Հյուսիսային ծիածանը` մերօրյա գույներով


Հազվադեպ է պատահում, որ մշակութային որևէ միջոցառման մասնակիցը լինեն հասարակության գրեթե բոլոր խավերի ներկայացուցիչներ: «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ սրահում այդ օրը հյուրընկալվել էին ճանաչված կինոգործիչներ ու դերասաններ, գրողներ ու լրագրողներ, զինվորներ ու պետական պաշտոնյաներ… «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերության» (նախագահ` Վիկտոր Կրիվոպուսկով) և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ գործունեության վերջերս դրսևորվող ակտիվությամբ` հինավուրց բարեկամության հոգևոր պապակին հագուրդ տվող հետաքրքրասերներ: Ակամայից մտաբերում ես «Հյուսիսային ծիածան» կինոնկարը` մեր ժողովրդի պատմական անցյալի բախտորոշ դրվագներից մեկի գեղարվեստական ուշագրավ անդրադարձը, որը, չգիտես ինչու, մոռացված է մնում հեռուստատեսության ֆիլմադարանի հեռավոր անկյուներից մեկում: Մինչդեռ: Հյուսիսից փայլած այն ծիածանը վերընձյուղման հրաշքն ավետեց չգոյության անդունդը գլորվող հայ ագզին: Նոր սերունդներն էլ պետք է հասկանան ու գնահատեն կատարվածի դարակազմիկ նշանակությունը: Այս տեսակետից Ռուսաստանի հետ հնավանդ քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային խզված, խարխլված կապերի ամրապնդման նպատակով արված ամեն մի նոր քայլ մի նոր գույն է վերականգնում հյուսիսային կենսատու ծիածանի սպեկտրում: Հայ-ռուսական հին ու նոր իրադարձային առնչությունների համադրմամբ էլ հիմնավորում ու կարևորում են երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությունը «Ռուսաստան-Հայաստան. թեև հեռու, բայց միասին» փաստավավերագ րական ֆիլմի (սցենարիստ` Անդրեյ Գավրիլով, ռեժիսոր` Վազգեն Չատինյան) նախագծի հեղինակներ Վիկտոր Կրիվոպուսկովը և "Ըը-ՁԹ" ռուսական հեռուստաըն կերության գլխավոր տնօրեն Յակով Ա. Կալլերը: Պարզաբանվում են քրիստոնեական դավանանքով սկզբնավորված հոգևոր դաշինքի խորագնա ակունքները, Մեծ եղեռնի արյունոտ բովանդակությունը, 88-ի երկրաշարժի ավերիչ ուժին ընդդիմացող եղբայրական համաժողովրդական օգնությունը` վերստին կարևորելով կոնկրետ անհատների լուման ճակատագրական ժամանակների դժվարությունները հաղթահարելիս` երախտագիտության հուշակոթողներով ամրագրված: Հայ-ռուսական հարաբերությունների` պատմականորեն ձևավորված հետխորհրդային ներկան առաջին անգամ հիմնական կողմերով ներկայացվում էկրանին` երկուստեք նորովի ուշագրավ դառնալով մերօրյա փաստերով ու պաշտոնական բարձր գնահատականներով: Հեռավոր ռուսական եկեղեցում Աստծո խոսքն է քարոզում հայազգի քահանան: Մոսկովյան մայր տաճարի գմբեթներից մեկը հպարտությամբ վեր է խոյանում Գրիգոր Լուսավորչի պատվին: Ֆիոլետովո գյուղում, Ծաղկաձորում հնուց հաստատված մալականների սերունդները տեղաբնակ հայերի հետ մի համերաշխ ընտանիք են կազմում: Երկու ժողովուրդների հոգևոր ժառանգությամբ հարստացած Անդրեյ Բիտովն ու Ալեքսանդր Գրիգորյանը չեն պատկերացնում իրենց ստեղծագործությունը առանձին, միմյանցից կտրված և շարունակում են կոնկրետ գործերով` խոսքով, գրքով ու թատերական ներկայացմամբ տարածել հայ և ռուս մշակութային գանձերի անխամրելի հմայքը: Նիկոլայ Ռիժկովն ու Շվիդկոյը, Սերժ Սարգսյանն ու Հասմիկ Պողոսյանը աջակցելով հաստատում են անփոխարինելի համադաշնության կարևորությունը: Նո°ր գործերով: Շրջելով ռուսական հայաշատ մարզերով ու քաղաքներով, ցուցադրվելով Հայաստանի բնակավայրերում` ֆիլմը կողք-կողքի ապրող ու պետական սահմանը միասին պաշտպանող հայերին ու ռուսներին հիշեցնելու կամ ծանոթացնելու է իրենց հեռավոր նախնիների բարիդրացիության ավանդույթներին պատմականորեն հիմնավորված համակեցությանը: Մշակութային ընդլայնվող փոխշփումների հաճախացմամբ կարելի կլինի ոչ միայն ամրապնդել բարեկամական խարխլված կամուրջը, այլև նկատելիորեն առողջացնել ստեղծագործական մթնոլորտը մեզ մոտ, համագործակցությամբ բարձրարվեստ արժեքներ ստեղծել: Արվեստի բոլոր ճյուղերի կարող ուժերի, տաղանդաշատ նվիրյալ արվեստագետների ներգրավմամբ: Որպեսզի հանապազօրյա հացի նման անհրաժեշտ մշակութային երկկողմանի շփումները փոքր-ինչ թոթափվեն քաղաքականության գերիշխանությունից` հագեցվելով առավելապես հոգևոր բովանդակությամբ: Եվ շլափայլ կդառնան հյուսիսային ծիածանի մերօրյա գույները...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ