հայտարարել է տրանսպորտի և կապի նախարարը


Արմինֆո: Հայաստանի շուկայում աշխատանքն սկսելու երեք օրվա ընթացքում`հուլիսի 1-3-ը, բջջային կապի երկրորդ օպերատոր VivaCell-ը թողարկել է 70 հազար «Ալո» հեռախոսային քարտ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքով, նույնիսկ եթե քարտերի այդ քանակության 20%-ն ակտիվացվել է, ապա դա կարող էր խնդիրներ ստեղծել բջջային կապի առաջին օպերատոր «ԱրմենՏել» ՓԲԸ համար, ինչը կարող էր կապի որակի վատթարացման պատճառ դառնալ: Այդ խնդրի ուսումնասիրման համար «ԱրմենՏել»-ը հատուկ մասնագետներ է վարձել Հունաստանից և Գերմանիայից: Ընկերությունը կարողացել է գտնել և վերացնել ցանցում անսարքությունները, որոնք պայմանավորված էին զուտ տեխնիկական պատճառներով, այլ ոչ թե դիվերսիայով, ասել է նախարարը: Վկայակոչելով «ԱրմենՏել»-ի հայտարարություները`նախարարը հավաստիացրել է, որ վաղը կավարտվեն վերականգնողական աշխատանքները, և կապի որակը կբարելավվի: Նա նշել է, որ արդեն այսօր կապը կարելի է տանելի համարել: Ա. Մանուկյանը նշել է, որ երեկ տեխնիկական պատճառներով կտրուկ վատթարացել է նաև VivaCell ընկերության բաժանորդների կապը, թեև մինչև օրվա վերջը անսարքությունները վերացվել են: