ՀՈԳՈՒ ԹՌԻՉՔ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ


ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ իրավամբ աշխարհահռչակ երաժիշտ է, դաշնակահարուհի, ում անունը հայտնի է բազմաթիվ երկրներում: Նա մի ողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ է, ազգային կատարողական դպրոցի մեծագույն ներկայացուցիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր. ահա նշանավոր կատարողի պարգևների և տիտղոսների ոչ լրիվ ցանկը, որը կենսագրությունն ամփոփող մի շրջանակ է: - Չեմ թաքցնում, որ զարմանքի ու հրճվանքի պահ եմ ապրում` Ձեզ հետ հանդիպելիս: Կդժվարանայի պատկերացնել, որ առիթ կունենամ հանդիպելու մի անհատականության հետ, ով հատկապես 1960-80-ական թվականներին աշխարհի ցանկացած նշանավոր համերգասրահի սպասված հյուրն էր… Հիմա համերգներով քիչ եք հանդես գալիս, նոր սերունդը կարծես թե Ձեզ միայն պատմական կերպար է պատկերացնում: Ինչու՞: - Ամեն արվեստագետ իր ժամանակն ունի: Այդ ժամանակն ինքն է ձևավորում և հանձնում պատմությանը: Ես իմ համերգային գործունեությունը սկսեցի դեռևս ուսանողական տարիներին և շարունակում եմ մինչև հիմա` վերջին շրջանում ավելի քիչ հանդես գալով հրապարակային համերգներով: Ես ձեր նշած ժամանակամիջոցում ավարտեցի իմ գործունեության մի շրջանը, որը միավորվեց մեր ազգային արվեստի զարթոնքին: Հպարտ եմ, որ այդ ժամանակի մեջ ես հիշվում եմ: Ինչ վերաբերում է նոր սերնդին, ապա նրա արժեհամակարգերն այլ են, այլ են նրա մոտեցումները և ընկալումները: Չեմ մեղադրում և չեմ դատապարտում: Բայց սերունդը միատարր չէ: Հատկապես` մեր երկրի սահմաններից դուրս: Շատ երկրներում կարող եք հանդիպել խանդավառ երիտասարդության, որը լսում է դաշնամուրային երաժշտություն, շտապում համերգների: - Մենք հաճախ ենք խոսում արժեհամակարգերի փոփոխության մասին: Բայց չէ՞ որ դասական արվեստը, որի քարոզչության ջատագովներից մեկն էլ Դուք եք, բոլոր ժամանակների համար է: - Համաձայն եմ, որ համաշխարհային երաժշտության դասականները ժամանակ չեն ճանաչում, նրանք անցնում են բոլոր տարածությունների միջով: Սակայն փոփոխվում են մոտեցումները, փոխվում են դաստիարակության ձևերը: Ինչպե՞ս ենք դաստիարակում, ի՞նչն ենք արժևորում: Ահա կարևորը: Եթե այսօր հանրակրթության ասպարեզում չափազանց անտարբեր վերաբերմունք կա երաժշտական դաստիարակության նկատմամբ, եթե նվազում է երաժշտական դպրոցներ հաճախողների թիվը, ապա, իսկապես, ինչ-որ լուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին պետք է խոսել ոչ թե հռետորական հարցադրումներով, այլ` թափանցումներով և ուսումնասիրութ յուններով: Զարմանալի բան է. Երևանի պետական կոնսերվատորիան տասնամյակներ շարունակ պարզապես գրոհվել է դիմորդների կողմից, իսկ այսօր թափուր տեղեր են առաջանում… Ուրեմն, շատ լուրջ խնդիրներ են ձևավորվում: - Գուցե շատերի մեջ ձևավորվող կոմֆորմի՞զմն է պատճառը: - Ինչ անուն էլ տանք, միևնույն է, խնդիրները մնում են առկա: Թե´ աշխարհում, թե´ մեզ մոտ լուրջ սոցիալական կերպարանափոխություններ են տեղի ունեցել, մարդու գիտակցության մեջ ներկա են դարձել նոր դիրքավորումները: Դարաշրջանն է բերել ու հաստատել մի շարք միտումներ, որոնք առաջ են գնում` այդպես էլ մեր կողմից չգնահատվելով: Մենք պետք է ուշադրությամբ հետևեինք գործընթացներին, հետազոտեինք դրանք և գտնեինք կողմնորոշումների ուղիները: Չե´նք արել: Սոցիոլոգիա գիտություն կա, որի խնդիրները շատ ավելի համընդգրկուն են, քան կարող էինք պատկերացնել: Անընդհատ տրտնջալով և բողոքելով` հարցեր չենք լուծի: Պետք է խորքով ամեն ինչ ընկալել և բացատրել: - Չե՞ք կարծում, որ այդ հետևողականության բացակայության պատճառով էլ այսօր ճանապարհ ենք բացել ոչ բարձրարժեք երաժշտությանը: - Ոչ բարձրարժեք երաժշտությունը միշտ էլ իր համար ուղիներ է փնտրել: Երբեմն գտել է, երբեմն էլ հանդիպել դիմակայության: Երբ նրան հակադրել ենք բարձրը, վեհը` հանրությունը գիտակցել է, որ սա է ճշմարիտը: Բայց երբ չենք հակադրում, չենք իմաստավորում այդ բարձր արվեստը` հանրությունը ստիպված է իր պահանջարկի բավարարման համար ընդունելի համարել այն, ինչը դյուրընկալելի է: Ես, ի դեպ, նկատի չունեմ ժամանակակից «թեթև ժանրը»: Այն միշտ էլ պահանջարկ ունի. հատկապես երիտասարդությունը ձգտում է ակտիվ ռիթմերի: Տարբեր ոճերի և դասականի միջև ոչ թե պետք է պատերազմ հրահրել, այլ դրանց ընթացքին հաղորդել ներդաշնակություն` բավարարելով բոլորի պահանջները: Եթե սերունդը գերադասում է ժամանակակից ռիթմերը, ապա նրան չպետք է քննադատել, այլ այդ ռիթմերի կողքին պայմաններ ստեղծել` նաև դասականի մասին պատկերացում ձևավորելու համար: - Երևանում դասական երաժշտության համերգների թիվը քիչ չէ, իսկ մարզերում` գրեթե ամայություն է: - Իրավացի եք: Ես սերտ կապեր ունեմ մեր մի շարք մարզերի հետ, վերջին շրջանում եղել եմ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում… Վիճակն, իհարկե, այնքան էլ անմխիթար չէ որովհետև, երբ դասական երաժշտության համերգներ են լինում` ունկնդիրների բավարար քանակ ապահովվում է: Պարզապես այստեղ էլ պետք է համակարգ ված և սրտացավ վերաբերմունք դրսևորել: - Ինչպե՞ս է ապրում այսօր համաշխարհային մեծության արվեստագետը` Հայաստանում: - Չեմ սիրում այդ մեծադղորդ բնութագրումները: Ես պարզ ու սովորական մարդ եմ, պարզ ու սովորական հայաստանցի: Ապրում եմ այնպես, ինչպես` շատերը: Ինձ նվիրել եմ իմ սիրած գործին, իմ ուսանողներին, իմ համերգներին: Սոցիալական դժվարություններն ինձ էլ են անհանգստացնում, սակայն ես իմ կենցաղում ժուժկալ եմ, աշխատում եմ քչի մեջ շատը տեսնել: Ապրում եմ երաժշտությամբ, որովհետև մարդկային հոգու թռիչքը երաժշտության մեջ է: Երաժշտությունից վեհ բան չկա ինձ համար, այդ պատճառով էլ շատ դժվարություններ ուզում եմ չնկատել: Հայաստանն, իհարկե, դժվար օրեր է ապրում, սակայն առավել դժվար ժամանակները մնացել են պատմութ յան էջերում: Պարզապես պետք է հավատալ ու առաջ գնալ: Ոչ ոք մեզ բարեկեցություն չի նվիրելու: Ինքներս ենք այն ստեղծելու... - Շնորհակալություն զրույցի համար: Ես ուզում էի մտերմիկ հարցեր էլ տալ, սակայն մեր թերթի ընձեռած հնարավորությունները շատ չեն: Մեկ այլ առիթով` գուցե ավելի «երկրային» հարցերի մասին զրուցենք: - Իմ ողջույնները հաղորդեք ձեր թերթի ընթերցողներին…