Զգո´ւյշ, աղանդ է Ճշմարիտ Աստված միակն է


Վաթսունամյա Արևիկ Հովակիմյանն այն բազմաթիվ քաղաքացիներից մեկն է, ով պատահական ու ակամա «վարակվել» էր աղանդավորություն կոչվող ախտով: Նա նաև այն եզակիներից է, ով ի վերջո դարձի է եկել: - Ե՞րբ և ինչպե՞ս հայտնվեցիք այդ ճահճի մեջ: - Մի 10 տարի առաջ էր: Աղջկաս հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ. ավտովթարի զոհ դարձավ: Ընտանիքով խելագարվում էինք վշտից, չէինք համակերպվում մտքի հետ, որ Սոնաս էլ չկա… Այնքան խորն էինք սգում, որ մի ընթացք ես ու ամուսինս կարծես մեկուսացած լինեինք աշխարհից, մարդկանցից: Մի անգամ բարեկամուհիս ինչ-որ անծանոթ կանանց հետ մեր տուն հյուր եկավ: Սկզբում զրուցում էին կենցաղային, առօրեական թեմաներից, հետո սկսեցին դստերս մասին խոսել, մահվան, դրախտի: Ու խոսակցությունն այնպես պտտվեց, որ սկսեցին համոզել, թե Սոնաս չի մահացել, մեկ այլ աշխարհում է, և երբ ես հոգեպես ինչ-որ հասուն մակարդակի լինեմ, կկարողանամ տեսնել նրան, խոսել հետը: Ինձ գրքեր նվիրեցին, սփոփանքի խոսքեր ասացին ու գնացին: Այդպիսի հեքիաթների երբեք չեմ հավատացել. ուրիշ կյանք, ուրիշ աշխարհ, բայց այնքան մեծ էր աղջկաս գոնե մեկ անգամ տեսնելու ցանկությունս… Գոնե մի անգամ… Այդպիսով էլ սկսվեց դժոխքը: - Ինչո՞վ էիք զբաղվում այդ մոլորյալների հետ: - Ահհհ, զարմանում եմ, հասուն կին էի, այն էլ` մանկավարժ. ինչպե՞ս կարողացա դրանց խելքին ընկնել: Հատուկ ժողովների տեղ ունեին, մի 30 հոգի կլինեին բոլորով` «քույրերով» ու «եղբայրներով»: Փոքրիկ երեխաներից սկսած բերում էին իրենց հետ: Աղոթում էինք, երգում էինք, մեր ընտանիքներից ու մյուս «մոլորյալներից» խոսում, սակայն` իսկական հավատացյալներից: Ամեն ամիս հատուկ ժողով էր գումարվում, որի ընթացքում ծրագրի պես մի բան էին մշակում, թե ինչ արդյունավետ եղանակով իրականացնեն հոգեորսությունը` «հոգիների փրկությունը»: Ժամանակն անցնում էր, աղջկաս այդպես էլ չէի տեսնում: Կարծես թմբիրի մեջ լինեի: Նրանք էլ անընդհատ համոզում էին` «շուտով, շուտով», «դեռ ժամանակը չէ» և այլն: - Այդ ընթացքում ինչպիսի՞ ինքնազգացողություն ունեիք: - Ճիշտն ասած` տարօրինակ երևույթներ էին հետս կատարվում: Անընդհատ գլխացավեր էի ունենում, գիշերները չէի քնում, տնեցիների հանդեպ նյարդային էի դարձել: Անգամ մի ընթացք կարծում էի` բացի «քույր-եղբայրներիցս»` ուրիշ ոչ ոք իմ լավը չի ուզում, մի տեսակ թշնամացել էի մյուսների հանդեպ: - Ինչպե՞ս պատահեց, որ դարձի եկաք: - Աստծո զորությամբ` ճշմարիտ ու միակ մեր Աստծո: Հետաքրքիր մի բան կատարվեց հետս: Գիշերը երազումս աղջկաս տեսա: Ձեռքին եկեղեցու նկար կար, ես փորձում էի իր հետ խոսել, բայց նա լռում էր ու անընդհատ այդ եկեղեցին էր մատնացույց անում, այդպես էլ հետս չխոսեց: Այնքան ազդու երազ էր. լացելով եմ արթնացել: Հենց նույն առավոտ շտապեցի նկարում պատկերված եկեղեցին: Անկեղծ եմ ասում, կարծես Անառակ որդու վերադարձը լիներ: Մասնակցեցի ժամերգությանը, զրուցեցի հոգևորականի հետ ու հետզհետե աչքերս բացվել սկսեցին: Հասկացա, որ ուղիղ մեկ տարի մղձավանջի մեջ եմ եղել, մոլորության ու ստի մեջ: Ի դեպ, ասեմ, որ դրանից մի քանի ամիս հետո աղջկաս կրկին տեսա երազումս: Այնքան խաղաղ ու զվարթ տեսք ուներ, խոսեց հետս: - Իսկ այժմ Քրիստոնեությունն ի՞նչ է Ձեզ համար: - Միակ խաղաղությունն է իմ, միակ հույսն ու օգնականը: Այն ինձ առողջացրեց, որովհետև հիմա եմ ավելի լավ հասկանում, թե ինչ մեծ խավարի մեջ էի ու դեռ ինչ էր ինձ սպասվում: Աստված է լույսի միակ ճանապարհը ցույց տվողը: Ես ամեն կիրակի եկեղեցի եմ հաճախում ու ամեն րոպե մտքումս կրկնում` «Փառք քեզ, Աստված»: Եթե միայն այլադավանության «զոհերը» միշտ այսպես «գտնեին իրենց»… Ցավոք, այսօր քչերին է այսպիսի հաղթանակ հաջողվում: Գուցե վերջերս դարձի չգալու համար բարենպաստ պայմաններն են ավելացել: Բայց, համենայնդեպս, մի բան հարկ է չմոռանալ. մենք ենք մեր հավատքի տերերն ու նաև պահապանները: Եկեղեցին ճշմարիտ հավատացյալներով է ազդեցիկ: Եվ յուրաքանչյուրիս պարտքն է ներդրում ունենալ մարդկային ընկալումներում` Քրիստոնեության անաղարտության պահպանման գործում:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ