Ղազախստանը ճամփա է ընկել դեպի Արևմուտք


Երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևն անցյալ չորեքշաբթի ժողովրդին է դիմել ամենամյա ուղերձով: Խոսելով ընթացիկ տարում Ղազախստանի արտաքին քաղաքականության մասին` Նազարբաևը կարևորել է Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ համագործակցության ամրապնդման գործոնը. անհրաժեշտություն, որը` - Տարածաշրջանում կայունության, բաց երկխոսության և փոխգործակցության հաստատուն հիմքեր կստեղծի,- ասել է նա: Նա նշել է նաև, որ Կենտրոնական Ասիայում անվտանգությունն ամրապնդելու համար իր երկիրն ընդլայնելու է կառուցողական փոխգործակցությունը Միացյալ Նահանգների, եվրախորհրդի ու ՆԱՏՕ-ի հետ: Այդ նպատակով հատուկ ծրագիր է մշակվելու` «Ճանապարհ դեպի Եվրոպա»: Ղազախստանի առաջնորդի համոզմամբ, այդ ծրագիրը պետք է նպաստի իրենց օրենքների կատարելագործմանը: Մասշտաբային ձեռնարկումների շարքում առանձնացվում է տրանսպորտային նախագծի իրականացումը: Ընթացիկ տարում կգործի «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջմայրցամաքային միջանցքը, որի 2552 կմ-ն անցնում է Ղազախստանի տարածքով: Միջազգային այդ երթուղու զարգացման տեխնիկա-տնտեսական հիմնավորումը մշակվել է 2007-ին, որը նախատեսում է ստեղծել երթևեկության միջոցների կենտրոններ, ինչպես նաև վճարովի համակարգ ներդնել ճանապարհի որոշ հատվածներում: Նախագծի նախնական արժեքը 2 մլրդ դոլար է (230 մլրդ ղազախական թենգե): Տրանսպորտի նախարարության կանխատեսմամբ, շնորհիվ այդ միջանցքի` հանրապետության տարածքով ավտոմոբիլային փոխադրումները 90 հազարից կաճեն մինչև 3,5 մլն տոննա: