ԹԱՏՐՈՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


Հայաստանում այսօր գործող մյուս 15 պետական թատրոնների աշխատակիցներին (նկատի ունեմ ստեղծագործական և վարչատնտեսական ողջ կազմը) խորթ կարող է թվալ Տիկնիկայինում նախաձեռնված, ավանդույթ դառնալու միտում դրսևորող այս աշխատաոճը: Թատրոնի տնօրենը «հանրաքվե» է անցկացնում կոլեկտիվում ունեցած վստահությունն ու հեղինակությունը ճշգրտելու, նրա հետ իր ստեղծագործական համագործակցության հիմքերի հուսալիությունը պարզելու նպատակով: «Ազատ մարդկանց հետ աշխատելն է հետաքրքիր,- ասում է իր 10-ամյա գործունեության փաստական պատկերը մանրակրկիտ ներկայացնող Ռուբեն Բաբայանը:- Ղեկավարը սովորություն ունի ժամանակի ընթացքում կուրանալու: Նրան հարկավոր է, ի շահ թատրոնի կառույցի բարգավաճման, անկեղծորեն ու անաչառ սթափեցնել»: Վերընթաց դժվարին ճանապարհ է անցել նա տիկնիկայինի ղեկը իրեն կամավոր հանձնած կոլեկտիվի հետ միասին: 1998-ից մինչ օրս: Ստանձնելով իր պաշտոնը ընդամենը 10 միլիոն դրամ կազմող բյուջեով և 17 միլիոն դրամ պարտքով, էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցմամբ, անջատված հեռախոսակապով, դատական 3 պրոցեսով… Թատրոնը, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր` 3 ամիս չվճարված աշխատավարձ, շենքի տարածքում` վարձակալական քաոս, շարքից դուրս եկած ձայնային համակարգ, լուսայինի աղքատիկ պատկեր, թալանված թանգարան, խաղացանկային 20 ներկայացումներից խաղացվում էին յոթը... Համախոհների մեկտեղված ջանքերով, տնտեսավարման ու ստեղծագործության ընդհանուր մարտավարության հիմնադրույթների գործնականում հստակեցմամբ, Լինսի հիմնադրամի ծրագրով հիմնովին վերանորոգված շենքում այսօր միանգամայն այլ են տիկնիկային թատրոնի առօրյա հոգսերը, անհամեմատ բարենպաստ ստեղծագործական ներկան ու հեռանկարները: Գլխավոր ձեռքբերումներից պետք է համարել ֆինանսական խստագույն կարգապահությունը, Նունե Եսայանի, Նադեժդա Սարգսյանի ու քաղաքապետարանի տնօրինած տարածքների վերադարձվելը թատրոնին: Այսօր նա իր շենքի լիիրավ տերն է: Մնալով «Հայֆեստ» միջազգային փառատոնի «էպիկենտրոնը»` տիկնիկայինը այսուհետ վարձակալությամբ տրամադրվելու է միայն մշակութային միջոցառումներին` հնարավորինս բացառելով ցածրաճաշակությունը: «Ցանկացած ստեծագործող անհատի հնարավորություն պետք է ընձեռել ուժերը փորձելու, բացահայտելու,- պարզաբանում է Ռուբեն Բաբայանը:- Մեկնարկային նախադրյալները` աշխատասիրություն, նվիրվածություն և գեղագիտական հստակ մոտեցումներ: Պրոֆեսիոնալիզմի հարկավոր բարձրությանը հասնելու համար ուշադրության կենտրոնում պահվելու են ամենաբարդ թատերական մասնագիտությանը որդեգրվածները` դերասանները»: Դրվատելով հատկապես երիտասարդներին առաջնությունը տալու նրա դիրքորոշումը` վերապահությամբ եմ ընդունում մասնագիտական հմտությունների այբուբենին մասամբ տիրապետողներին ևս ինքնուրույն ստեղծագործելու արտոնություն շնորհելը: Շնորհալիներ շատ կան ներկա դերասանախմբում: Վաղվա օրվա հուսալի հենարան: Բայց միայն` փորձառու վարպետների (բեմադրիչների, տիկնիկավարների, դերասանների) բանիմաց ու գրագետ ուղղորդությամբ: Մանավանդ որ, այս առումով ակնառու հաջողություններ են արձանագրվել անցած 10 տարիների հանրագումարում: Ներկա խաղացանկի 36 անուն ներկայացումներից 20-ը նոր են, տարաժանր, տասը տարբեր բեմադրիչների կողմից արված: Մի մասը («Երրորդը», «Հայի բախտ», «Ամանոր», «Սուտլիկ որսկանը», «Սովածներ»...) հաջողությամբ մասնակցել են Թեհրանում, Սիրիայում, Մոսկվայում, Պլովդիվում, Կահիրեում, Տրապիզոնում և այլուր անցկացված մեկուկես տասնյակ միջազգային փառատոների: Աճել է մասսայական հետաքրքրությունը. 1998-ի 41 հազարի փոխարեն 2007-ին 65 հազար հանդիսական է ունեցել թատրոնը` ներկայացումների թիվը 238-ից հասցնելով 375-ի: Ի դեպ, գոյության 71 տարիների ընթացքում բեմադրված 5 լավագույններից 4-ը լիովին վերականգնվել են: Վերանորոգվել են 150 տիկնիկներ, ձեռք բերվել նորերը` Ղազախստանից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Բելոռուսից, Ուկրաինայից, Չինաստանից ու Շրի-Լանկայից: 2003-ից գործող մանկական թատերական ստուդիայի սաները իրենց իսկ պատրաստած տիկնիկներով խաղում են «Անխելք մարդը», «Սուտասանը»… Վերաբացվել է թանգարանը: Դերենիկ Մարտիրոսյանը հրատարակել է թատրոնի անցած ուղին ամբողջացնող գիրք, որը հնարավորություն ունի լրացվելու հետագայում` հավաքված լինելով թվայնացված եղանակով: Փոքր բեմի գործունեությունը խաղացանկային բազմազանության յուրօրինակ խթան է դարձել: Այստեղ ներկայացված «Երկնագույն երկրագունդը» (ըստ Ցվետաևայի, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան) և «Ակ-Ակ»-ը (ըստ Գոգոլի «Շինել» պատմվածքի, բեմադրիչ` Ռուբեն Բաբայան) թատերասերների ջերմ հավանությանն են արժանացել իրենց ինքնատիպ լուծումներով ու բնութագրական դերակատարումներով: …Տիկնիկայինի «հանրաքվեն» բուռն ելույթներ, քննարկումներ չունեցավ, չնայած տնօրենը իր խոսքում չբացառեց թերացումների, բացթողումների առկայութ յունը. «Երբ որոշակի ճանապարհ ես գնում, չես կարող չսայթաքել, սխալներն անխուսափելի են, հատկապես վարչական` փորձի պակասի բերումով: Կողքից ավելի լավ է երևում. դրանք նկատելն ու շեշտադրելն է լավ արդյունք ծնում»: Ազատների աշխատաոճը դեռևս մեզանում չի արմատավորվել հարկավոր լրջախոհությամբ ու բացախոսությամբ: Այդուհանդերձ, փակ գաղտնի քվեարկության (այլընտրանք չկար այս անգամ) տվյալները միագիծ չէին: 89 աշխատողներից 76-ն էին մասնակցել` կողմ-66, դեմ-8, անվավեր-2: Այսինքն Ռուբեն Բաբայանը վերստին կարող է ընթացք տալ թատրոնաշինական իր մտահղացումներին` հավատալով դրանց պատշաճ իրագործմանը համակիրների աջակցությամբ: Կարևորը վերընթաց պրոցեսը չկասեցնելն է, քանզի անելիքներ շատ կան արդիական պահանջներին համահունչ ստեղծագործելու համար: