«ԱՐՄԱՎԻԱՆ» ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ


 

Խնդիրն, իհարկե, երկու մասնավոր ընկերության միջև է, սակայն Հայաստանի իշխանությունները պետք է պարտադրեն «Արմավիային» և «Զվարթնոցին»` այլևս թիրախ չդարձնել ուղևորներին, խնդիրները չլուծել նրանց համբերության հաշվին և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ի վերջո, եթե Բաղդասարովի ընկերությունը հետ է մնում ժամանակակից բիզնեսի հիմնասկզբունքներից` պետք է այս մասին խոսել հրապարակավ և, զրկելով նրան մենաշնորհից` ասպարեզ բերելով այնպիսի ընկերությունների, որոնք կկարողանան առաջ շարժվել համաշխարհային չափանիշներով և սկզբունքներով:

Սա է միակ ուղին: Սա է լուծման «բանալին»:

«Արմավիայի» և «Զվարթնոց օդակայանի միջև ծագած կոնֆլիկտը, կարծես թե հարթվեց: Ավելի ճիշտ, ժամանակավորապես սառեցվեց` գոնե այսպես ապահովելով ուղևորա փոխադրումները: Սակայն չի բացառվում, որ նման զարգացումներ առաջիկայում ևս կլինեն, քանի որ գործ ունենք արդեն խորացած հակամարտության հետ: 1996 թվականից ի վեր, երբ լուծարվեց «Հայկական ավիաուղիները», «Արմավիան» գերիշխող դիրք գրավեց` աստիճանաբար դուրս մղելով բոլոր փոխադրողներին և իրեն հռչակելով Ազգային փոխադրող: Այս հարցում, բնականաբար, նրան օգնեցին երկրի իշխանությունները և Քաղավիացիայի վարչությունը, որը ինքնակամ դարձել է Միխայիլ Բաղդասարովի պատանդը և կատարում է նրա բոլոր քմահաճույքները: Ունենալով մոտ 100 տոկոսանոց մենաշնորհ և ամենուրեք առաջ մղելով իր շահերը, «Արմավիան», ըստ էության, ոչ թե մտածեց կառավարման սկզբունքների կատարելագործման, այլ միայն ու միայն գերշահույթներ ապահովելու մասին: Մ. Բաղդասարովը պահպանեց խորհրդային հիմնարկի մոդելը և աշխատաձևերը` ամեն ինչ կառուցելով զանգերի, մտերմական հարաբերությունների, իշխանության կողմից ցուցաբերվող հովանավորչության վրա: Այսինքն, ժամանակակից Հայաստանում ստեղծվեց խորհրդային մի հիմնարկ, որն ի զորու չէ մրցունակ լինել թե´ մեզ մոտ, թե´ ավիափոխադրողների եվրոպական ընկերակցությունում: Ցանկացած բիզնեսի հաջողության գրավականը գործող օրենքներին և կնքված համաձայնագրերին հավատարմությունն է: Իսկ ահա «Արմավիան» շրջանցեց բազմաթիվ օրենքներ, սկսեց արհամարհել բազմաթիվ համաձայնագ րեր: Հենց այս ամենն էլ բախումներ են ստեղծել նրա և գործընկերների միջև: Հատկապես` «Զվարթնոց» օդակայանի: «Արմավիան» բողոքում է օդակայանի սահմանած բարձր գներից և բանակցությունների նոր ու ճկուն բիզնես-համաձայնագրերի առաջադրման փոխարեն հայտարարում է գործադուլ` վնասելով ուղևորներին, նրանց դարձնելով կոնֆլիկտի թիրախ: Այսինքն, ոչ թե գնում է բանակցությունների, այլ չարաշահելով ուղևորների համբերությունը և նրանց հերթական անհարմարությունը պատճառելով` փորձում է այսպես ճնշում գործադրել Էռնեկյանի վրա: Ահա կոնֆլիկտի բուն պատճառը. վաշխառուական, խորհրդային ցեխավիկի հոգեբանությամբ գործող Բաղդասարովը բախվում է արևմտյան նորագույն բիզնեսի կանոններին և տեսնելով, որ իր մտավոր կարողություններն ու կառավարման մեթոդները չեն բավարարում «Զվարթնոցի» պահանջներին` անցնում է պարզունակ շանտաժի` հայտարարելով գործադուլ:

Եթե «Արմավիայի» կոնֆլիկտը լիներ միայն «Զվարթնոցի» հետ, կարելի էր ենթադրել, թե Էռնեստո Էռնեկյանն էլ է մեղավոր, որ «փտած կապիտալիստը» կամենում է հարստանալ հայաստանցիների հաշվին և սնանկացնել «Արմավիային»: Սակայն Բաղդասարովի ընկերությունը հակամարտություններ ունի նաև Հայաստանից դուրս: Թե ինչու «Ռոսավիացիան» դադարեցրեց չվերթերը Մոսկվա և Ռոստով` «Արմավիան» լղոզեց, չուզեց ասել ճշմարտությունը: Մինչդեռ ընկերությունը պարտք էր 178 հազար դոլար: Մեծ գումար չէ, իհարկե, սակայն ապացույցն է այն իրողության, որ այս ընկերությունում մենեջմենթի տարրական կանոններին ծանոթ չեն, որ լուրջ խնդիրներ կան հենց այս ասպարեզում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ