Պոեզիան` երաժշտություն


Ինչպես ամեն ամ, այս տարի ևս փետրվարի 9-ին Կոմիտասի անվան պանթեոնը վերստին ուխտատեղի դարձավ Վահան Տերյանի պոեզիայի երկրպագուների համար: Բազմաթիվ են անդրադարձները բանաստեղծի ստեղծագործությանը: Եվ դրանց շարքում ինքնատիպ է բանասիրական գիտությունների դոկտոր Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆԻ` անցյալ տարի հրատարակած «Վահան Տերյանի պոեզիան երաժշտության մեջ» գիրքը, ուր անվանի երաժիշտների, երաժշտագետների և կատարողների ջերմ խոսքի հետ մեկտեղ նաև ի մի են բերված Վ. Տերյանի բանաստեղծությունների հենքով ստեղծված հոգեթով երգերի նոտաները: Ինչպես հեղինակն է նշում` - Բանաստեղծի ներքին աշխարհից ծնված երգը մարդկային ցավի մի պատմություն է: Բանաստեղծը երգում է բնության երգը, մարդկային երջանկությունը, սիրո երգը: Նրա խոսքը մշտապես գերում է բնության և կյանքի գեղեցիկ ներդաշնակությամբ: Վահան Տերյանը հայ պոեզիայի անդաստան մուտք գործեց քնքշության, մեղմության, նրբության իր ուրույն աշխարհով: Տերյանի բանաստեղծությունները երգային են, երգեցիկ ու երաժշտական: Կոմպոզիտորներն իրենց ստեղծագործության ատաղձը որոնում ու գտնում են այնպիսի բանաստեղծություններում, որոնք իրենց տաղաչափությամբ, կառուցվածքով, բնույթով, հնչեղությամբ, տրամադրությամբ նպաստավոր են երգի համար, երգային են: Այս իմաստով հայ գրականության մեջ հազիվ թե կարելի լինի մեկ ուրիշ բանաստեղծի համեմատել Վահան Տերյանի հետ, որի տաղաչափական արվեստն իր բազմերանգությամբ, քնարական շնչով, անհատի հոգու տեսանելի ու անտես ելևէջումներով բացառիկ մի երևույթ է հայ բանաստեղծության մեջ: Եվ պատահական չէ, երբ գրական ասպարեզի վրա հայտնվեց Վահան Տերյանը, ընթերցող հասարակայնությունն աննախադեպ ցնծությամբ դիմավորեց նրան: Տերյանը դարձավ մարդկանց մտքի ու սրտի տիրակալը և մնաց այդպիսին առ այսօր: Տերյանն ամեն սերնդի հետ ծնվող, ամեն սերնդի հետ ապրող բանաստեղծ է, հավիտենական ուղեկիցը հայ ժողովրդի: Հետևելով այս առողջ տրամաբանութ յանը` պետք է ենթադրել, որ բոլորից առավել Տերյանը պետք է գրաված լիներ մեր կոմպոզիտորների ուշադրությունը, նրա բանաստեղծությունների հիման վրա պետք է ավելի շատ երգեր ու ռոմանսներ գրված լինեին: Սակայն այդպես չէ: Ինչ արած, կյանքը միայն օրինաչափությունների շղթա չէ, երբեմն պատահում են նաև պարադոքսներ: Եվ գուցե մեր երգահաններն ավելի ճիշտ են գնահատել ուժերի հարաբերակցությունը և չեն հանդգնել բանաստեղծի հանդեպ ունեցած իրենց հիացմունքն արտահայտել ձայնանիշերով և գերադասել են գերագույն արվեստի առջև միայն զմայլվել: Եվ երկյուղելով այն բանից, որ հազիվ թե հաջողվի Տերյանի տաղերին արժանի ու համազոր հնչյունաշար ստեղծել, խոհեմաբար ետ են կանգնել իրենց մտադրությունից: Այնուամենայնիվ, Տերյանի պոեզիան իր նուրբ, մտերմիկ քնարականությամբ, վառ պատկերավորությամբ և երաժշտականությամբ ոգեշնչել է շատ ու շատ կոմպոզիտորների, որոնք նրա խոսքերով գրել են տասնյակ երգեր ու խմբերգեր, ռոմանսներ ու սիմֆոնիկ ստեղծագործություններ: