Էությամբ` հայ, տեսակով` ասպետ


 

Ժամանակի փորձությամբ հաստատված ճշմարտություն է. որքան ժողովուրդը մոտ է կանգնած իր արմատներին, ավանդույթներին, ազգային արժեհամակարգին, այնքան ավելի հզոր ու անպարտելի է նա: Մատաղ սերնդին բազմադարյա մեր մշակութային արժեքներով դաստիարակելու, ազգայինը կենսակերպ դարձնելու անհրաժեշտությունը լավագույնս գիտակցելով` 2005-ից գործում է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը: Ի սկզբանե նպատակը հստակ էր. ստեղծել հայրենասիրական կազմակերպություններ, ձևավորել հայեցի դաստիարակության կայուն համակարգ:

- Ի սկզբանե սպասելիքները մեծ էին: Կասեմ միայն այսքանը. մենք սկսեցինք փոքրիկ հիմնադրամով, նժդեհիկների ջոկատներով, ապա հեռուստախաղի միջոցով նաև Հանրապետության մարզերից երեխաներ ընտրեցինք: Այսօր արդեն «Հայ ասպետը» ոչ միայն հիմնադրամ ու հեռուստախաղ է, այլև անկախ մեր կամքից, ինքնաբերաբար այն վերածվել է հանրապետական շարժման: Վերջին մեկ ամսվա ընթացքում մարզերից բազմաթիվ կանչեր ենք ստացել: Ոգևորված մեր գործունեությամբ` տարբեր վայրերում նժդեհիկների դասակներ են կազմվել: Այս ամսվանից կսկսենք շրջայցերը մարզեր: Բազմաթիվ հեռանկարներ ունենք: Ուզում ենք դիմել Հանրապետության նախագահին և Կառավարությանը, որպեսզի ձևավորվի հստակ լրացուցիչ կրթության համակարգ` «Հայ ասպետի» օրինակով: Մենք դաստիարակության վրա ենք շեշտը դրել, քանի որ բոլորին է հայտնի` բազմաթիվ ծրագրերով ծանրաբեռնված մեր կրթական համակարգը դուրս մղեց դաստիարակության խնդիրը: Դրա համար լրացուցիչ ուժեր են անհրաժեշտ: Չունենք հստակ մշակված ծրագիր, չունենք հայեցակարգ, թե մեր երիտասարդն ինչպիսին պետք է լինի: Չկա որևէ ուժ, որ դրանով զբաղվի: Կան իհարկե մարդիկ, ովքեր ինչ-որ քայլեր ձեռնարկում են տարբեր վայրերում, բայց նրանց համախմբել է պետք, դարձնել մեկ կազմակեր պություն: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ դա «Հայ ասպետը» լինի: Պարզապես մենք տվեցինք օրինակը և ապացույցը, որ դրա անհրաժեշտությունը կա: Այս խնդիրը եթե վերևից չկարգավորվի, միևնույն է` ներքևից բխելու է: Իսկ հեղեղը կարող է և´ ավերել, և´ շենացնել: Բոցը կարող է շատ արագ հանգչել: Պետությունը պետք է հանդես գա կրակին ցախ ավելացնողի դերում և վառ պահի այդ կրակը:

- Այսօրվա պատանին վաղվա զինվորն է. այս պարագայում ավելի մեծ է ճիշտ դաստիարակության անհրաժեշտությունը:

- Ես բազմիցս ընդվզել եմ` երբ մեղադրում են միայն բանակին և Պաշտպանության նախարարին: Իսկ երիտասարդության, կրթության և գիտության, մշակույթի նախարարները... Չէ՞ որ բանակ գնում է արդեն ձևավորված երիտասարդը: Ի՞նչ էին անում մինչ այդ մյուս նախարարները: Ձևավորե՞լ են նրանք այն երիտասարդին, ով հեշտ կծառայի բանակում: Այսօր երիտասարդության նախարարը կարո՞ղ է հպարտանալ ժամանակակից երիտասարդի կերպարով: Մեզ կտա՞ այն կերպարը, որով մենք կհպարտանանք: Հեշտ է խոսել, երբ գործից հեռու ես: Քանի որ «Հայ ասպետը» փոքրիկ բանակի կառուցվածք ունի, նույնիսկ դասարանները դասակներ են, երբ 100-300 երեխայի արշավ ենք տանում, ես հասկանում եմ` որքան դժվար է սպաների գործը: Մենք Հայոց բանակին պիտի տանք կայացած, ոչ թե խաբուսիկ արժեքներով ապրող երիտասարդ: Արդեն սան ունենք բանակում: Հրամանատարի հետ զրույցի ժամանակ իմացանք, որ նա ամեն օր մեկ ժամ ազգային երգ ու պար է սովորեցնում զինվորներին: Վստահ եմ` երբեք խնդիրներ չի ունենա և իր շրջապատին ևս գույն կտա ու կվերափոխի:

- Զրույցի սկզբում Դուք խոսեցիք նաև «Հայ ասպետին» սպառնացող վտանգների մասին:

- Ամենամեծ վտանգն անտարբերությունն է: Պարադոքս է: Այսքան սեր, հարգանք ժողովրդի կողմից, ոչ միայն Հայաստանում, և այս անտարբերությունը, որը վիրավորական է: «Հայ ասպետը» չպիտի եթեր հեռարձակվի շաբաթը 1 անգամ` ժամը 12-ին, այլ երեկոյան, երբ ավելի մեծ լսարան է դիտում: Դա երեխաների հաղորդում չէ: Մենք երեխաներին միջոց ենք ընտրել, որ նաև մեծահասակները լսեն ու սովորեն: Թող որևէ մեկն ասի, որ այն, ինչ «Հայ ասպետն» է տալիս, ինքը գիտի և իրեն պետք չէ: Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են արտահայտվել, որ խաղից այս կամ այն բանը սովորել են: Սա կարող է ընկալվել որպես բողոք: Այո, սա իմ բողոքն է: Նույնիսկ մտածել եմ անգամ խաղը դադարեցնելու մասին: Պետությունը ֆինանսավորել է խաղը, սակայն միայն ֆինանսավորումը չէ: Մենք գիտենք, թե այսօր ինչ էժանագին սերիալներ ու հաղորդումներ են ցուցադրում` օրը մի քանի անգամ: Հաճախ ասում են սերիալի վարկանիշը բարձր է: Արևածաղիկն էլ ամենաշատն է վաճառվում, բայց թափվում է գետնին: Ողջ Երևանում 1-2 ոսկու շուկա կա, բայց դա չի նշանակում, որ ոսկու վարկանիշն ավելի ցածր է: Ինչպես արևածաղիկ ուտողն է թաքցնում, որ արևածաղիկ է ուտում, անպես էլ այսօր բոլորը սերիալ են նայում, բայց ամաչում են խոստովանել: Որևէ մեկին ցույց տվեք, ով կամաչի ասել, որ «Հայ ասպետ» է նայում: