55 տարի առաջ վախճանվեց Ստալինը Առաջնորդի մահը


1953-ի մարտի 5-ին իր ամառանոցում մահկանացուն կնքեց նա, ում անձի հանդեպ, անգամ մահից հետո, անտարբեր չմնաց Խորհրդային կոչված երկրի որևէ քաղաքացի: Ըստ պաշտոնական վարկածի` մահից 4 օր առաջ` մարտի 1-ին, նա կաթվածահար էր եղել: Այս վարկածը շատերի համար ընդունելի է մնում, որովհետև այն ժամանակների իրադարձությունների իրական ընթացքը առայժմ հնարավոր չէ ճշգրտորեն վերականգնել: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ հնարավոր են համարում, որ առաջնորդի դեմ դավադրության մասին տարածված խոսակցություններն հետևանք են այն անհողդողդ կասկածամտության, թե նման անհատը կարող էր «հենց այնպես» մահանալ տարիքային օրինաչափությամբ: Այս տեսակետը պաշտպանողները գրեթե համոզված են նաև, որ դեռ երկար տարիներ ոմանք շարունակելու են որոնել Իոսիֆ Ստալինի մահվան առեղծվածը` վերջնական պատասխան գտնելու համար մեկ հարցի. իսկապե՞ս նրա միապետական կառավարման տարիները ողբերգական են եղել ԽՍՀՄ-ի համար: Իսկապե՞ս այդ ժամանակահատվածը արյունոտ ահաբեկչության և կործանման դարաշրջան էր, թե՞ նրա անվան հետ կապված նվաճումները նսեմանում են մարդկային չարչարանքների ու զրկանքների ֆոնին: Այդ ժամանակներից հետզհետե ավելի հեռացող գալիք սերունդները, թերևս, «կողքից դիտողի» հայացքով շատ ավելի սթափ ու իրատեսորեն կգնահատեն փաստերը: Իսկ մինչ այդ, քանի դեռ այն տարիների մասին դատում ենք վիրավորանքներ ու ծանրություն կրած ականատեսների պատմածներով, դժվար է «սառը» դատել: Բայց նաև, դեռևս մեր կողքին են հզոր բեկումների ու խոշոր կառույցների ականատես-մասնակիցները, Մեծ հայրենականում հաղթողները: Այնպես որ` ավելի ճիշտ է պարզապես արձանագրել. 55 տարի առաջ մարտի 5-ին վախճանվել է երեք տասնամյակ մոլորակի ցամաքային 1/6-րդ հատվածի ղեկավարը, ում անունը անքակտելի մասն է Խորհմիության պատմության: