Նոր փափազյաններ հազիվ թե ծնվեն


... Համընդհանուր թատերապաշտության հրաշալի ժամանակներ էին: Մշակութային առողջ իմպուլսներով առլեցուն ստեղծագործական մթնոլորտում գեղագիտական լիարժեք դաստիարակություն էր ստանում մատաղ սերունդը: Պետությունը հոգատար ուշադրությամբ խնամում ու հասունացնում էր իր սյուներն ամրացնող վաղվա քաղաքացուն, նպաստում կյանքի համակողմանի ճանաչողություն ապահովող հանրակրթությանը: Հոգևոր-բարոյական-գիտակցական արժանապատիվ նկարագրով մարդկային հասարակություն ձևավորող ազդեցիկ գործոն էր մշակույթը, պետականորեն կարևորվող ու խթանվող: Բերրի ստեղծագործական դաշտում ծլարձակում էին բնատուր ունակությունները, հասունանալով` տարորոշվում անհատականություն ները: Համընդհանուր ճանաչման էին արժանանում շնորհալիները: Տաղանդավորները` համաժողովրդական սեր վայելում: Արվեստի մարդկանց նվիրումն ու վաստակը պաշտոնական պատշաճ գնահատական էր ստանում` բարձրացնելով նրանց հեղինակությունը, կենտրոնացնելով կենսական ողջ էներգիան ու ժամանակը ստեղծագործական նոր վերելքներով հաստատելու ու պահպանելու այդ առանձնաշնորհյալ վերաբերմունքին արժանավորությունը: Մարդն իսկապես ազատ էր զարգացնելու նախասիրությունները, բացահայտելու կարողությունները, վստահ քայլելու նվիրական երազանքների իրագործման ճանապարհով: Թատերական պայմանականությունների ուշագրավ միջոցներով նեղ կենցաղային պատմությունից մասսայական սահմանափակ մտածողության յուրատիպ ծաղրանկարի վերաճող «Մաքսիմալիստը» ֆանտասմագորիկ ներկայացումը Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում խանդավառությամբ ընդունվեց թատերասեր հասարակայնության կողմից: Ստրատիևի քաղաքական-գաղափարական հագեցած ենթիմաստով կատակերգության բեմադրության ավարտուն ամբողջականությունը, սակայն, անհաջող քողարկված «խորագիտությամբ» վերագրվեց Արմեն Խանդիկյանի գեղարվեստական ղեկավարությանը` ենթադրելով, որ դերասան Արմեն Բարսեղյանը ինքնուրույն հազիվ թե կարողանար առաջին լուրջ փորձով բեմադրական որոշակի հասունության նմանօրինակ հայտ ներկայացնել: Այս կարգի թերահավատների «ամենագիտությանը» կարելի էր, իհարկե, նախանձել, եթե միտումնավոր անտեսվեր մինչ «Մաքսիմալիստը» Բարսեղյանի անցած ստեղծագործական ճանապարհը: Ապրած տարիների համեմատ բավականին երկար ու բեղուն մի ճանապարհ, որ սկիզբ է առնում Կիրովականում անցկացրած մանկութ յան կածաններից: ...Նկարիչ Գրիգոր Բարսեղյանի տղան ավելի լրջորեն ու ինքնամոռաց էր տարվել «թատրոն-թատրոն» մանկական խաղով, քան կարծում էին ծնողներն ու հարազատները: Հոր արվեստանոցում խորացնելով նկարչական բնատուր շնորհը` դեկորներ էր պատրաստում իրենց բնակարանում տարերայնորեն հիմնադրած տիկնիկային մենաթատրոնի ներկայացումների համար, հատուկ երաժշտություն ընտրում-ձայնագրում: Բակի երեխաները 20 կոպեկով տոմս էին գնում, աշխույժ ծիծաղով ծափահարում «Բարեկենդանը», «Սուտլիկ որսկանը» և ուրիշ բեմականա ցումների ավարտին, ապա հավաքված գումարով քաղցրավենիք գնում ու «մեծավարի» զվարճանում: Թատրոնի մասին պատկերացումները ընդլայնվում էին` աբելյանցիների արվեստին հաճախակի հաղորդակցվելով: Իսկ մասնագիտական հիմքերի վրա տեղափոխվեցին, երբ Էդուարդ Քոթանջյանը թատերական խմբակ կազմակերպեց Մշակույթի նորաբաց տանը: Շուտով խմբակի երեխաների ուժերով հարյուր տեղանոց դահլիճում ցուցադրվեցին «Ձախորդ Փանոսը» և «Ռիմ-տիմ-տիմ արջուկի արկածները» տիկնիկային ներկայացումները: Հետաքրքրությունը խմբակի գործունեության նկատմամբ քաղաքում գնալով աճում էր: Սկսեցին շրջագայել գյուղերով ու պիոներական ճամբարներով: Թատրոնի խենթ նվիրումը շուտով ուշադրություն գրավեց` ինքնագործ տիկնիկային խմբերի հանրապետական փառատոնում նրանց աշխատանքը ճանաչվեց լավագույնը` արժանացնելով «ժողովրդական» կոչմանը: Արմեն Բարսեղյանը, այլևս իր կյանքը չպատկերացնելով առանց թատրոնի, միջնակարգն ավարտելուց հետո դիմում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Փայլուն անցնելով մասնագիտական փուլը` ձախողվում կոլոկվիումից: Այդուհետև չնախատեսված ոլորաններով է ընթանում թատրոնում հաստատվելու նրա ուղին: Ընդգրկվում է Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիայի Խորեն Աբրահամյանի կուրսում: Մեկ տարի անց զորակոչվում Խորհրդային բանակ, ապա հայտնվում Սոս Սարգսյանի կուրսում` ըստ էության, ուսումնառության 3 տարիների ընթացքում գործնական դասեր ստանալով Արմեն Էլբակյանից ու Նիկոլայ Ծատուրյանից: Աշխատելով Մայր թատրոնում` զուգահեռ սովորում է Զավեն Տատինցյանի արվեստանոցում` միանգամից ընդունվելով ինստիտուտի երկրորդ կուրս: Էլբակյանի հրավերով 1989-ից հանդես է գալիս Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` սիրահար հերոսների միօրինակ դերերից անցնելով «խարակտերայիններին» (Լրագրող - «Մեծապատիվ մուրացկաններ», Թովմաս - «Ատամնաբույժն արևելյան»): «Ամենափրկիչ ջրհեղեղ»-ում գտնում է անձնական երջանկության բանալին` Լիզային, ով պիտի նեցուկ լիներ «անցումային» հորջորջված տարիներին հաղթահարել հակամշակութային դժվարություններն ու անխոտոր ծառայել թատերարվես տին: Ոչ միայն դերակատարումներով: 1994-ից, հանդես գալով «Էդգար Էլբակյան» թատերախմբի կազմում, միաժամանակ ստանձնում է Մայր աթոռ Ս. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տան թատերական դասարանի մանկավարժի պարտականությունները: «Աշխարհի ոչ մի թատրոնում չկա այդ նվիրվածությունը,- ամփոփում է իր մոտ 15-ամյա մանկավարժական փորձը Արմեն Բարսեղյանը: - Չորրորդ սերունդն եմ կրթում: Շնորհալիներից ոմանք հաստատվել են պրոֆեսիոնալ բեմում, ինչպես Վահագն Գալստյանը` Նորին մեծություն միջակության քառակուսի մտածողությանը կուլ չգնացող Սլավչոն իմ «Մաքսիմալիստ»-ում, հուսալի խաղընկերներիցս մեկը Դրամատիկի մի շարք ներկայացումներում» : Տասնյակ բեմադրություններ է արել Բարսեղյանը երեխաների ուժերով: «Ձյունե թագուհին», «Չիպոլինոյի արկածները», «Բուրատինոյի արկածները», Աճեմյանի "ղՏՐՏՔՏ"-ն («Մի տակառ հեքիաթ»-ն (ըստ Թումանյանի), իր հեղինակած «Փրկության տապանը»… Շատերը մրցանակներ են ստացել մանկապատանեկան թատերական տարբեր փառատոներում: Մտահոգված առավելապես վաղվա բարձրաճաշակ հանդիսատեսի նախապատրաստմամբ` նա միաժամանակ փորձարկում է իր բեմադրական մտահղացումները, յուրացնում ներկայացման ամբողջական կառույցի իրականացման հիմնական նրբությունները երեխաների «միջնորդությամբ»: Ասենք, վերջին տարիներին մանկական ներկայացումներ բեմադրել է նաև Դրամատիկում, որտեղ որպես դերասան հանդես է գալիս 1997-ից: «Ծուռն ու շիտակը», «Արամն ու արքայադուստրը», «Երջանկության բանալին»: Այնպես որ, մինչև մեծահասակների համար Ստրատիևին ձեռք մեկնելը բեմադրական գործնական հմտությունների որոշակի պաշար (բազա) ուներ արդեն: Գեղարվեստական ղեկավարի առաջարկին համաձայնվել է եռամյա որոնումներից հետո միայն` ծանրութեթև անելով բոլոր հնարավորությունները: Դերասանների հետ աշխատանքում չի դժվարացել, բայց շեշտադրումները ձևակերպելիս հաճախ է զգացել Խանդիկյանի փորձառու ուղղորդման կարիքը: Կոնկրետ գեղագիտական սկզբունք ներ ունեցող համախոհների թատրոնում, որն ունի դրվատելի կազմակերպչական հատկանիշներ դրսևորող առաջնորդ, «գաղափարակրի» աներևույթ ներկայությունն ինքնին հասկանալի է իր շուրջը համախմբվածների, անգամ հրավիրվածների կողմից արվող աշխատանքներում: Եվ բարեբախտություն էր թատրոնից թատրոն ակամա դեգերող Արմեն Բարսեղյանի համար թատերանպաստ կառուցիկությամբ առանձնահատուկ Դրամատիկում հաստատվելը: Քանիցս սկսած լինելով զրոյից` նա դյուրությամբ է մերվում ստեղծագործական դիմագծով իրեն անծանոթ նոր կոլեկտիվին: Սենատոր Սինայի («Հուլիոս Կեսար») առաջին իսկ դերակատարմամբ: Արտիստական խաղացանկում ունենալով ռեժիսորական տարբեր ձեռագրերով հղացված մոտ երկու տասնյակ տարաբնույթ դերեր: Նույնքան հնչեղ անուններ հավելվեցին այս թատրոնում: Մարիո («Սպանել սիրո համար»), Սգանարել («Ակամա բժիշկը»), Ագոստինո («Ցիլինդր»), Ռոս («Մակբեթ»), Տիսաֆերն («Մոռանալ Հերոստրատին»)… Մշուշված տպավորություններով չեմ փորձի անդրադառնալ նախորդ թատրոններում խաղացած նրա դերերին: Դրամատիկում տեսածներիցս հիշարժան են մարդու ներքին երկվությունը մարմնավորող, ավանդական կաղապարից միանգամայն տարբերվող Սատանան («Հիսուս Նազրովրեցին և նրա երկրորդ աշակերտը»), «հատակի» մարդկանց ուրույն տիպը ներկայացնող, արգահատելիության մեջ ոչ միագիծ Երկրորդ տղամարդը («Բարև, սրիկաներ»), հայի դարերով անփոփոխ տարատեսակներից մեկը` Սիմոնը («Չեզոք գոտի»), տիրոջ անվան շուրջ աննկատ հնարագիտությամբ ուզածդ համարումը ստեղծող արտոնյալ ծառա Լեպորելոն («Դոն Ժուան»): Թատրոնի ճակատագրով լրջորեն անհանգստացող համեստ մշակ է Արմեն Բարսեղյանը, սերնդակիցներից շատերի նման ստվերում մնալով` իր անմնացորդ նվիրումով է ջանում ընդդիմանալ ներկա մշակութային դաշտում անարգել հաստատվող, գնահատման չափանիշները գլխիվայր շրջելով կեղծ դափնիներով օծված բեմադրական-դերասանական դիլետանտիզմին, թայֆաբազությանը: Դրամատիկի թատերական նորաստեղծ ստուդիայի հիմնադրման աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելով` արժանավայել ապագայի հույսեր է փայփայում: Լիներ մեր արդի հասարակական կեցությունը ստեղծագործական դաշտի արգասաբերությունն ապահովող, ինչպես նրան թատրոն բերած ճանապարհի առաջին հատվածում էր, ինքս էլ կհավատայի ողջունելի այդ նախաձեռնության լիակատար իրագործելիությանը: Գուցե դա է ռեալ երաշխիքը` ինստիտուտից թերարժեք «արտահոսքը» կասեցնելու: Կարծիք կա, որ ընդունելության փուլում խոտանվածների մեջ կարելի է շնորհալիներ գտնել: Այդուհանդերձ, մնալով անուղղելի թատերապաշտ, կասկածում եմ ներկա սոցիալ-քաղաքական, հակամշակութային քաոսում նոր փափազյանների ծնունդին…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ