Գորբաչովը մեղադրում է 


 

Միխայիլ Սերգեևիչը թույլ չի տալիս իրեն մոռանալ: Դե, Ռուսաստանի հանդեպ էլ նա չի կարող անտարբեր մնալ: Իսկ հեռվից, ասում են` ամեն ինչ ավելի լավ է երևում: Ավելին, հետխորհրդային ոչ մեկ հանրապետությունում փնովելի բարքեր կարելի է գտնել: Ու ահա Գորբաչովը ՌԴ ղեկավարությանը քննադատել է` «քաղաքացիների իրավունք ները ոտնահարելու» մեղադրանքով:

Օրեր առաջ BBC-ին տված հարցազրույցում 82-ամյա գործիչը հայտարարել է, որ Պուտինի օրոք երկիրը «տեղապտույտ է տալիս», իսկ նախագահը շրջապատված է «գողերով ու կաշառակերներով» և վախենում է ռուս ժողովրդից:

ՌԴ առաջին նախագահը ասել է, թե ինքը զարմացած է վերջին տարում ընդունված վիճելի օրենքների քանակից:

- Եթե թել անցկացվի այդ օրենքների միջև, ապա դրանք տրորում են քաղաքացիների իրավունքները: Դա ինձ պարզապես ապշեցնում է: Գրողը տանի, չի կարելի վախենալ սեփական ժողովրդից,- ասել է նա` հավելելով.

- Մարդիկ նրանից ակնկալում են գործողություններ, որոնք գոնե կվերականգնեն երկխոսությունը. սպասում են բաց, ուղիղ խոսակցություն: Այլապես երկիրը կշեղվի ընթացքից` ինչպես Սառուցյալ օվկիանոսի սառցաբեկորը:

Գորբաչովը բարձրաձայնել է, որ ինքը սատարել է Պուտինին` նրա պաշտոնավարման առաջին ժամկետում, սակայն դրանից հետո իրենց հարաբերությունները խաթարվել են:

- Այն ժամանակ ես բազմաթիվ քննադատական ելույթներ եմ ունեցել… Մի անգամ նա ասել է` «Հարկավոր է կարճացնել Գորբաչովի լեզուն»:

Մնում է կռահել` արդյո՞ք անկեղծ մտահոգության պոռթկում է սա, թե՞ ինչ-որ պատվեր է կատարում ԽՍՀՄ գերեզմանափորը: