«ԲԱՆԱԿԸ ՈՒՆԱ°Կ Է...»


Հ Հ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ներածական խոսքը ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների համար կազմակերպված ճեպազրույցում Հարգելի գործընկերներ Դուք արդեն տեղեկացված եք, որ ս.թ. մարտի 1-ին, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով Երևան քաղաքում 20 օր ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն: Համաձայն արտակարգ դրության մասին ՀՀ նախագահի հրամանագրի 3-րդ կետի` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը: Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն մտցնելն անհրաժեշտություն էր: Համոզված եմ, որ եթե այդ միջոցը չկիրառվեր, ապա շատ ավելի ծանր կլինեին հետևանքները: Ցավոք, չխուսափեցինք կորուստներից: ՀՀ նախագահի հրամանագրից անմիջապես հետո զինված ուժերը ձեռնամուխ եղան իրենց առաջադրված խնդրի կատարմանը, ինչը հիմնականում ներառում է արտակարգ դրության պայմաններում հատուկ նշանակության օբյեկտների պահպանումը: Պետք է նաև նշեմ, որ զինված ուժերի ղեկավարությունը հանրությանը կոչ է արել զերծ մնալ արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման փորձերից և պարբերաբար իրազեկում է բանակի ձեռնարկած միջոցառումների մասին: Կարող եմ վստահեցնել, որ հասարակությունը դրականորեն արձագանքեց ԶՈՒ դերակատարությանը, և իրավիճակը մայրաքաղաքում այժմ կայուն է: Կարծում եմ, որ այս կերպ հասարակությունը դրսևորեց իր դրական վերաբերմունքը` ներքաղաքական զարգացումների ամբողջ ընթացքում զինված ուժերի ցուցաբերած քաղաքական չեզոքությանը: Հավելեմ նաև, որ ս.թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած հասարակական կարգի խախտման բոլոր դեպքերի և հանցագործությունների առնչությամբ իրավապահ մարմիններն իրկանացնում են օրինապատշաճ գործունություն: Կցանկանայի անդրադառնալ ազգային անվտանգության դեմ կատարված ոտնձգություններին`ս.թ. մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հայտնի դեպքին: Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձեց շահարկել միջադեպը: Խախտման փաստը վերագրվեց հայկական կողմին` մեկնաբանելով այն որպես ներքաղաքական իրավիճակից ուշադրությունը շեղելու միջոց: Մեկ անգամ ևս հերքում եմ այս ապատեղեկատվությունը: Սադրանքների միջոցով հասարակության ուշադրությունը շեղելը բնորոշ է հենց Ադրբեջանի ղեկավարությանը: Պարոնայք ռազմական կցորդներ, ես ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև հետևյալ իրողությանը. հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող, ադրբեջանական կողմը ունի և° վիրավորներ, և° զոհեր: Կարծում եմ` միջադեպի վերլուծությամբ զբաղվող յուրաքանչյուր զինվորական կարող է հստակ եզրակացնել, որ այս դեպքում էլ դասական կանոնը չի խախտվել. ավելի շատ կորուստներ կրել է հարձակվողը: Մնացյալը` Ադրբեջանի քարոզչական շահարկումներ են: Հավելեմ, որ ԼՂՀ ղեկավարությունը միջազգային միջնորդական առաքելութ յանը և ԵԱՀԿ _ին հայտ է ներկայացրել` անցկացնելու միջադեպի հետաքննություն և տալու համապատասխան գնահատական` հետագայում հրադադարի նման խախտումները կանխելու ակնկալությամբ: Հավաստիացնում եմ, որ նման զարգացումները որևէ կերպ չեն անդրադառնա միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում նախանշված միջոցառումների ընթացքի վրա: Հայաստանը շարունակելու է ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը, առաջին հերթին` միջազգային անվտանգության ապահովման ասպարեզում: Կրկնապատկվելու է Կոսովոյում հայկական զորախմբի թվաքանակը, և կշարունակվի առաքելությունը Իրաքում` վստահ լինելով, որ խաղաղապահ առաքելություններում ներգրավվածությունը նպաստում է մեր երկրի, ինչպես նաև միջազգային անվտանգության ամրապնդմանը: Կարող ենք արձանագրել` վերջին իրադարձությունները լավագույն վկայությունն են, որ բանակը ունակ է հավուր պատշաճի արձագանքել ճգնաժամային իրավիճակում զանգվածային անկարգություններին` միաժամանակ լիարժեքորեն ապահովելով հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս կերպ կանխվում է նաև հնարավոր ապակայունացումը տարածաշրջանում: Նախարարի ճեպազրույցը Հայաստանի ներքաղաքական զարգացումների և Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ճեպազրույցի էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված այն ռազմական կցորդներին ու դեսպանությունների ներկայացուցիչներին, որոնց նստավայրը Երևանն է: Միքայել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերն ընդունելու համար և իր ներածական խոսքում մանրամասնորեն անդրադարձավ խնդրո առարկա թեմաներին: Նախարարը համոզմունք հայտնեց, որ հնչող տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի ամբողջական պատկերացում կազմել ներքին և արտաքին մարտահրավերների լրջության աստիճանի մասին` արձանագրելով, որ դրանք կանխելու, իրավիճակը վերահսկելու և երկրում, ինչպես նաև սահմանագծում կայունությունն ապահովելու ուղղությամբ հայկական զինված ուժերի կողմից ձեռնարկվել են համարժեք քայլեր: Պաշտպանության նախարարը կայունության շուտափույթ հաստատումը հիմնավորեց նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման կարևորության տեսանկյունից: Ռազմական կցորդները շնորհակալություն հայտնեցին նախարարի սպառիչ փաստարկների համար և հաստատեցին, որ տեղեկատվությունը լիովին արտացոլում է այն իրավիճակը, որի վերաբերյալ իրենք արդեն իսկ իրազեկված էին: Նկատենք, որ նման տեսակետ արտահայտեցին նաև ականատես ռազմական կցորդները: Հնչեցին հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին հայտարարված Արտակարգ դրության ժամկետների հնարավոր փոփոխմանը, հասարակական կարգի պահպանությունում ներգրավված զինված ուժերի ստորաբաժանումների` նման պայմաններում գործելու հատուկ պատրաստվածությանը: Ռազմական դիվանագետները հույս հայտնեցին, որ Հայաստանը հնարավորինս արագ կհաղթահարի ճգնաժամային իրավիճակը, և կյանքը երկրում կընթանա իր բնականոն հունով: