ԹԵԿՈՒԶ` ՈՒՇԱՑՈՒՄՈՎ եթե ճիշտ է


Անցյալ շաբաթ Ստրասբուրգում Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց մի Բանաձև` «Եվրոպական հարևանության քաղաքականության ամփոփում»: Այդ փաստաթղթի 48-րդ կետով համաշխարհային հանրությանը, պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ է արվում` «հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները և նորարարական մոտեցումները, շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների և հասարակությունների հետ` քաղաքացիական, մշակութային ու տեղական համայնքի հետ երկխոսությանն աջակցելու նպատակով»: Ցանկության դեպքում կարելի է հեգնել` մինչև հիմա ո՞ւր էիք: Արդեն քանի˜ տասնամյակ նույն Եվրախորհրդարանը բութ համառությամբ չտեսնելու էր տալիս այսպես կոչված չճանաչված պետությունները: Չճանաչվածներից կոնկրետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ամեն կերպ ձգտել է ինտեգրվել միջազգային կառույցներին, սեփական իշխանությունների ընտրությունների ժամանակ այդ կառույցներից, տվյալ դեպքում` նաև Եվրախորհրդարանից, դիտորդներ է հրավիրել: Չեն եկել: Եթե գային, անշուշտ, կհամոզվեին, որ ԼՂՀ-ն իր ժողովրդավարական զարգացման մակարդակով շատ ու շատ առաջ է անցել բռնակալ և ամենևին էլ ոչ ժողովրդավարական Ադրբեջանից: Կհասկանային, որ թաքնվելով իր «տարածքային ամբողջականության վերականգնման» կարգախոսի տակ` Բաքուն ընդամենը ձգտում է... վերատիրանալ Արցախին: Եվ իրենք իրենց հարց կտային, թե ինչպե՞ս կարելի է հանդուրժել ազերիներից շատ ավելի քաղաքակիրթ արցախահայությանը կրկին օտարի արգահատելի գերիշխանությանը ենթարկելու զառանցանքը: Լավ է ուշ, քան երբեք. Եվրախորհրդարանը վերջապես հասկացավ, որ չճանաչված պետություններն, այնուամենայնիվ, գոյություն ունե´ն, ժամանակակից քաղաքական իրականության մա´սն են հանդիսանում: Հասկացավ ու հակառակ տոտալիտար ռեժիմների բոլոր հոխորտանքներին, վերջապես, Բանաձև ընդունեց, որի դրույթներին խստորեն հետևելն, անկասկած, կբացառի ուժի կիրառումը կամ կիրառման սպառնալիքը մեր (և ոչ միայն մեր) տարածաշրջանում, ուղի կհարթի չճանաչված պետությունների հետ նորմալ հարաբերութ յուններ հաստատելու համար: Դա, անկասկած, կնպաստի նաև հակամարտությունների քաղաքակիրթ լուծման փնտրտուքին, արդարացի հաշտության կնքմանը: Նկատի ունենք բոլոր հակամարտությունները` արցախյան, մերձդնեստրյան, հյուսիսօսական, աբխազական, կիպրական, կոսովյան... Վստահորեն կարելի է պնդել, որ խնդրո առարկա Բանաձևի ընդունման գործում դրական դերակատարություն են ունեցել բոլոր շահագրգիռ կողմերը` և´ իրենք` «չճանաչվածները», և´ միջազգային ասպարեզներում նրանց արդար դատը պաշտպանողները: Այսինքն, այդ բացառիկ կարևոր փաստաթուղթը կոլեկտիվ ջանքերի արդյունք է: Միջազգային հանրությունը, այդ թվում եվրոպական զանազան կառույցները օրերից մի օր պիտի հասկանային, որ ավելի լավ է գործ ունենալ ըմբոստ ու ինքնահռչակ հանրապետությունների ընտրված ղեկավարների, քան... դաշտային հրամանատարների հետ: Վերջին հաշվով, տվյալ տարածքները ղեկավարում են իրենց իսկ ժողովուրդ ների կողմից ընտրված, նրանց վստահությունը վայելող միանգամայն ժողովրդավարական իշխանությունները, առկա են պետականության բոլոր ատրիբուտները կրող կառույցներ: Այդ թվում` սեփական քաղաքացիական իշխանություններին լիովին ենթակա, նրանց և մի´միայն նրանց հրամանները կատարելու պատրաստ կանոնավոր Բանակի ստորաբաժանումներ: Համենայն դեպս, ԼՂՀ-ն ճիշտ և ճիշտ այդպիսի` միանգամայն կայացած պետություն է, որն անցել է թե´ պարտադրված պատերազմում սեփական անկախությունը պաշտպանելու դաժան քննությունը, թե´ բազմիցս ապացուցել է խաղաղ-ստեղծագործ աշխատանքով ժողովրդավարական պետություն կառուցելու իր կամքն ու կարողությունը: Բանաձևը նաև որոշակի լեգիտիմություն է հաղորդում թե´ ԼՂՀ-ին, թե´ մյուս չճանաչված պետություններին` եթե դրանում առկա վերապահումների մասին լուրերը ստահոդ են:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ