ՄՈՌԱՑՎԱԾ ՀՈՂ, ԿԱՄ` ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՈՄԺԵՐ 


 

Շատ տարիներ առաջ մի մտահղացում ունեի` գրել պատմվածք երևանյան այգիներից մեկի լքված տարածքը սեփականաշնորհած բոմժերի մասին: Մտահղացումս իրականություն չդարձավ, որովհետև վատ զգացի ինձ, մտածեցի, թե հայ մարդու արժանապատվությունն եմ վիրավորում, քանի որ հայ մարդը միշտ մտածել է իր տանիքի մասին, երբեք չի վարել անհասցե կյանք: Բայց ահա ամեն առավոտ տեսնում եմ մեր փողոցի նստարաններին քնած մարդկանց` կեղտի ու ցնցոտիների մեջ ծրարված կանանց ու տղամարդկանց, ովքեր իրենց վրա են առնում մաշված լաթակտորներ, ստվարաթուղթ, որպեսզի չմրսեն: Անցորդները նրանց տեսնելիս` ուզում են փոխել ճանապարհը, ուզում են փակել աչքերը: Բայց չի ստացվում: Հետո մեկ ուրիշ տեղ ենք տեսնում նմաններին` դարձյալ մի անկյունում ծվարած...

Այս ե՞րբ այսքան շատացան նրանք, ում բոմժ ենք կոչում, ովքեր զրկված են մշտական բնակության վայրից: Ես սոցիոլոգիական հետազոտություն չեմ անում` պարզելու, թե որքան է բոմժերի թիվը Հայաստանում, չեմ հետաքրքրվում, թե ինչու են այս մարդիկ կորցրել իրենց ապրելու մշտական վայրերը: Դրանցով թող հետաքրքրվեն նրանք, ովքեր տարբեր հասարակական կազմակերպություններ են հիմնել, ովքեր ինչ-որ գումարներ են ստանում` քաղաքացիական հասարակության խնդիրներով մտահոգվելու համար: Ես ընդամենն արձանագրում եմ փաստն ու հայտնում անհանգստությունս: Անհանգստությունս առ այն, որ երբեմնի բարեկեցիկ Հայաստանում այսօր շատերն են հայտնվել փողոցներում ու այգիներում, քաղաքամերձ կանաչ գոտիներում: Նրանք կամ մուրացկանությամբ են զբաղվում, կամ աղբամաններից հավաքում այն ամենը, ինչը հնարավոր է վառել` տաքություն ստանալու կամ էլ հագնելու համար: Նրանց մի մասը կուչ է գալիս ավերված շենքերում, գետնուղիներում, նրանք չունեն հասցե ու ծածկ, իսկ հայրենիքն էլ այս դեպքում դառնում է պայմանական մի հասկացություն, ընդամենը տարածք, որտեղ նրանք քարշ են տալիս ողորմելի դարձած գոյությունը: Նրանցից շատերն իսկապես բախտի խորթ զավակներն են, լքված հարազատներից ու մտերիմներից, երբեմն անօրինաբար վռնդված իրենց տներից կամ ունեցած տները վաճառած: Կան նաև ազատազրկման վայրերից վերադարձածներ, որոնց առջև փակվել են հարազատ համարված տների դռները: Ու նաև, ցավոք, կան այնպիսիք, ովքեր կացութաձև են ընտրել մուրացկանությունը, ովքեր վարժվել են, որ մարդիկ իրենց ողորմություն տան, խղճան: Դրանք այն մակաբույծներն են, ովքեր սխալ պատկերացում են ձևավորում հասարակության մասին, ովքեր փողոցներում դեգերելով ու այգիներում քնելով` իրենց հեռու են պահում քաղաքացիական պարտավորություններից:

Մեր թերթը դեռ մեկ տարի առաջ գրել էր Լիտվայում ընդունված օրենքների մասին, երբ մուրացկաններին փող տալը համարվում է պատժելի արարք, իսկ ահա ռեստորաններում ու սրճարաններում դրված են կտրոններ, որոնցով աղքատ ու տնանկ մարդիկ կարող են սնվել հասարակական օբյեկտներում:

Մեզանում ստեղծվեցին բարեգործական ճաշարաններ, որոնք տարին մի քանի ամիս կազմակերպում են սոցիալապես անապահով մարդկանց սնվելու հարցերը, սակայն բոմժերի ու տնանկների անունները գրեթե միշտ դուրս են մնում այդ ցուցակներից: Ցավոք, այս խմբի մարդկանց խնդիրները մեզ մոտ չեն հետաքրքրում նաև սոցիալական ծառայություններին, այն բազմաթիվ հասարակական կազմակերպություններին, որոնք փքուն ծրագրեր են ներկայացնում ու սնվում տարբեր դոնոր ընկերություններից:

Մենք փոքրիկ ուսումնասիրություններ կատարեցինք և պարզեցինք, որ այսօր մեր երկրում գրանցված 3500-ից ավելի հասարակական կազմակերպություններից որևէ մեկը չի զբաղվում բոմժերի հարցերով, ուրեմն, նրանք ամբողջապես մատնված են անուշադրության: Մինչդեռ ժամանակն է, որպեսզի պետական մակարդակով քննարկվի հարցը, ստեղծվեն գիշերային կացարաններ, որոնք կարող են պատսպարել այս մարդկանց: Ավելին, արդեն ժամանակն է, որպեսզի մի շարք գյուղերում ստեղծվեն անօթևանների մշտական կացարաններ` նրանց տեղափոխելով այնտեղ: Սա և´ մարդասիրություն է, և´ մայրաքաղաքը կազատի այս մարդկանցով ստեղծվող տխուր տեսարաններից: Ամենակարևորը` գյուղերում անմշակ մնացած հողեր կան: Ասել է թե` ապրելու և աշխատելու պայմաններ: Հետևաբար, խնդրում եմ ԱԺ պատգամավորներին, կառավարությանը` սոցիալական ապահովության մասին օրենքում փոփոխություններ կատարել, ներառել այս չափազանց կարևոր խնդիրները, որպեսզի այդ մարդիկ չդառնան մոռացված, պետությունն էլ չդիտվի որպես անտարբեր:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ