2 ՀԱՐՑ


 

«Ավանգարդի» հարցին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:

Ճշմարի՞տ է արդյոք, որ միջազգային հարաբերություններում արժանապատիվ դիրք ունենալու հարցում առաջնայինը երկրի, պետության համարժեք ռազմական հնարավորությունն է:

- Մի տեսություն կա, կոչվում է դիվանագիտության և երկրի ռազմաքաղաքական պոտենցիալի հարաբերությունները: Ըստ դրա, որքան ուժեղ են երկրի ներքին ռեսուրսները, որքան հզոր են նրա ռազմական ուժը, այնքան նրա դիվանագիտությունը, որպես արվեստ, թույլ է: Գաճաճ պետությունները միայն իրենց ճկուն քաղաքականության շնորհիվ կարողացան ծաղկել և զարգանալ: Մաքիավելին էր ասում, որ երբ առյուծը չի կարող հարցերը լուծել, պետք է աղվեսին դիմել: Մեզ հարկավոր է «աղվեսային» դիվանագիտություն: ՌԴ-ն, ԱՄՆ-ը զուտ ուժային մեթոդներով են դիվանագիտության մեջ խոսել և հաղթել: Բայց կան փոքր երկրներ, որոնք կարողանում են իրենց խնդիրները լուծել դիվանագիտական ճկունության շնորհիվ: Մասնավորապես եվրոպական երկրները նկատի ունեմ: Ի դեպ, ֆրանսիականը դիվանագիտությունների նրբագեղ դիվանագիտությունն է համարվում:

Ձեր փորձը ի՞նչ է հուշում. ի՞նչ ելք եք կանխատեսում այս բարդ, հակասությունների պակաս չունեցող տարածաշրջանում :

- Ես կանխատեսումներ չեմ անում, որպեսզի, ինչպես Չերչիլն էր ասում, հետո այն չհերքեմ: Բայց ամեն ինչ կարող է հավասարվել զրոյի, եթե երկրի ներքին խնդիրները լուծված չեն, եթե երկիրն ու իշխանությունները լեգիտիմ չեն: Շվեցարիան և նման այլ երկրները հեղինակություն են վայելում ոչ թե փողով, զենքով, այլ իրենց ժողովրդավարության, մարդու ազատությունների, իրավունքների պաշտպանությամբ և իրենց լեգիտիմությամբ, իհարկե:

Ա. Դ.