Ավազակային հարձակում` Մամուլի տան հարևանությամբ


 

Հերթական լուսաբացը ոստիկանության Կենտրոնականի բաժնի հերթապահ ոստիկանների համար խաղաղ շարունակություն չունեցավ: Ժամը 05.50-ի սահմաններում ահազանգ հնչեց, որ Մամուլի տան հարևանությամբ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հաջողվեց պարզել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 05.45-ին ներխուժել է Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գործող «Գիգա» մթերային խանութն ու ատրճանակի սպառնալիքով 26-ամյա աշխատակցից` Էմին Հ.-ից, գումար պահանջել, սակայն ոչինչ չստանալով` դիմել է փախուստի:

Դեպքը, բարեբախտաբար, ծանր հետևանքներ չի ունեցել, սակայն մտահոգիչ է այն իրողությունը, որ հանցագործը զինված է եղել հրազենով: Այն էլ` իր հանցավոր մտադրությունը փորձել է իրականացնել ոչ թե խուլ ու ամայի մի վայրում, այլ օրվա մեծ մասը մարդաշատ Մամուլի տան հարևանությամբ, որտեղ նույնիսկ գիշերային ժամերին լրագրողներ են ելումուտ անում:

Հուսանք, որ ոստիկանությունը, հավատարիմ վերջին ամիսների գործելակերպին, հնարավորինս արագ կհայտնաբերի և կոլորի հանդուգն ավազակի ձեռքերը: