ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂՈՒԹՅՈՒՆ 


 

Ինչպես հայտնի է, այսօր` մարտի 13-ին, երգչուհի Շուշան Պետրոսյանը համերգով հանդես է գալու Գյումրիում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյումրեցիներից շատերը խիստ վիրավորված են երգչուհու` իրենց հասցեին հնչեցրած կարծիքից ու որոշել են բոյկոտել նրա համերգը, Գյումրի է մեկնում նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Այս մասին տեղեկանալով, Գյումրու «Բարև, Գյումրի» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն. «Սույն թվականի մարտի 13-ին, ժամը 18:00-ից սկսած նախաձեռնության անդամները հավաքվելու են Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի մուտքի մոտ, բարևեն ներկա քաղաքացիական անձանց, ոստիկաններին և մինչ համերգի սկիզբը` պատրաստելու են Գյումրի քաղաքին վերաբերող «խնդիրների գորգ»: Քանի որ մամուլից տեղեկացել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղեկցող այցի մասին, ապա նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր շահագրգիռ քաղաքացիներին` ներկա լինել ցուցահանդես-բողոք ակցիային և սեփական խնդիրը բարձրաձայնել: «Խնդիրների գորգով» ցույց ենք տալու Շուշան Պետրոսյանին` «բողոքելու տեղ չունեցող» հայրաքաղաքի օրեցօր ահագնացող խնդիրները և թե ինչու՞ նա պետք է ներողություն խնդրեր գյումրեցիներից և բոլոր ազատ քաղաքացիներից:

Մենք ոչ պատահաբար մեջբերեցինք հայտարարությունը` ցույց տալու համար այն անհանդուրժողությունը, որը հրահրում են ոմանք: Ամեն մարդ իրավունք ունի կարծիք հայտնել, գնահատել այս կամ այն երևույթը: Բայց` չվիրավորելով մարդկանց ինքնասիրությունը: Քաղաքական գործիչը` առավել ևս: Շուշանն այսօր Գյումրի է գնում ոչ իբրև քաղաքական գործիչ, այլ երգչուհի: Ուրեմն` պիտի մտահոգվի, որ իր արվեստի երկրպագուները ճիշտ ընկալեն իր ամեն խոսքը: Ինչու չէ, նա պիտի քաղաքացիական կամք ունենա և ներողություն խնդրի գյումրեցիներից: