Ղարաբաղյան հակամարտությունն ու Լիբիան


Ըստ ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների` շաբաթ օրը Բաքվում միջմշակութային երկխոսության ֆորումի ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլօղլին հայտարարել է, որ շատ մոտ ապագայում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Նա նաև հավելել է, թե դրան կհաջորդի երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպումը: Ըստ էության, Ադրբեջանը քարոզչական ոլորտում նոր մարտավարություն է որդեգրել: Երբ նմանատիպ հանդիպման մասին այս երկրի արտաքին գերատեսչությունը ղեկավարող Էլմար Մամեդյարովի հայտարարությունն անհայտ պատճառներով այդպես էլ չիրականացավ, Բաքվում որոշեցին, որ այս անգամ այդ նույն տեղեկատվությունը տարածեն Ռուսաստանում իրենց դեսպանի միջոցով: Հավանաբար, Ադրբեջանի ղեկավարները կարծում են, թե այդպիսով կհաջողվի մոռացության մատնել, որ իրենց կողմից է խախտվել արտգործնախարարների հանդիպման մասին եռակողմ պայմանավորվածությունը: Չի բացառվում, որ այդ կերպ ադրբեջանցիները նաև փորձում են ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ մյուս երկրների ղեկավարների մոտ պարզ անել Դմիտրի Մեդվեդևի երեսը. չէ՞ որ պայմանավորված հանդիպմանն իրենց չներկայանալու պատճառով Ռուսաստանի և նրա նախագահի վարկանիշը զգալիորեն կարող է տուժել: Եվ սա այն պարագայում, երբ Մոսկվան Ստեփանակերտ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մասին սպառնալիքների առնչությամբ գերադասեց լուռ ու մունջ մնալ, մինչդեռ Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանները շտապեցին անարգանքի սյունին գամել Ադրբեջանին: Իսկ Ստեփանակերտ ուղևորվող հայկական օդանավերի հարցում Ռուսաստանի համրության պատճառների առնչությամբ մնում է ենթադրել, որ մեր ռազմավարական գործընկերն, Ադրբեջանին «սյանը գամելու» գործընթացին չմիանալով, իր համար ոտքի տեղ է թողնում Բաքվի մոտ, որ բան է, թե հաջողի` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման զորքերը տեղակայի ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում: Կարող է հարց առաջանալ, թե իսկապե՞ս ամերիկացիները բավարարվել են Հարավային Կովկասում միայն Վրաստանը վերահսկելով` Ադրբեջան-Հայաստան հատվածը զիջելով ռուսներին: Իրականում խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգներում հնարավոր չհամարելով ներկա փուլում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժ արձանագրելը, կարգավորման նախաձեռնությունն ամբողջությամբ զիջել են Ռուսաստանին, միևնույն ժամանակ պատրաստ լինելով ցանկացած պահի հիշեցնելու, որ Ամերիկան չի հեռացել, և առանց նրա հնարավոր չէ այստեղ լուրջ որոշումներ կայացնել: Թերևս, դրանով է բացատրվում, որ Վաշինգտոնն ակտիվորեն արձագանքում է արաբական աշխարհում ծայր առած հեղափոխությունների շղթայի ֆոնին հատկապես վերջին ժամանակներում ադրբեջանական ընդդիմության ակտիվացմանն ու ժողովրդավարության հարցերում Բաքվի թերացումներին: Նաև, Արևմուտքը խստորեն անհանգստացած է` քանի դեռ ինքը զբաղված է Քադաֆիով, չլինի թե մի անզգույշ շարժումով վառոդի պատրույգը Հարավային Կովկասում գործի դրվի, ու ողջ տարածաշրջանը վերահսկողությունից դուրս գա: Բայց այս դեպքում նույնպես կարող է հարց առաջանալ` ինչու Արևմուտքը միավորվեց հատկապես Լիբիայի դեմ: Մի՞թե Լիբիան, իրոք, ռազմական առումով այդքան հզոր է ու վտանգավոր: Թե՞ ամերիկացիները սխալներ էին թույլ տվել Մերձավոր Արևելքում խաղացվող դրամայի սցենարը կազմելիս, և այն դուրս էր եկել վերահսկողությունից: Իհարկե, ոչ: Խնդիրն այն է, որ դեռևս երկրորդ աշխարհամարտի տարիներին արաբական աշխարհին Արևմուտքը խոստացել էր աջակցել` միավորվելու և մեծ տերություն ստեղծելու հարցում, ինչն իհարկե հետագայում չարվեց: Իսկ այսօր Քադաֆին ձգտում էր հասնել հենց այդ միավորմանը: Ստեղծել, այսպես ասած, համաարաբական քաղաքականություն: Քադաֆին, ըստ երևույթին, հավակնում էր, որ Լիբիան կարող էր միավորել արաբական աշխարհը մեկ` համաարաբական քաղաքականութ յան շուրջ և ստանձնել նրա աշխարհաքաղաքական շահերի առաջնորդությունը: Արաբական աշխարհի ղեկավարները, որ ահռելի կարողությունների տեր էին դարձել նավթ արտահանելու շնորհիվ, հաջողեցնում էին ազդել բոլորի, այդ թվում նաև ուժային կենտրոնների քաղաքականության վրա: Եվ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան որոշել էին իրենց հարաբերությունները արաբական աշխարհի ղեկավարների հետ ավելի կանխատեսելի և կառավարելի հիմքի վրա դնել: Իսկ Լիբիայի վարչակազմը խոչընդտում էր ԱՄՆ-ի և Եվրոպայի լայնածավալ նախագծերի իրականացմանը: Մինչդեռ այդ նախագծի իրականացումն, ըստ ամերիկաեվրոպական հաշվարկների, հավանաբար, կարող է հանգեցնել Եվրոպայի հետ արաբական աշխարհի տնտեսական, մշակութային ինտեգրմանը` վերջ դնելով նաև այդ երկրներից Եվրոպա ներգաղթածների և բնիկների միջև առաջացած մշակութային խնդիրներին ու հին աշխարհամասին սպառնացող ժողովրդագրական աղետին: Այսպիսի լայնածավալ խնդիրներով ծանրաբեռնված Միացյալ Նահանգներն ու Եվրոպան իհարկե կանհանգստանան Հարավային Կովկասում հնարավոր պատերազմի վտանգից: Պատերազմ, որը կարող է ռազմական լոկալ բախումից վերածվել ողջ Մերձավոր Արևելքը կրակի մատնող հրդեհի:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ