ՆՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԳՆ ՇԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԻԹՈՎ 


 

Հասարակության տարբեր շրջաններում չեն դադարում ԱԳ նախարարության շենքի աճուրդին առնչվող բուռն քննարկումները: Շատերն են նամակներով դիմում տարբեր կազմակերպություններ, երկրի Նախագահին` խնդրելով դադարեցնել գործարքը, որը կարող է լուրջ վնաս հասցնել մեր մշակույթին ու պատմությանը, ճարտարապետական արժեքների մասին ձևավորված մեր պատկերացումներին:

Մեզ է դիմել ճարտարապետ Սահրատ Պետրոսյանը` առաջարկելով ծանոթանալ Էնրիկո Էռնեկյանին հղված իր նամակին: Իր նամակի շարժառիթն այսպես է բացատրում առաջին սերնդի հայրենադարձ ճարտարապետը.

- Այս նամակը գրելու պատճառ հանդիսացավ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ շինությունը, որը կառուցվել է 1950-ականների բազմավաստակ ճարտարապետներ Սամվել Սաֆարյանի, Վարազդատ Արևշատյանի ու Ռաֆո Իսրայելյանի կողմից, հանդիսանում է Երևանի Հանրապետության հրապարակի անկյունաքարերից մեկը: Հրապարակը, որպես 20-րդ դարի մեծագույն և տաղանդավոր ճարտարապետներից մեկի` Ալեքսանդր Թամանյանի և մի շարք այն անձանց խմբային գլուխգործոց, դիտարկվելով որպես մեկ ամբողջական համալիր, 1970 թվականին արժանացել է Խորհրդային Միության Պետական մրցանակի: Հրապարակը իր հինգ շենքերով, արդեն քանդված Լենինի արձանով ու շատրվաններով հանդիսացել է և այժմ էլ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մաս (ՀՀ կառավարության 07.10.2004թ.-ի թիվ 1616-Ն որոշում, հուշարձան թիվ 96), որպես ամենաբարձր հանրապետական (ազգային) նշանակությամբ հուշարձան: Հայաստանում գործող «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականին ընդունված օրենքը, նման հուշարձանների պահպանության համար սահմանում է շատ խիստ ռեժիմ: Օրինակ` Դուք պարտավորվում եք ցանկացած փոփոխություն համաձայնեցնել ՀՀ կառավա-րույթան հետ: Ես կասկած չունեմ, որ այն կառավարությունը, որը ուղիղ վաճառքով օտարել է շենքը «Տանգո» ՍՊԸ-ին, ապա հայտարարել չհաջողված բաց մրցույթ, հեշտությամբ կդակի նաև ցանկացած հավելում ու փոփոխություն այդ շենքի վրա: Ուղղակի ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր բոլոր կառավարություններն էլ միայն ներդրումների ներգրավման համար պատրաստ են անտեսել մեր Ազգային օրենսդրությունն, Ազգային հարստությունը և քաղաքացիներիս` մեր անմիջական միջավայրում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ իրազեկման իրավունքը: Կոնկրետ այս շենքի դեպքում ևս որևէ հանրային լսում կամ մասնագիտական քննարկում տեղի չի ունեցել, ավելին` այն չի քննարկվել պետական լիազոր մարմին հանդիսացող Մշակույթի նախարարությունում, ինչը օրենքի պահանջ է:

Ճարտարապետի այս մեկնաբանությունը չի կարելի անտեսել, չի կարելի մոռացության տալ այն հանգամանքը, որ մեզանում ցանկացած այդ կարգի որոշում պետք է կայացվի մասնագիտական քննարկումից հետո, ինչը չի կայացել: Նշանակում է, հերթական անգամ շրջանցվել են օրենքն ու համապատաս խան պահանջները:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ճարտարապետը մասնագիտական զգուշացում է ներկայացնում Էռնեկյանին` այսպիսով ցույց տալով նրա ձեռնարկի վնասակարությունը նաև հենց իր բիզնեսի համար.

- Որպես ճարտարապետ, 2000-ականներին անձամբ չափագրել եմ ողջ շենքը և հավատացնում եմ Ձեզ, որպեսզի այդ շենքում ստանաք հինգաստղանի բարձրակարգ հյուրանոց, պարտավորված եք լինելու քանդել շենքի ողջ ներքին տարածությունը: Դա նշանակում է` շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար վճարելուց հետո Ձեր ճարտարապետներն ու այլ նախագծողները չեն կարողանալու պահպանել այս շինության հիասքանչ ներքին տարածությունները, որոնք ևս հանդիսանում են հուշարձանի անքակտելի մասը:

Մնում է հուսալ, որ Էնրիկո Էռնեկյանը հեռու կկանգնի իր նպատակներից և կլսի մեր հանրության ձայնը: Մենք հպարտանում ենք նրա կառուցած «Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքով, բայց այս դեպքում նզովքով կլցվենք նրա հանդեպ:

Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆ