ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏՈՒՄ Է


Ստահոդ տեղեկություններ` պետության նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է 8 անձ, որոնցից 1-ը` ոստիկանության աշխատակից: Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու հետեւանքով առաջացած ընդհարման ժամանակ զոհեր չեն արձանագրվել, եւ հակառակի մասին շրջանառվող պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Ընդհանուր առմամբ` մարտի 1-ին եւ 2-ին մարմնական վնասվածք է ստացել 180 ոստիկան եւ 48 քաղաքացի: Իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ մայրաքաղաքում կազմակերպված եւ անցկացված զանգվածային միջոցառումների ժամանակ կազմակերպիչների կողմից կանխամտածված` ցուցարարներին, հավաքված ժողովրդին տրամադրվել է ակնհայտ կեղծ, մտացածին տեղեկատվություն այդ թվում իշխանություննե րի, իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ` նպատակ ունենալով բնակչության մոտ սերմանել ատելություն, թշնամություն իշխանությունների, իրավապահ մարմինների նկատմամբ` այդպիսով դրդելով նրանց անհնազանդության, զանգվածային անկարգությունների` վտանգելով երկրի սահմանադրական կարգը: Բնակչության նկատմամբ հոգեբանական այդ դիվերսիան շատ ավելի սուր դրսեւորումներ է ստացել մարտի 1-2-ին եւ հաջորդող օրերին: Սադրիչ, արհեստածին լուրերի թվին է պատկանում նաեւ ոստիկանների կողմից երեխայի սպանության մասին լուրը, ինչը ծնվել է Ֆրանիսայի դեսպանատան հարող տարածքում մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որի նպատակը եղել է մեկը` հավաքված բազմությանը դրդել բռնությունների: Կազմակերպված սադրանքների մասին են վկայում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնց թվում են նաեւ ականատեսների վկայությունները: Քաղաքացի Մկրտիչ Արմենակյանի վկայությամբ, ով հանդիսացել է հանրահավաքների ակտիվ մասնակից, մարտի 1-ին ոստիկանների կողմից Ազատության հրապարակում ենթադրյալ սպանված երեխայի մահվան լուրը շրջանառության մեջ է դրել մի կին, ով Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում հավաքված ցուցարարներին անկարգությունների տրամադրելու նպատակով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, զանգվածային միջոցառումների կազմակերպիչների նախաձեռնությամբ նշված տարածքում թափված աղբի միջից վերցնելով երեխայի մի կոշիկ, ջղաձիգ բղավել է, թե այն «Ազատության» հրապարակում մահացած երեխայի կոշիկն է: Այդ կնոջ տարածած հերյուրանք ները սադրել են անկարգություններ եւ բռնություններ ոստիկանների նկատմամբ: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Անհնազանդություն եւ բռնություններ հրահրող ակնհայտ կեղծ տեղեկատվությունների տարածումը շարունակվում է նաեւ այսօր: Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ այս օրերին բնակչության շրջանում տարածվում են sms հաղորդագրություններ` ենթադրյալ 58 զոհերի մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նման ապատեղեկատվություն տարածող անձինք: Նրանց թվում Երեւանի բնակիչ Դավիթ Այվազյանը, ով վկայի կարգավիճակում հարցաքննվելիս խոստովանել է, որ տարածել է կեղծ տեղեկատվություն եւ զղջացել կատարած սխալ քայլի համար: Պաշտոնապես եւս մեկ անգամ փաստում ենք, որ զանգվածային անկարգությունների ժամանակ մահացել է 8 անձ, որոնց անունները դատախազությունը հրապարակել է մարտի 2-ին: Կեղծ, արհեստածին սադրիչ ասեկոսեների տարածումը հասարակության շրջանում իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հիմնական զենքերից է, որի նպատական է թուլացնել պետության հիմքերը եւ խնդրում ենք բնակչությանը լինել զգոն եւ, չենթարկվել նման սադրիչ հայտարարություններին: