ԱՅՍՊԵՍ Է ԽՈՒՍԱՓՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ


 

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարել է, թե հանրապետություն ներկրվող ժամկետանց դեղերի համար կոնկրետ մեղավորներ ինքը չի տեսնում: Նա ավելի հակված է կարծել, որ ներկրվելուց հետո բուժամիջոցները համապատասխան պայմաններում չեն պահպանվում ու այդ պատճառով են պիտանելիությունը ժամկետից շուտ կորցնում: Խնդիրը սակայն այլ է. ոչ միայն դեղերի տուփերի մակնիշումներն են աճպարարորեն փոփոխվում ու «երկարացվում», այլև նախքան տուփերի ամսաթվերի կեղծումը դեղատներում վաճառվող տեսականու մեծ մասն արդեն անհրաժեշտ որակական հատկանիշներ չի ունենում:

Առողջապահության նախարարն անշուշտ տեղյակ է այս ամենին, բայց նա այնքան էլ հակված չէ դեղերի բիզնեսում ներգրավված տնտեսվարողներին մեղադրել: Ավելին, տպավորությունն այնպիսին է, թե Հ. Քուշկյանն էլ չլուծվող այս հարցին երբեմն-երբեմն անդրադառնում է` երևի ցույց տալու համար, որ հիմնախնդրի վերաբերյալ կրավորական կեցվածք չունի: Թերևս հենց այս նպատակով է վերջինս դարձյալ խոսել նաև դեղերի բարձր գների մասին` այս դեպքում էլ հայտարարելով, թե նախարարությունը ձգտելու է մեղմել բուժանյութերի գնաճը:

Հ. Քուշկյանի այս հայտարարությունը ավելի որոշակի է դարձնում, որ սույն պաշտոյան ոլորտի խնդիրների մասին խոսում է մեղադրանքներից խուսափելու համար: Այս դեպքում էլ հայտնի է, որ այսպես կոչված շուկայական մրցակցության պայմաններում ձևավորվող գների վրա ներազդելու որևէ լծակ նախարարությունը չունի: