Արևածաղիկ կեղևազրկողները


Արևածաղկի, դդումի, ձմերուկի սերմերը բոլորն են սիրում: Դժվար թե գտնվի մեկը, ով չի գայթակղվել արևածաղկի ախորժալի սերմերով: Որքանով է օգտակար ու որքան վնասակար` չրթելը: Ատամնաբույժները փաստում են, որ իրենց այցելուների 30 տոկոսի ատամների ցավերն ու սևացումը հենց արևածաղկի սերմերի պատճառով են: Սակայն, ատամները վնասելով հանդերձ, դրանք նաև օգտակար են: Մասնավորապես. * Սերմերը հարուստ են բուսական յուղերով, վիտամիններով` A, D, E: Փոքրիկ, սպիտակ հատիկերը մանրատարրերի գանձարանից են` ցինկ, ֆտոր, յոդ, կալցիում, երկաթ: * Սերմերը համարվում են աթերոսկլերոզի, կաթվածի, սրտամկանի և սրտանոթային այլ հիվանդությունների կանխարգելիչ միջոց, ինչպես նաև օգնում են լյարդի և միզուղիների հիվանդությունների բուժմանը: * Արևածաղկի սերմերն օգտակար նյութերի քանակով շատ նման են սերմերի մյուս տեսակներին: Բայցև տարբերվում են նրանով, որ պարունակում են ֆտորաթթու և վիտամին B6: * Հոգեբանները հաստատում են, որ արևածաղկի սերմերը, իսկ ավելի ճիշտ դրանք ուտելու ընթացքը, շատ օգտակար է` նյարդերը հանգստացնելու համար. երբ նյարդայնացած ես, ուզում ես, որ ձեռքերդ ինչ¬որ բանով զբաղված լինեն, դրա համար էլ սերմերն օգնում են լիցքաթափվել և շեղել ուշադրությունը: Ինչ վերաբերում է վնասներին, ապա` * Եթե ուզում եք նիհարել` սերմեր մի կերեք: Արևածաղկի 100 գ սերմը 520 կկալ է պարունակում: Այսինքն` կես բաժակ սերմը հավասար է 2 չափաբաժին եփած բրնձի կամ շոկոլադի մի սալիկի, 1 բաժակը հավասար է կես բատոն հացի կամ խոզի խորովածի մեկ չափաբաժնի: * Բովելիս սերմերի մեջ պարունակող օգտակար նյութերի մեծ մասը քայքայվում է: * Սերմերը բացասաբար են ազդում ձայնալարերի վրա: Դրանք վնասակար են երգիչների համար. կոկորդն ասես քերվում է, և բարձր երգել չեն կարողանում: Մի խոսքով, արևածաղկի սերմերը և´ օգտակար են, և´ վնասակար: Բայց միևնույն է, մեր երիտասարդները երբեք չեն հրաժարվի չրթել սերմեր, մանավանդ` փողոցում, այգիներում, դպրոցում, բուհերում: Այդ երևույթի արտաքին կողմի զազրելիությունն էլ թողնենք մայթերին արևածաղկի սերմերի կեղևներով «գորգեր» նկարողների ճաշակին ու խղճին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ