ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՄԵԾԵՐԻՑ ՄԵԿԸ


 

Այլևս մեծանուն գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն էլ դարձավ հեռացող ներկայություն: Կյանքից հեռացավ ճշմարիտ նահապետը, 20-րդ դարի երկրորդ կեսից մեր գեղանկարչության մեջ սեփական մտածողություն ու արտահայտչական համակարգերը հաստատած արվեստագետը: Նկարիչը, ում ստեղծագործությունն իր ինքնատիպությամբ, գունային ուշագրավ լուծումներով նոր էջ բացեց մեր գեղարվեստի պատմության մեջ: Հակոբ Հակոբյանը հայ գեղանկարչություն եկավ չափազանց բարդ ժամանակաշրջանում, սարյանական թռիչքների շրջանում, երբ ամեն ինչ չափվում էր Մարտիրոս Սարյանի ձևավորած դպրոցի առանձնահատկություններով, երբ ձևավորվում էր 60-ականների սերունդը` համարձակ ու խիզախ, նոր ձևերին հակված:

1962 թվականին Հակոբ Հակոբյանը հայրենադարձվել է` բնակություն հաստատելով Լենինական, այժմ` Գյումրի, քաղաքում: Գյումրին նկարիչների քաղաք է ի սկզբանե, այստեղ հարուստ ավանդույթներ կան ձևավորված, սակայն հատկապես 1960-ականներին Երևանը կլանում էր ամեն ինչ, յուրովի անապատացնում մշակութային կյանքը Երևանից դուրս գտնվող բնակավայրերում: Ուստի Հակոբ Հակոբյանը չէր կարող երկար մնալ այստեղ, մանավանդ որ նրա ստեղծագործության գնահատման և ճանաչման համար չկային անհրաժեշտ պայմաններ: Նա տեղափոխվում է Երևան` այստեղ միանալով արդեն հայրենիք ներգաղթած Հարություն Կալենցին, ում հետ էլ նրանք մի նոր շարժում բերեցին ազգային կերպարվեստ: Հակոբ Հակոբյանի համար չափազանց բեղուն դարձան 1960-70-ական թվականները, նա ևս մասնակցեց այն վերազարթոնքին, որն ապրում էր հայ արվեստը, նա կերպարվեստ բերեց գույների զարմանալի քնարականություն, ապրումների ու տագնապների անհանգստություն: Նա հակադրվում էր սարյանական գունեղությանը, պոստիմպրեսիոնիստական հղացումներին և աշխարհը տեսնում արտաքուստ գունային միապաղաղ թվացող դրսևորումների մեջ, որոնք ներքին մեծ հագեցվածութ յուն և լիցքեր էին պարունակում: Այս շրջանում նկարիչը ստեղծում է «Հայկական մոտիվ», «Գարուն», «Անդորր», «Ջրանցքի մոտ», «Փողոց Լենինականում» և այլ աշխատանքներ, որոնցում զարմանալի-ներփակ զգացողություններ կային, հայրենապաշտության արտառոց դրսևորում կար: «Փողոց Լենինականում» կտավը ավանդական ու ավանդապաշտ քաղաքի դիմապատկերի ուրույն ընկալումն էր` երկրաչափական կանոնիկությամբ պատկերվող տների շարքի ու էլեկտրասյուների զարմանալի զուգորդումներով: Ինքնատիպ ներշնչանքով էր ստեղծված նրա «Հայկական մոտիվ» կտավը, որի կենտրոնական ֆիգուրը` կոնաձև ծառը, հավերժության ու կենսունակության խորհրդանիշն էր դարձել: Ինքնատիպ մտահղացման արգասիք էր նաև նկարչի «Սաղմոսավանքի շրջապատը» բնապատկերը, ուր տոնական գույների փոխարեն` հառնում է մի անսահման տխրություն ու թախիծ… Այս շրջանում նկարիչը շարունակում է ստեղծագործել նատյուրմորտի ժանրում և ստեղծում «Նատյուրմորտ գործիքներով», «Մանեկեն և ծաղիկներ», «Ձկներ և ձեռնոցներ» և այլ աշխատանքներ: Նկարչի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում կենսագրական հիշողությունների, ժամանակի տագնապների վրա հենվող աշխատանքները, որոնցից առանձնանում են «Սումգայիթ», «Հանրապետության հրապարակը», «Վիրուսներ», «Նեյտրոնային ռումբին` ոչ» և այլ կտավներ: Հակոբ Հակոբյանը տիրապետում էր զարմանալի տեխնիկայի, նրա պատկերած ֆիգուրներն ու միջավայրը ունեին ընդգծված հղկվածություն, կարծես լուսանկարչական նատուրալիստականություն, սակայն Հակոբյանը նատուրալիստ չէր, այլ` յուրահատուկ բանաստեղծ, ով հասնում էր պատկերվող նյութի խորհրդանշանային լուծումների… Հակոբ Հակոբյանը նկարչությու նից զատ` ստեղծագործում էր նաև քանդակի ոլորտում, ստեղծում յուրահատուկ քանդակագործական աշխատանքներ: Նա 2011 թվականին բացեց իր վերջին ցուցահանդեսը` «Հողեղեն գույների երգը» խորագրով, այստեղ էլ, ինչպես նրա վաղ շրջանի գործերում, տիրապետող էին մոխրաարծաթավուն, հողագույն երանգներով աշխատանքները, գունագծային կառուցվածքի տխրությունը: Նկարիչը հիացրեց իր «Սիրո պարտեզ» նկարաշարով, որտեղ գերակա էին հունական անտիկ շրջանի քանդակները` իբրև անցյալի խորհրդանիշեր, դասականության արտացոլումներ:

Այս ցուցահանդեսով նկարիչը կարծես հրաժեշտ էր տալիս աշխարհին, որովհետև այլևս գեղանկարչական նոր աշխատանքներ չստեղծեց` գլխավորապես իր արվեստանոցում տեղ տալով քարին ու կավին…