն իրեն հերոս չի համարում, համեստութ յամբ նշում է, որ հերոսներն իր ընկերներն են, ովքեր հիմա ֆիզիկապես մեր կողքին չեն` Հակոբը, Էդուարդը, Արշակը, Սամվելը…

Նրանց նման հազարավոր երիտասարդներ կան, ովքեր հիմա ֆիզիկապես մեր կողքին չեն, շատերն ուղղակի չստացան մեդալներ, բայց իրենց հարազատների, ընկերների, հայրենիքի համար դարձան հերոս տղաներ: Շատերը շարունակում են իրենց ծառայությունը. նրանց բոլորի անունները գուցե չգիտենք… Կարևոր է ուղղակի գնահատել մեր զինվորներին, այն տղաներին, ովքեր հիմա սահմանին կանգնած են. չէ՞ որ մեդալով, թե առանց մեդալ` նրանք հայ ազգի հերոսներն են:

Անի ԱՎԱԳՅԱՆ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի