Մոտիկ հարևանի մասին, որ ...գող էր 


 

Մոտիկ հարևանի և հեռու բարեկամի մասին ասված իմաստուն խոսքը բոլոր ժամանակներում էլ արդիական է, քանզի օրինակներ` որքան ուզեք, և մեկ անգամ չէ, որ համոզվել ենք այդ խոսքերի ճշմարտացիության մեջ:

Ոստիկանության օպերատիվ ամփոփագրերից քաղված այս պատմության պարագայում նույնպես հարևանական կապը թեև տարիների միջով էր անցել, սակայն կյանքը ցույց տվեց, որ կողմերից մեկի մոտ ծածուկ գլուխ էր բարձրացրել ընչաքաղցությունը, որը հետագայում վերաճել էր հանցագործության:

Ապրիլի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայի 50/1 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր են գողացել: Տուժողը ծանոթներ ու մեծ շրջապատ չուներ, և, բնականաբար, կասկածելիների շրջանակը մի քանի ժամում նեղացավ:

Մեկ օր անց ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին այդ ընտանիքին «մոտիկ» համարվող հարևանին` 1986 թ. ծնված Սուրեն Ղ.-ին:

Նա այլընտրանք չուներ և խոստովանեց, որ հարևանի տնից ոսկյա զարդերի գողությունը կատարել է ինքը: Հայտնեց նաև, որ զարդերի մի մասն արդեն հասցրել է վաճառել…

Սուրեն Ղ.-ն ձերբակալված է, և իրավապահների հավաստմամբ` բավականաչափ ժամանակ ունի խորհելու իր արարքների շուրջ, որոնց պատճառով նրանից երես թեքեց նաև հարևանի հավատը...