Եկել էր` հաստատելու իր ժամանակը


 

Հենրիկ Իգիթյանը կդառնար 80 տարեկան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի», «Անանիա Շիրակացի», «Խաչատուր Աբովյան» մեդալների ասպետ Հենրիկ Իգիթյանը վախճանվեց 2009 թվականի մայիսի 11-ին: Նրա երկրային կյանքի ավարտով հայ մտավորականությունը կորցրեց իր ամենանշանավոր և ամենախիզախ առաջնորդներից մեկին:

Եթե ապրեր` այսօր ութսուն տարեկան կլիներ: Չապրեց...……

Նա եկել էր հաստատելու իր ժամանակը, եկել էր իմաստավորելու իր կողմից ու մեր կողմից ապրվող ժամանակը: Եկել էր լինելու առաջնորդ: Եվ եղավ: Ու նրա երկրային կյանքի ավարտից հետո մեր մշակութային կյանքում հենց առաջնորդը պակասեց: Համարձակ, խիզախ, սեփական կռիվն ու սեփական սկզբունքներն ունեցող անհատականության տեսակը պակասեց:

- Հենրիկը ականավոր անհատականություն էր: Աստված տա` մենք կարողանանք արվեստում ստեղծել Իգիթյանի ստեղծածի կեսը,- ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Ճիշտ որ` ականավոր անհատականություն, ում ջանքերով մեր գեղարվեստի պատմության մեջ արժևորվեցին Մինաս Ավետիսյանի, Մարտին Պետրոսյանի, Սեյրան Խաթլամաջ յանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Արտո Չաքմաքչյանի, այլոց ստեղծագործությունները: Նա հրաշալի ակնարկներ գրեց Երվանդ Քոչարի, Բաժբեուկ-Մելիքյանի, Հովսեփ Կարալյանի, Հովնաթանյանների մասին, ազգային արվեստաբանությունը հարստացրեց արժեքավոր հետազոտություններով:

Նրան հոգեհարազատ էր հատկապես Հովնաթանյանների արվեստը, ինչը բացատրվում էր նաև այն հանգամանքով, որ ինքն էլ թիֆլիսեցի էր` ծնված Այսրկովկասի Փարիզ համարվող Թբիլիսի քաղաքում: Սակայն երկար չէր ապրել այնտեղ. Իգիթյանների ընտանիքը Հայաստան էր եկել, բնակություն հաստատել Երևանում, որտեղ էլ Հենրիկը ստացել էր միջնակարգ կրթություն: Գեղարվեստի հետ բարեկամությունը մանկությունից էր: Մանկությունից էր նա կապվել գույների աշխարհի հետ, բայց դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ: Հետո աշխատանքի անցավ Հայաստանի պետական պատկերասրա հում: Արդեն ընդունվել էր Լենինգրադի (այժմ` Սանկտ-Պետերբուրգի) Գեղարվեստի ակադեմի կերպարվեստագիտական ֆակուլտետ: Պատկերասրահն օգնեց նրան` խորամուխ լինել դասական և ժամանակակից կերպարվեստի մեջ, խորապես հետազոտել հատկապես Հովնաթանյանների արվեստը: Հենրիկ Իգիթյանի շնորհիվ հայտնի դարձան մի շարք երիտասարդ նկարիչների անուններ, ովքեր հետագայում ձևավորեցին ազգային գեղարվեստի նոր միտումները` սկզբնավորելով մի նոր դպրոց:

1970 թ. Հենրիկ Իգիթյանը Երևանում հիմնադրեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը` այստեղ հավաքելով, ի մի բերելով տաղանդավոր երեխաների ստեղծագործությունները: Այս պատկերասրահի մասին շուտով իմացան ողջ աշխարհում: Իգիթյանը հայ մանուկների արևոտ ու մաքրամաքուր զգացողություններով ստեղծված աշխատանքները ցուցադրեց աշխարհի տարբեր երկրներում, Երևան բերեց տարբեր միջօրեականներում ապրող երեխաների ստեղծագործությունները` ձևավորելով քաղաքակրթություն ների յուրատեսակ կամուրջ, որի վրայով անցան հազարավոր մանուկ ստեղծագործողներ: Նա համոզված էր, որ ամեն մի երեխայի մեջ ապրում է տաղանդավոր անհատը, աշխարհը յուրովի տեսնող նկարիչը:

Հենրիկ Իգիթյանի մեծագույն սխրանքներից մեկը դարձավ Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրումը` 1972 թվականին: Աշխարհում շատ քիչ երկրներ ունեին արդի արվեստի պատկերասրահներ և թանգարաններ, շատ քիչ երկրներում էին ընդունելի համարում մոդեռնի և պոստմոդեռնի ներկայությունը: Արվեստագետը մեկն էր նրանցից, ովքեր կերպարվեստը տեսնում էին հարափոփոխ շարժումների, ձևի ու բովանդակության հայտնությունների մեջ:

Հենրիկ Իգիթյանը մարտնչող հայրենասեր էր, ազգային ճշմարիտ գործիչ: Նա 1989 թվականին ընտրվեց ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և դարձավ արդեն փլուզված երկրում ժողովրդավարության հաստատողներից մեկը: Նա համարձակություն և խիզախություն ունեցավ բանավեճի մեջ մտնել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ և աշխարհի խոշորագույն պետության խորհրդարանի ամբիոնից նրա հասցեին` նրա իսկ ներկայությամբ, հնչեցնել քննադատություն` կրքոտաբար պաշտպանելով Ղարաբաղի անկախության գաղափարը…