Բայց ինչո՞ւ հենց սոխ կամ եգիպտացորեն


Մենք կծիծաղենք, իհարկե: Բայց Ամերիկյան ֆերմերների ֆեդերացիայի նյույորքյան բաժինը նահանգի խորհրդանիշ բանջարեղենն ընտրելու մրցույթ է հայտարարել (այդ մասին տեղեկացվել է կազմակերպության պաշտոնական կայքում): Ու ծայր է առել շատ լուրջ բանավեճ, որին մասնակցում են նույնիսկ նյույորքցի սենատորները: Դեմոկրատ Դևիդ Կառլուչին առաջարկել է նահանգի «գլխավոր բանջարեղեն» տիտղոսը շնորհել սոխին, որն աճեցվում է շատ մարզերում: Նրա համոզմամբ` նյույորք յան սոխն արժանի է խորհրդանշական բանջարեղեն կոչմանը, որովհետև տեղացի ֆերմերները` մեծ սիրով են վերաբերվում դրան, իսկ խոհարարները գնահատում են սոխի համային բարձր հատկանիշները: Ճիշտ հակառակ կարծիքի է Հանրապետական¬սենատոր Մայքլ Նոցոլիուն. նահանգի գլխավոր բանջարեղեն պետք է ճանաչվի քաղցր եգիպտացորենը: Այս տեսակետը պաշտպանել է նրա գործընկեր Տիմոտի Քենեդին` փաստարկելով, թե բոլոր նյույորքցիք շատ սիրում ու ամեն օր եգիպտացորեն են ուտում, մինչդեռ սոխը ոչ միշտ է օգտագործվում: Նրբանկատ Քենեդին կարևոր է համարել նաև ընդգծել, որ սոխի դեմ ինքը ոչինչ չունի, բայց եգիպտացորենն ավելի հարմար թեկնածու է: Առցանցով նույնիսկ քվեարկություն է հայտարարվել… Երանի˜ բոլոր բանավեճերն այսքան անվտանգ ու զվարճալի լինեին: Բայց հետաքրքիր է` Նյու¬Յորքում ուրիշ բանջերեղեն չե՞ն սիրում, թե՞ ոչ մեկը գլխի չի ընկել` խորհրդանիշի գոնե 3¬րդ «թեկնածու» առաջադրել. դիցուք` կարտոֆիլը, գազարը, լոլիկ¬վարունգը: Գուցե ուրիշ սենատորներ էլ մասնակցեին բանավեճին: