«ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԿՄԵՂՄԱՑՎԵՆ»


«Կարծում եմ` մի քիչ ժամանակ է պետք` հանգստանալու: Երբ հասարակությունը բավականաչափ բևեռացված է, և ընդամենը 11 օր առաջ մենք, իբրև հանրահավաքի հետևանք, ունեցել ենք լուրջ բախումներ և կորուստներ, հանրահավաքների մասին խոսելն այսօր ուղղակի անհեթեթություն է և սադրանք»,- երեկ լրագրողների հետ կայացած ճեպազրույցում այսպես է արձագանքել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը` խոսելով մարտի 21-ին հանրահավաք անցկացնելու թույտվություն ստանալու վեաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի մասին: Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ վերանայվում է և շուտով կմեղմացվեն լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները, իսկ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որևէ նպատակ առայժմ չկա: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով` դա նշանակում է, որ արտակարգ դրությունը մեղմացնելու մոտեցումը շարունակվելու է: «Այսօր երեկոյան, կամ վաղը առավոտյան ես կստորագրեմ մի հրամանագիր, որով մոտեցումը կփոխվի: Հիմա, արտակարգ դրության շրջանակներում մենք ձեզ ասում ենք, թե ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ դուք ինչ կարող եք անել: Հրամանագիրը ստորագրելուց հետո մենք ձեզ ասելու ենք` ինչ չի կարելի անել: Շատ նեղ են լինելու այդ սահմանափակումները, որոնք միայն վերաբերելու են սադրիչ գործողությունների, ակնհայտ սուտ լրատվության տարածմանը և, դուք բոլորդ շատ ավելի ազատ եք լինելու` ձեր կարծիքը արտահայտելու, մոտեցումները, վերլուծականները: Ուղղակի պետք է ավելի ուշադիր լինեք և միայն ստուգելուց հետո լուրերի հատվածով հրապարակեք, պատասխանատվության զգացումը պետք է ավելի բարձր լինի, որ ձեր գործունեությունը չվնասի երկրի կայունությանը: Սա է լինելու մոտեցումը և դեռ որևէ նպատակ արտակարգ դրությունը երկարացնելու չունենք», - ասել է երկրի ղեկավարը: Խոսելով վերջին իրադարձությունների` երկրի տնտեսության վրա ունեցած ազդեցության մասին, Ռոբերտ Քոչարյանը նկատել է, որ նման զարգացումներն առաջին հերթին հարվածում են տուրիզմի ոլորտին: «Տուրիզմը բիզնեսի այն բնագավառն է, որտեղ եկամուտներն առավել հավասարաչափ են վերաբաշխվում երկրում. կարելի է ասել` տնտեսության մեջ ամենաժողովր դավարական ոլորտն է, որից շահում են բոլորը` սկսած տաքսու վարորդից, տարբեր սուվիներներ արտադրողներից, վերջացրած կրպակի տիրոջով ու արվեստի աշխատողներով», - նշել է երկրի ղեկավարը: «Ափսոսանքով եմ ասում, բայց այն, ինչ կատարվեց, խփեց մեր ժողովրդի գրպանին. անկարգություններ հրահրողները մտել են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գրպանը: Անկասկած: Նորընտիր նախագահը և կառավարությունը, որը պետք է ձևավորվի ապրիլի 9-ից հետո, պետք է շատ ակտիվ միջոցառումներ ձեռնարկեն երկրի համբավը վերականգնելու համար: Տուրիստներին կայուն երկիր է պետք և, սա է առաջին անհրաժեշտ պայմանը: Այդ կայունության նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ շատ ակտիվ միջոցառումներ երկրում պետք է իրականացվեն, ինչը բխում է բոլորի, յուրաքանչյուր քաղաքացու շահերից», - ասել է նախագահը: Ընդհանուր առմամբ գնահատելով երկրի ներքաղաքական մթնոլորտը` Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ապշեցնում են բամբասանքների ծավալը և շատ դեպքերում նաև բովանդակությունը: Ուղղակի զարմանում ես, թե ինչպես է նման կարգի բամբասանքներ տարածվում և ինչու է, ընդհանրապես, այս երևույթն առկա մեզանում: Միգուցե նաև որոշակի լրատվության պակասն է»: Նախագահի համոզմամբ` ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին վերաբերող սպասվելիք հրամանագիրը ինչ-որ տեղ այդօրինակ հարցերի լուծման հնարավորություն կտա: Ներքաղաքական վերջին իրադարձությունների համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես, ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին խոսելով` Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ որքան թույլ լինի Հայաստանը և, երկրի նախագահը որքան ավելի թույլ դիրքերից հանդես գա, այնքան ավելի մեծ կլինի նման երկրին և նման նախագահին ճնշելու գայթակղությունը: Panorama.am