Դանակով, բիլիարդի խաղաձողով, մականով... 


 

Այո, այո. այս ամենով արդեն ամերիկյան ուղևորները կարող են ինքնաթիռ մտնել: Ակամա մտածում ես, որ դա ահաբեկիչների հրահրածն է: Մանավանդ` օդաչուներն իրատեսորեն քննադատել են այս նոր որոշումը` հիմնավորելով, որ դա վտանգում է ուղևորների, թռիչքի անձնակազմի անդամների և ուղեկցորդուհիների անվտանգությունը:

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների տրանսպորտային անվտանգության վարչությունը 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո առաջին անգամ թույլ է տվել թռիչքի ընթացքում ոչ մի ուղևորի պետք չեկող, բայց որոշակի վտանգ ներկայացնող իրեր ու առարկաներ տանել` որպես ձեռքի ուղեբեռ: Հետո՞ ինչ, որ դանակները կարող են լինել միայն ծալովի և մինչև 6 սմ երկարությամբ սայրով: Դա բավարար չէ՞` մահացու հարված հասցնելու, երակ կտրելու համար: Իսկ գոլֆի և հոկեյի մականներով չե՞ն կարող մահացու հարված հասցնել, կամ պլաստիկե մարզական ծեծաններով ու դահուկների ձողերով ուղեսրահ մտնելը ավելորդ չէ՞…

Այս թողտվությունը գործելու է ապրիլի 25-ից: Դրա հեղինակները համոզված են, որ նման «սովորական, առօրեական առարկաները վտանգ չեն ներկայացնում»:

Իսկ եթե ներկայացնե՞ն… Ըստ տարածված վարկածի` նույն սեպտեմբերի 11-ին ահաբեկիչներն ինքնաթիռները զավթել էին`օդաչուներին ահաբեկելով գրասենյակային դանակներով: