ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎՍ ՎԵՑ ՇՐՋԱՆ ԿԿՈՐՑՆԻ 


 

Նման կանխատեսում է արել ադրբեջանցի անկախ հրապարակախոս, լրագրող և սցենարիստ Չինգիզ Սուլթանսոյի` «Եթե վաղը պատերազմ սկսվի» հոդվածը, որում ասվում է.

- Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս հողերի վերադարձման ու Ղարաբաղյան հիմնախնդիրն այլ ճանապարհով լուծելու մասին բազմաթիվ ռազմաշունչ հայտարարություններով: Սակայն ես վստահ եմ, որ ամեն ինչ ավարտվում է հենց այդ հայտարարություններով, ինչի մասին արդեն իսկ քանիցս գրել եմ: Ամեն դեպքում մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը պատերազմ է սկսում: Ի՞նչ կլինի: Առաջինն այն է, որ թշնամին պատերազմին պատրաստ է գտնվել, առավել ևս, որ մեր երկրի ղեկավարությունը նրան վաղուց և բաց նախազգուշացրել է այդ մասին: Հակառակորդի մարտական, քաղաքական ու հոգեբանական նախապատրաստությունը կարող է մեզանից ավելի վատը չլինել` թեպետ իշխանությունների PR-ը և բարձրացրած աղմուկը շատ ավելի քիչ է: Նրանց մոտ ավելի քիչ են գողանում, քիչ են ստում, քանի որ ավելի շատ են սիրում իրենց հայրենիքը, իսկ «դեդովշչինան», թեպետ և կա, շատ ավելի քիչ է մեզանից: Կոռուպցիայի մասին ես չեմ էլ ասում: Համեմատեք, թե որքան է նրանց մոտ գրանցվող փոխհրաձգության, սպանությունների և բանակային «ինքնասպանությունների» դեպքերը, և որքան են դրանք մեզ մոտ: Եվ այսպես` պատերազմը սկսվեց: Հետ մղելով չափազանցված գովազդված առաջին հարվածը` հակառակորդը լիովին կարող է անցնել հակահարձակման: Հակառակորդը կարող է պատերազմի առաջին իսկ օրերին գրավել ևս վեց շրջան: Իսկ դա բացառել չի կարելի, քանի որ մեր կոռումպացված ուժայիններն ուժեղ են միայն խոսքերով և հեռուստաէկրաններին: Ցայժմ որքա՞ն զորավարժություն է անցկացրել նրանց բանակը, և որքան` մեր բանակը:

Հիշեք, թե որքան շփոթված ու երկչոտ իրեն դրսևորեց Նավթային ակադեմիա ժամանած ոստիկանությունը, երբ այնտեղ հնչեցին կրակոցներ: Ոստիկանները չէին ցանկանում մուտք գործել շենք: Նրանցից մեկը հեռախոսով պետին զեկուցելիս` վտանգին ընդառաջ չգնալը պատճառաբանեց հետևյալ կերպ. «Այնտեղ կրակում են»:

Բնականաբար, կրակում են և ոչ խաղալիք ատրճանակներից: Կրակոցները լսելուց հետո բանակի մեկ քառորդն իսկույնևեթ կդասալքի:

Երկրորդ քառորդը, ստանալով զենք ու մարտական փամփուշտներ, կոչնչացնի երրորդ քառորդին և այն սպաներին, ովքեր խմել են նրանց արյունը` ծեծի են ենթարկել, բռնաբարել են, գումարներ են շորթել և նվաստացրել են: Իսկ մնացածին թշնամին կարող է հաղթել գործնականում առանց մեկ կրակոցի, եթե նա մի շարք խոստումներ տա Ադրբեջանի բանակին ու ժողովրդին: Այդ խոստումները կարող են լինել` ամենուրեք տիրող կաշառակերությանը վերջ դնելը, կաշառակերներին պատժելը, Սահակաշվիլիի օրինակով ճանապարհային ոստիկանության բարեփոխումը, բենզինի գնի նվազեցումը, ժողովրդավարական, չկեղծված ընտրությունների անցկացումը, թոշակի բարձրացումը, թոշակային տարիքի նվազեցումը, փոքր բիզնեսի զարգացումը, դատական համակարգի բարեփոխումը և այլն: Ադրբեջանցիներից ո՞վ կպատերազմի այդպիսի հակառակորդի դեմ: Անկասկած է, որ ոչ ոք` չհաշված նրանց, ում ձեռնտու է ներկայիս վիճակը, ով սնվում է նավթային խողովակից` օլիգարխները, չինովնիկները ու նրանց ստորադասները, ոստիկանները: Բնականաբար, նրանց քանակը քիչ չէ, բայց արդյո՞ք նրանք կպատերազմեն: Պատերազմի սկսվելուց հետո ընդդիմադիր կուսակցությունները կշարունակեն քննադատել միմյանց: Մի մասը քննադատելու է մյուսին նրա համար, որ համաձայնության է եկել կառավարության հետ` օգտվելով պատերազմից: Իսկ երկրորդ կեսը քննադատելու է առաջինին, որ նա անտարբեր է համազգային շահերի նկատմամբ անգամ այդ պահին:

Մենք ամբողջապես մեջբերեցինք այս հոդվածը, որովհետև առաջին անգամ ադրբեջանական մամուլում հայտնվել է մի վերլուծություն, որի հեղինակն իրատես համարձակությամբ պատկերել է իրականությունը, ցույց տվել միլիարդավոր դոլարներ կլանող ադրբեջանական բանակի իրական դեմքը: Իհարկե, հոդվածագիրը չի անդրադարձել այն անբարո բարքերին, որոնք տիրում են այդ երկրի բանակում: Զինվորների բռնաբարությունների, նրանց անգամ մարմնավաճառության մղող փաստերի մասին նա չի գրում… Իսկ մենք գիտենք այդ ամենը: Ոչ միայն գիտենք: Բազմաթիվ տեսանյութեր ենք դիտել, որոնք պատկերում են ոչ կանոնագրքային հարաբերությունները, հարստացած ադրբեջանական գեներալներին, հղփացած իշխանությանը: Այս հոդվածը մեզ նաև օգնում է հասկանալ, թե ինչու անընդհատ զբաղվելով ռազմատենչ հռետորաբանությամբ, ադրբեջանական իշխանություններն, այնուամենայնիվ, պատերազմ չեն սկսում: Բարոյապես կազմաքանդված ու թույլ բանակը չի կարող ելնել տարածաշրջանի ամենահզոր բանակի դեմ...