Փոխադրամիջոց` հաշմանդամներին


Երևանի «Տաթև» հաշմանդամ երեխաների և ծնողների հասարակական կազմակերպությունը մարտի 11-ին պայմանագիր կնքեց Մոսկվայում Ճապոնիայի դեսպանի երկրորդ քարտուղար Միդզունո Յուկիկոյի հետ: Ըստ պայմանագրի` Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության ծրագրով գումար է տրամադրելու` հաշմանդամ երեխաների համար սայլակնե րին հարմարեցված երկու միկրոավտոբուս ձեռք բերելու նպատակով: Կազմակերպությունում ընդգրկված են մոտ 250 հաշմանդամ երեխաներ: Միդզունո Յուկիկոյի հավաստմամբ` տրմադրվող գումարը Ճապոնիայի ժողովրդի նվերն է: - Բոլորին է հայտնի, թե որքան դժվար է հատկապես սայլակավոր երեխաներին տեղափոխելը: Ուստի, այս ծրագիրն իրականացնելու համար աշխատել ենք դեռ 2007 թվականի մարտից: Ուրախությամբ նշեմ, որ առողջակրթական ցերեկային կենտրոն ստեղծելու համար անհատույց տարածք է տրամադրել Երևանի Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանը: Հավանաբար, մարտի 31-ին մեր կենտրոնը կունենա սեփական տրանսպորտային միջոց, որը շատ կարևոր է, որպեսզի Երևանի տարբեր հատվածներում բնակվող հաշմանդամ և մոտակա N 4 մանկապարտեզի երեխաներն ընդգրկվեն իրականացվող ծրագրերում,- ասում է կենտրոնի տնօրեն Շողիկ Տատինցյանը: Ի դեպ, պետք չէ մոռանալ, որ հասարակության մակարդակը նաև հաշմանդամների նկատմամբ ունեցած վերաբերմունքով է դրսևորվում: Օ. ՄԱԴԱԹՅԱՆ