Դեմքով դեպի ապագան


Վերջին օրերին, չնչին բացառություններով, Նախագահի թեկնածուներն ավելի հաճախ են սկսել ընտրությունների երկրորդ փուլի մասին խոսել: Այս հարցում պասիվ չեն ոչ միայն այն նախագահացուները, որոնց համեմատաբար բարձր վարկանիշ է վերագրվում, այլ նաև մրցարշավի ակնհայտ հետնապահները: Իսկ անկախ նրանից` քվեարկությունը մեկ, թե երկու փուլով կավարտվի, այստեղ ավելի հետաքրքիր է այն իրողությունը, որ այսօր, ավելի քան երբևէ, թեկնածուներից յուրաքանչյուրն իրեն երկրորդ փուլում Սերժ Սարգսյանի անփոխարինելի մրցակցի կարգավիճակում է պատկերացնում: Այս մտայնությունը, որ քարոզարշավի մեկնարկին բավական աղոտ էր երևում, ներկայում դարձել է շատ ու շատ թեկնածուների պայքարի գերնպատակը և քաղաքական ինքնապահպանության ուղենիշը: Ընդհանուր առմամբ, ցավալի է նախագահացուներին նման աննախանձելի վիճակում տեսնելը, սակայն փաստն ինքնին վկայում է, որ ընտրություններ 2008-ի ֆավորիտը Սերժ Սարգսյանն է, և քարոզարշավը միմիայն ամրապնդել է նրա դիրքերը: Բնավ էլ պատահական չէ` երկրորդ փուլ կանխատեսելու գործում հմտացած և դա այս ընտրություններում էլ չբացառող սոցիոլոգիական ընկերությունները վերջին շաբաթներին, առանց ավելորդ ինքնավստահության, միաբերան պնդում են Սերժ Սարգսյանի` հենց փետրվարի 19-ին արձանագրվելիք համոզիչ հաղթանակը: Մյուս կողմից, հանրության մի ստվար հատված սոցիոլոգներին վերապահումներով է վերաբերվում: Ավելին, տվյալ պարագայում առաջին հայացքից կարող է թվալ, թե այս պնդումն ուղղակիորեն հակասում է նույն այդ հասարակական կարծիքն ուսումնասիրողների կողմից շատ ավելի հաճախ հրամցվող այն թեզին, համաձայն որի` երկրի բնակչության գերակշիռ մեծամասնությունն օրվա ղեկավարությունից փոփոխություններ, բարեփոխումներ է ակնկալում: Անկախ սոցիոլոգի ների հավաստիացումներից` առաջընթացի որակապես նոր փուլի կարևորությունն այնքան մեծ է, որ այն իր ողջ ծավալով ոչ միայն ներառվել է Նախագահի բոլոր թեկնածուների ծրագրերում, այլ, որ ավելի կարևոր է, ընդունվում և բարձրաձայնվում է տասնամյա իշխանավարության ընթացքում քիչ ձեռքբերումների չհասած Ռ. Քոչարյանի կողմից նույնպես: Տվյալ դեպքում` գործող Վարչապետի նախընտրական ծրագիրն ամբողջությամբ խարսխված է հենց անցնցում, իրատեսական, հիմնավոր և տեսանելի առաջընթացի հենքի վրա: Ահա թե ինչու, քարոզչության անցնող շաբաթները նախագահացուների իննյակում նկատելիորեն ամրապնդեցին Ս. Սարգսյանի դիրքերը` անխուսափելի դարձնելով նրա հաղթանակը և գրեթե վերջնականապես բացառելով երկրորդ փուլի հավանականությունը: Իսկ ի՞նչ է խոստանում բարեփոխումների բովանդակությունն ամբողջացնող «Առա°ջ, Հայաստան» կարգախոսով մրցարշավի ելած թեկնածուն: Ուշագրավ մի «պարադոքս» կա այստեղ. նրա խոստումներն ամենահամեստն են, սակայն ընտրազանգվածի գերակշիռ մեծամասնությունը հենց նրա° օգտին է պատրաստվում քվեարկել: Վերջին հանգամանքը վկայությունն է այն իրողության, որ մյուս թեկնածուների ավելի շռայլ խոստումներին ընտրողները պարզապես չեն հավատում: Եվ այստեղ անիմաստ է հիմնավորել, որ քաղաքացու համար ցանկալի է, ասենք, իր աշխատավարձը ոչ թե երկու, այլ չորս և ավելի անգամներ բարձրացված տեսնել: Իսկ խոստացվող բարեկեցության ֆոնին այլևս երկրորդական է, թե հատկապես ով է դա իրականացնելու: Տվյալ դեպքում` երկրի նախագահը: Սակայն ընտրողը կողմնորոշվում է մինչ այժմ իր տեսածով, այլ ոչ` խիստ պայմանական խոստումներով: Ասել է թե Ս. Սարգսյանի նախընտրական ծրագիրն իսկապես ամենաիրատեսականն է: Այլապես, եթե նույնիսկ նա է խնդրում ընտրողի քվեն, դրանից բոլորովին էլ չի հետևում, թե փետրվարի 19-ին քվեաթերթիկի համապատասխան տողում նշում կատարելու խնդիրը լուծված է, Ս. Սարգսյանի հաղթանակը` երաշխավորված: Ի վերջո, «խնդրելու» տարբեր եղանակներ կան. սկսած դրա ուղղակի ձևից, վերջացրած բոլոր այն մյուս տարբերակներով, որոնք Նախագահի մյուս թեկնածուներն են կիրառում: Սակայն սխալ կլինի կարծել, թե միայն խնդրելով են մարդիկ ընտրելու: Քաղաքական վստահությունը, իսկ այս պարագայում, իբրև դրա հետևանք, ընտրական քվեն ոչ մեկ-երկու շաբաթվա խոստումնահեղեղի, ոչ էլ ինչ-որ քարոզարշավի արդյունքում է տրվում տվյալ թեկնածուին: Հանրության յուրաքանչյուր անդամի նախապատվութունը ձևավորվում ու քվեի միջոցով արտահայտվում է շատ ավելի լուրջ շարժառիթների մեկտեղմամբ: Տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանի տևական ու թափանցիկ գործունեությունը գնահատելու հնարավորություն ընտրողները լավագույնս ունեն: Հետևաբար, անհրաժեշտություն չկա ներկա իրականությանը սևացնել և կամ դրան վարդագույն ակնոցով նայել: Նախագահի թեկնածուն ինքն է խոստովանում, որ. «առայժմ, իհարկե, դանդաղ, մեր կյանքը փոխվում է դեպի լավը»: Իսկ իր առաջադրումը առավելապես հիմնավորում է` զարգացման հանդարտ տեմպերն ավելի դինամիկ դարձնելու վճռականությամբ: Գործող Վարչապետն, ի տարբերություն ինչ-որ կախարդական փայտիկների միջոցով հրաշքներ արարել պատրաստվող շատ այլ թեկնածուների, խոստովանում է. «Այս ամենը կյանքի կոչելը հեշտ չէ»: Նա լավ է գիտակցում իր բաժին պատասխանատվության կրկնապատկման հեռանկարը և ցանկալի արդյունքների հասնելու համար գործադրելիք ջանքերի բազմապատկման անհրաժեշտությունը: Պետական գործչի փորձառությունը առաջնահերթությունները դասդասելու լավ հնարավորություն է ստեղծում: Ուստիեև բոլորովին էլ պատահական չէ, որ այդ շարքում ընդգծված նշանակություն է տրվում թե° կյանքի որակի բարելավման խնդրին, թե° աղքատությունը գրեթե ամբողջությամբ արմատախիլ անելու հեռանկարին: Թեպետ ընդամենը ութ տարի առաջ մեր երկրում աղքատ է համարվել բնակչության կեսից ավելին` 56 տոկոսը, այնուամենայնիվ, ներկայում այդ թիվը 26,5 տոկոսի է հասել, իսկ ևս վեց տարի հետո դարձյալ շոշափելիորեն կնվազի` հասնելով 11,9 տոկոսի: Ծայրահեղ աղքատներ կհամարվեն մեր հայրենակիցների շուրջ 1,8 տոկոսը: Սրան հասնելու համար ուշադրության կենտրոնում են մնալու հատկապես հասարակական ավելի խոցելի խմբերը: Դիցուք, կենսաթոշակների շարունակական բարձրացումը կյանքի պայմանները բարելավելու և արժանավայել ծերության ամենագործնական արտահայտությունը կդառնա: «Առա°ջ, Հայաստան» կարգախոսը, թերևս, լավագույնս ամբողջացնում է Նախագահի այս թեկնածուի և նրան ՀՀԿ-ի, մյուս կուսակցությունների ծրագրերը: Չի անտեսվել որևէ ոլորտ, ինչն էլ ենթադրում է, որ ոչ միայն զարգացման տեմպերին է նոր լիցք հաղորդվելու, այլ նաև դրա համաչափությունն է պահպանվելու: Նույն մոտեցումն է որդեգրվելու նաև մայրաքաղաքի ու մարզերի դեպքում. «Ցուցաբերվելու է համալիր մոտեցում Հայաստանի ողջ տարածքի զարգացման խնդրին»,- իր վերաբերմունքն այսպես է ամփոփել Նախագահի թեկնածուն ու գործող Վարչապետը: Ինչ վերաբերում է ամենամոտ ապագային, իսկ ավելի կոնկրետ` բուն քվեարկության օրվան, ապա իշխանության վերաբերմունքն այստեղ կրկնվելու է… Այնպես, ինչպես նախորդ մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններին: «2008 թ.-ի նախագահական ընտրությունները հաստատելու են, որ ընտրական գործընթացների բարելավումը և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում այլևս ավանդույթ է»,- վստահություն է հայտնվում ծրագրում: Սա, թերևս, առաջին խոստում-հավաստիացումն է, որի գործնական կիրառության ականատեսներն ենք դառնալու ընդամենը մի քանի օրից սկսյալ: Հուսանք, որ ազատ և արդար քվեարկությունն ու ժողովրդավարության ճանապարհին մեր երկրի կատարելիք հերթական վճռական քայլն իսկապես կդառնա նոր ծրագրերի, նոր մտահղացումների, նոր գաղափարների իրագործման առաջին, բայց շարունակական գործընթացի կարևորագույն առհավատչյան` առաջիկա տարիներին նորացված ընթացքով առաջ տանելով մեր երկիրը: «Նախընտրական գործընթացը մտնում է չափազանց պատասխանատու փուլ: Մեր նպատակը օրինական ընտրություններ կազմակերպելն է, եւ այդ գործում մեծ է ձեր եւ ձեր ղեկավարած ծառայությունների դերակատարությունը: Պարզ է, որ ընտրությունների ժամանակ ներքաղաքական իրավիճակը որոշ չափով լարվում է, տարբեր թեկնածուներ, կուսակցություններ բավականին լայնածավալ, մասշտաբային միջոցառումներ են անցկացնում: Այստեղ բոլորիդ աշխատանքը պետք է համապատասխան լինի ստեղծված իրավիճակին եւ այս ժամանակահատվածում դուք պետք է գործեք շատ ավելի ծանրաբեռնված»: Հիմնական անելիքները բաժանելով երկու մեծ խմբի` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ առաջինն այն գործառույթներն են, որոնք իրավապահ մարմինները պարտավոր են կատարել ընտրական օրենսգրքի եւ այս գործընթացների շրջանակում: Ոստիկանության համար դա ընտրացուցակների ճշտումն է: Երկրորդ խնդիրը կարգապահության հարցն է, եւ ընդհանրապես հասարակական կարգի պահպանությունն է ընտրությունների օրն ընտրական տարբեր տեղամասերի շրջակայքում: Իրավապահ մարմիները պարտավոր են շատ արագ արձագանքել բոլոր ահազանգերին` կապված ընտրական օրենսգրքի խախտումների հետ: Այսօր արդեն իսկ դատախազությունում ստեղծված են խմբեր, ոստիկանությունում գործում է «թեժ գիծ»: