Պատմական անցյալի մնայուն էջերից


Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսը ներկայացնում էր «Գոմելի կալվածքի տերեր Ռումյանցևներն ու Պասկևիչները» հուշապատմա կան հավաքածուն: Ստենդներին փակցված 30 լուսանկարների «միջնորդությամբ» Գոմելի թանգարանային զբոսահամալիրի գլխավոր տնօրեն Օլեգ Ռիժկովն ու աշխատակցուհիները պատմում էին Բելոռուսի այցեքարտը դարձած տուն-թանգարանի երբեմնի տերերի տոհմական արժանիքներից, մատնանշում Ռուսական կայսրության պատմության մեջ թողած հետագիծը: Ճարտարապետական այդ բացառիկ կառույցը իր ներկայիս տեսքը ստացել է գեներալ-ֆելդմարշալ Ի. Ֆ. Պասկևիչի սեփականությունը դառնալուց հետո, XIX դարի կեսերին, երբ պալատի հյուսիսային թևում հավելվել է չորսհարկանի հոյակերտ աշտարակը, որտեղ էլ այժմ տեղադրված է երկու տերերի անձն ու գործը լուսաբանող հավաքածուն: Պետության կողմից խնամքով պահպանվող թանգարանային զբոսահամալիրը այսօր ակտիվ գործող մշակութային օջախ է: Տարեկան մոտ 2 միլիոն մարդ է այցելում թանգարան, Սպիտակ հյուրասենյակում ունկնդրում երգեհոնային ու դաշնամուրային երաժշտություն: Կազմակերպված գեղանկարչական ցուցահանդեսների շնորհիվ ծանոթանում Բելոռուսի թանգարանների ֆոնդերին, մասնավոր հավաքածուներին: Միաժամանակ այն ծառայում է որպես պաշտոնական արարողությունների միջազգային կենտրոն: Առաջին հայացքից, այս ամենը անմիջական առնչություն չունի «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության (նախագահ` Ա. Պապով) նախաձեռնած «Թուրքմենչայ-180» միջոցառումների հետ: Բայց հենց այստեղ` XIX դարի Երևանի միջավայրի բնութագրական կողմերի առարկայացված պատկերը ներկայացնող սրահում, Երևանի բերդի մանրակերտի, պատերից նայող Բեհբութովի, Ներսես Աշտարակեցու, ռուսական բանակի սպաների, գեներալ Պասկևիչի հայացքների սևեռմամբ` անցյալի փոշին թոթափվում է հայոց պատմության տարեգրքի օրհասական էջերից, և իր ողջ կարևորությամբ հառնում է հեռավոր Գոմելի ընտանեկան մատուռ-գերեզմանոցում հանգչող զինվորականի հերոսական կերպարը: Երախտագետ հիշողության ծալքերում վերստին արժեքավորվում է 1827-ին գեներալ-ադյուտանտ Պասկևիչի գլխավորած երրորդ արշավանքի վճռորոշ նշանակությունը 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմի հաղթական ավարտում: Անդրկովկասում տարածքային և ազդեցության ոլորտների վերաբաժանման համար Թուրքիայի, Պարսկաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից մղվող ռազմաքաղաքական թեժ պայքարի պայմաններում վերջինս էր այն գերպետությունը, որի շահերը համընկնում էին հայերի ազատագրական ձգտումներին: Ասվածի փայլուն վավերագիրն է 1928 թվականի փետրվարի 10-ին Պասկևիչի և պետական խորհրդական Ա. Օբրազցովի ստորագրած Պայմանագիրը Թուրքմենչա յում, ըստ որի Արևելյան Հայաստանը մտցվեց Ռուսաստանի կազմի մեջ` կանխելով հայերի ֆիզիկական բնաջնջման ու ձուլման վտանգը: Եվ ամենևին չափազանց ված չէր Խաչատուր Աբովյանի խանդավառությունը. «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտը մտավ մեր աշխարհը»: Այս խոսքերի պատմական բովանդակությանը քաջատեղյակ է միջին և ավագ սերունդը: Նորերի գիտակցության և հիշողության մեջ պետք է սերմանել դրանց բախտորոշ նշանակությունը, հարգանք ներշնչել իրենց ծնած ու սնող ժողովրդի կենսագրության մեջ կարևոր դրական դերակատարություն ունեցած (և` ունեցող) անհատների նկատմամբ: Կարծում եմ` այս հեռահար նպատակն է հետապնդում «Ռուսաստանի բարեկամներ» կազմակերպությունը իր 5000 անդամներով հիմնադրման օրվանից (1999 թ.)` հետևողականորեն երախտիքի տուրք մատուցելով Պասկևիչի, Օբրազցովի, Գրիբոյեդովի (ի դեպ, նաև Պայմանագրի տեքստի հեղինակն է հայերիս մեծ բարեկամը) և այլ արժանավորների անձի ու գործի հիշատակին: Բարեկամության տոնահանդեսը, մեկնարկելով Երևանի պատմության թանգարանում, տեղափոխվեց Պասկևիչի բլրի մոտ, որտեղ հայկական և ռուսական զինվորական ստորաբաժանումների, հասարակական-պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ փետրվարի 10-ը վերստացավ իր պատմական իմաստավորումը: Արժեքավորելով մեր անցյալը` արժեքավորում ենք ինքներս մեզ` իհարկե խելամիտ դասեր քաղելով նրա մնայուն էջերից...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ