Ինչպե՞ս չհպարտանանք


Մեր բանակի կազմավորումից ի վեր միշտ նրա կողքին, երկար տարիներ նաև Խորհրդային բանակի կազմում` հարուստ և իսկական զինվորականին վայել կենսագրություն է հյուսել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական, գեներալ¬լեյտենանտ Մուրազ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Մարդ, ում ջանքերն ու ծառայություններն անգնահատելի են` մեր պաշտպանական կառույցի կայացման, բանակաշինության գործում: Այսօր թեև վաստակած հանգստի է անցել, բայց նույն եռանդով դեռ Զինված ուժերում է: Իր իսկ խոսքերով` այլ կերպ անհնար է: Ծնվել է 1943 թ., Ղափանի շրջանի Ներքին Խոտանան գյուղում: Պատերազմի դաժան տարիները համընկան նրա մանկության հետ: Շատ երեխաների պես նա էլ տեսավ դրա սարսափն ու արհավիրքները ու շատերի նման որբացավ: 6 օրական էր, երբ հայրը մեկնեց ռազմաճակատ և այլևս չվերադարձավ: Ավագ եղբայրը` Իշխանը, ևս կռվի դաշտում էր: Երբ նրան նամակով տեղեկացրին, որ եղբայր է ծնվել, խորհուրդ տվեց անունը դնել Մուրազ, որ եթե նույնիսկ իրենք իրենց մուրազին չհասնեն, գոնե եղբայրը հասնի: Մայրը հաճախ էր պատմում թուրքերի վայրագությունների մասին, և երեխայի հոգին փոթորկվում էր, երազում էր մեծանալ ու պապի պես պաշտպանել հայրենիքը: (Մորական պապը Նժդեհի զինվորն է եղել): Թբիլիսիի զինվորական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայությունն սկսել է Հեռավոր Արևելքի Պրիմորսկի երկրամասում, ապա Լեհաստանում: 1974 թ. ընդունվել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, որից հետո ծառայությունը շարունակել է ԽՍՀՄ տարբեր վայրերում: 1992 թ., երբ վտանգված էր մեր հայրենիքը, նա վերադարձավ և ձեռնամուխ եղավ հայրենի Զանգեզուրի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Մասնակցել է նաև Լաչինի միջանցքի ազատագրմանը: 2008¬ից գեներալ-լեյտանանտ Մ. Սարգսյանը Պաշտպանության նախարարի խորհրդականն է: - Ինչպիսի՞ն է հայ զինվորի նկարագիրը: - Զինվորն, առաջին հերթին, ոչ թե անհատ է, այլ մեր ժողովրդի ամենաթանկ մասնիկը, քանի որ ընդամենը 18-20 տարեկան է: Այսօր մեր ազգը, պետությունը ճանաչվում, գնահատվում է նաև շնորհիվ բանակի, ուր ծառայում է ժողովրդի ծոցից ելած հայրենյաց պաշտպանը: Այստեղ նա հասունանում է թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես և իր հմտություններով կարող է ծառայել ժողովրդին, պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում` պատրաստ է նույնիսկ զոհաբերել կյանքը` հանուն Հայրենիքի, հանուն մեր Եռագույնի, Եկեղեցու և Մշակույթի: Հայ զինվորը միշտ աչքի է ընկել իր խիզախությամբ: 1992 թ. ես պատերազմի դաշտում տեսել եմ, թե 18 տարեկան տղաները ֆիդայիների հետ մեկտեղ ինչպիսի անձնազոհությամբ են կռվում: Սեպտեմբեր¬հոկտեմբեր ամիսներին Լաչինի միջանցքի ազատագրման դաժան մարտերի ժամանակ 18 տարեկան մի տղա ունեինք` առաջին գծում կանգնած: Հայրը եկել էր որդուն տեսության: Կարգադրեցի երեկոյան տղային ուղարկել, որ հանդիպեն, բայց մի ժամ չանցած` զեկուցեցին, որ զոհվել է… Նա իսկական հերոս էր և շատերն էին նրա նման հերոս: Իմ ցանկությունն է, որ հնարավորության դեպքում Բերձորի (Լաչին) սարի գագաթին կանգնեցվի զինվորի և ֆիդայու միաձույլ արձանը, ու նաև պատկերվեն այն բոլոր զինատեսակները, որ կիրառվել են տարածքի ազատագրման ժամանակ: Մերօրյա հերոսներ էլ կան: Այն զինվորները, որ կանգնած են սահմանում, բոլորը հերոսներ են: Ազգը պիտի սիրի նրանց: 30 տարի ծառայել եմ Խորհրդային բանակում, շփվել եմ տարբեր ազգությունների հետ: Մեր զինվորի ընդունակությունը ոչ ոք չունի: Նրա նման գերազանց մասնագետ չկա: Պետք է սատար կանգնենք մեր բանակին, միասնական լինենք: Եթե մի բակում կամ գյուղում մարդիկ համախմբված են, այնտեղ կռիվ, գողություն չկա, իսկ հակառակ դեպքում դրանք անխուսափելի են: Մենք պետք է միասնական լինենք: Այդպես ավելի ուժեղ ենք: 1992 թ. եկել եմ Հայաստան, մինչ օրս ծառայում եմ: Որդիս ևս նույն ուղին է ընտրել, Հայոց բանակի գնդապետ է: Մի քանի տարի առաջ անցել եմ կենսաթոշակի, բայց շարունակում են ծառայել: Այլ կերպ չեմ կարող: Եթե մի մեծ ծառի փորձեն պատվաստ անել, կհաջողվի՞: Իհարկե` ոչ: Ես սովոր եմ ծառայել. ես զինվոր եմ: Մենք բոլորս` շարքայինից մինչև գերագույն գլխավոր հրամանատար, զինվոր ենք և պարտավոր ենք ազգովի ծառայել մեր հայրենիքին: - Դուք երկար ուղի եք անցել մեր բանակի կազմում: Ժամանակի ընթացքում ի՞նչն է փոխվել: Ի՞նչ տարբերություններ կան: - Բարեփոխումների արդյունքում շատ բան է փոխվել, կատարելագործվել: Մեր նախարարն ամեն ինչ անում է, որպեսզի բանակն ու ժողովուրդը միասնական լինեն, որպեսզի հասարակությունը տեսնի, հասկանա, որ բանակն իրենն է ու հարազատի նման վերաբերվի` սիրով ու խնամքով: Ամեն ինչ արմատապես փոխվել է: Սպառազինությունը համալրվում է նոր տեխնիկայով: Օրեցօր բարելավվում են թե´ սպայակազմի, թե´ զինվորի կենցաղային պայմանները, սնունդը: Ոչ մի բանակ այնպես չի կերակրում իր զինվորին, ինչպես մերը: Ես շատ երկրներում եմ զորավարժությունների մասնակցել և համոզվել եմ դրանում: Մեր զինվորն այսօր խնդիրներ չունի: Պետք է միայն կարգին ծառայի, հետևի կանոնադրական պահանջներին, պահպանի անվտանգության կանոնները, ժամանակին և ճշգրիտ կատարի հրամանատարների կարգադրությունները: Որպես դրական տեղաշարժ, նշեմ այն փաստը, որ ունենք կիրթ սպայակազմ, նաև` գիտակից, հայրենասեր ու գերազանց հայրենիքի պաշտպան: Ունենք հզոր բանակ, ինչպե՞ս չհպարտանանք: - Մեր բանակը կայացած, ժամանակին համընթաց կատարելագործվող ու նաև գնահատված կառույց է, բայց, այնուամենայնիվ, հասարակության մեջ կա մի հատված, որ մշտապես դժգոհ է: Որո՞նք են դրանք ծնող պատճառները: - Ընդհանրապես, ժողովուրդը պետք է սիրի, փառաբանի իր բանակը: Նրա շուրջ տհաճ խոսակցությունները պետք է բացառվեն: Լինում են դժբախտ պատահարներ: Բայց ո՞վ է մեղավոր: Բոլո´րս: Երեխան ինչ տեսնում` սովորում է և վատ բարքերն իր հետ փոխանցում բանակ: Ո՞ր հրամանատարը կցանկանա, որ իր զինվորը զոհվի… Հաճախ մահվան ելքով դեպքերը տեղի են ունենում անվտանգության կանոններին չհետևելու պատճառով, չնայած` դրանք շատ հստակ բացատրվում են զինվորին: Նա գիտի, որ խրամատում պետք է կուզեկուզ քայլի և այլն: Հանգամանորեն նրան սովորեցվում է ամեն ինչ` ամենայն մանրամասնությամբ: Այլ կերպ չի կարող լինել: Գիշեր¬ցերեկ հսկում են, բայց յուրաքանչյուր վայրկյանը վերահսկել հնարավոր չէ: Դժբախտ պատահարներ լինում են: Նախարարը և հրամանատարները պակաս չեն տառապում յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում: Մամուլի դեմ ոչինչ չունեմ, բայց այդպես չի կարելի: Ումից ինչ լսում, գրում են` առանց փաստերը ստուգելու: Հաճախ կեղծ տեղեկատվություն են տարածում: Եթե փաստեր կան և եթե անգամ դրանք համապատասխանում են իրականությանը, պետք է պատասխանատվությամբ վերաբերվել, մտածել` արժե՞ արդյոք գրել ու մանավանդ` չարախնդորեն մեկնաբանել: Միգուցե պետք չէ բարձրաձայնել` ոչ թե թաքցնելով ժողովրդից, այլ հակառակորդին չուրախացնելու համար: Եվ, իհարկե, խուճապ չտարածել: Որևէ բան հրատարակելուց առաջ պետք է մտածել, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ: Հաճախ ատելություն է սերմանվում սպաների նկատմամբ: Սևացնում են մարդկանց, ովքեր ծառայել ու ծառայում են հայրենիքին: - Հաճախ ենք լսում, որ երիտասարդներն ու նրանց ծնողներն ուղիներ են փնտրում ամեն կերպ ծառայությունից խուսափելու համար: Ի՞նչ կասեիք նրանց: - Տարիներ առաջ ծառայությունից խուսափողներն ավելի շատ էին: Նրանց թիվը կրճատվել է: Բայց, այնուամենայնիվ, դեպքեր կան: Ով լքել է երկիրը, պետք է վերադառնա և մասնակցի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Իրենց զավակներին փախցնողներն ինչպե՞ս են մտածում: Ոչ ոք հավերժ չէ: Գործն է մնում: Ինչո՞ւ ուրեմն չմտածել ապագայի մասին: Վաղը, երբ նրանց զավակը վերադառնա, ի՞նչ են ասելու ընկերները. արհամարհելո´ւ են: Ով լքում է հայրենիքը` ծառայությունից խուսափելու համար, դավաճան է: Առաջին հերթին նրա ծնողն է դավաճան ու զավակին էլ այդպես է դաստիարակում: Մինչդեռ ծառայությունը պատանուն դարձնում է տղամարդ, կոփում է: Այստեղ ծնողի հանդեպ սերը դառնում է ավելի հասուն, որից էլ ծնվում է հայրենասիրությունը: Վերջապես տղան կյանքի փորձ, ինքնուրույնություն է ձեռք բերում, կատարելագործվում, տիրապետում հայրենիքի պաշտպանի «մասնագիտությանը», դառնում գիտակից ու հասուն մարդ: Իսկ այդպիսի ծնողներն իրենց երեխային զրկում են այս որակներից: Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ խաթարել մեր խաղաղությունը, քանի դեռ շարքերում ունենք նվիրյալներ, ովքեր հարկ եղած դեպքում պատրաստ են կանգնել զինվորի կողքին: