«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է...»


- 29 տարի առաջ` այս օրը, Իրանի Իսլամական Հանրապետությունը տոնեց իր հաղթանակը և ապացուցեց, որ ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության և միասնության խորհուրդն է, և ԻԻՀ-ն կայունության գրավականն է: Հետևեք հեռուստաալիքների հաղորդումներին, տարբեր կայքերի նյութերին, անվերապահորեն կհավատաք, որ Իրանի բազմահազարանոց ժողովուրդը մեկ բարոյահավատքով իր աջակցությունն է հայտնել Իրանի քաղաքական ղեկավարությանը և կարգերին,- ԻԻՀ հեղափոխության տարելիցին նվիրված իր ելույթում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյիդ Ալի ՍԱՂԱՅԻԱՆԸ` հավելելով. - ԻԻՀ-ն հեղափոխության հաղթանակից հետո, 29 տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել գիտատեխնիկական, տեխնոլոգիական, նաև` տիեզերական գիտության բնագավառներում: Թեև, իհարկե, Արևելքում և Արևմուտքում այսօր առկա են մեծ ճգնաժամեր, պատերազմներ, բայց Իրանը տակավին շարունակում է իր քաղաքականությունը բոլոր հարևանների հետ` խաղաղության և զարգացող տնտեսական քաղաքականության հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունը, ելնելով իր արտաքին քաղաքականության սկզբունքներից, ջերմ հարաբերություններ է հաստատել և շարունակում է դրանք իր բարեկամ և հարևան երկրի` Հայաստանի Հանրապետության հետ, որի հետ ունի նաև դարավոր պատմամշակութային հարաբերություններ: Ես կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ավելի են ամրապնդվել երկկողմ ռազմավարական հարաբերությունները: Խորին շնորհակալությամբ պետք է արձանագրեմ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման սկզբից մինչ այժմ էլի ավելի են զարգացել երկկողմ հարաբերությունները և գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա: Դրա երաշխիքը նախագահների փոխայցելություններն են և շարունակվող փոխհարաբերությունները երկու երկրների բարձր ղեկավարության միջև: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է եղել և այժմ էլ պատրաստ է վերջին տարիների իր փորձն ու նվաճումները ի նպաստ դնել հարևան ու բարեկամ պետություններին, այդ թվում և Հայաստանի Հանրապետությանը: Աճող ու զարգացող Հայաստանը կարող է Իրանի համար լինել շատ լավ հարևան և բարեկամ երկիր: Ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս ժամանակաշրջանում` ընտրությունների շեմին, կկատարի իր ճիշտ ընտրությունը: Ես հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում…

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ